Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարում է, որ բանակը միայն սահման պահելու համար չէ:
Այսօր լրագրողների հետ զրույցում նա պարզաբանեց, թե ինչ նկատի ունի. «Հստակ օրենքի մեջ, հստակ Սահմանադրության մեջ այդ մասին գրված է: Այսինքն՝ անվտանգության, պաշտպանության եւ սահմանների անվտանգության: Այսինքն, հաստատ, առաջին անվտանգությունն այլ է, սահմանների անվտանգությունը՝ այլ: Այս պահին բառը չեմ հիշում կոնկրետ, բայց այնտեղ անվտանգությունը երկրի արտաքին մարտահրավերներից պաշտպանելուց հստակ տարանջատված է: Դրա համար է, որ նույնիսկ տարերային աղետների ժամանակ թույլատրվում է բանակը ներգրավել: Նաեւ ներքին այս իրավիճակներում է բանակը թույլատրվում ներգրավել միանշանակ՝ Սահմանադրությամբ էլ, օրենքներով էլ, վաղը պարոն Խուդոյանը հերթով կդնի ձեր առաջ»:
Դիտարկմանը, որ բանակը ապաքաղաքական կառույց է՝ Ալումյանն արձագանքեց՝ ոստիկանությունն էլ է ապաքաղաքական կառույց: ՀՔԾ-ն, Վահե Գրիգորյանը հայտարարում են, որ բանակը ներգրավել է քաղաքական գործընթացներում, ինչի իրավունքը չկար, արտակարգ դրությունը վերածել են ռազմական դրության, կրակել են խաղաղ ցուցարարների ուղղությամբ՝ Ալումյանը պատասխանեց. «Հա, իրենք հիմա էդ մտքերի մեջ են: Նախ, այնպես չի, որ խաղաղ ցուցարարների վրա կրակել են: Երկրորդը՝ այդ ցուցարարներին խաղաղ անվանելը չափից ավելի մեծ չափազանցություն կլիներ, էդ կադրերը բոլորդ տեսել եք, թե ինչպես են ամեն ինչ ավիրում: Հետո՝ ոստիկանությունն իրավունք ունի՞ ցույցերը ճնշել, եթե դրանք վերածվում են արդեն զանգվածային անարգությունների: Իհարկե, ունի, բայց ոստիկանությունը ապաքաղաքական կառույց է: Ինչ եմ ուզում ասել՝ այն ցույցերը, որ ոստիկանությունը ցրում է, նույնիսկ եթե այդ ցույցերը կազմակերպել է ինչ-որ քաղաքական ուժ, դա չի նշանակում, որ ոստիկանությունը դրանով խառնվել է քաղաքականությանը: Հավասարապես, եթե ԶՈՒ-ն որեւէ այդ իրավիճակում որեւիցե գործողություն է ձեռնարկել, դա չի նշանակում, որ իրենք խառնվել են քաղաքականությանը, նույն ձեւով, ինչ ոստիկանությունը: Հիմա դուք ինչի՞ չեք ասում, որ Մարտի 1-ին ոստիկանությունը խառնվել է քաղաքականությանը: Ինչո՞ւ իմ կողմից հարգված Վահե Գրիգորյանը, ՀՔԾ-ն չեն ասում, որ ոստիկանությունը խառնվել է քաղաքականությանը, որովհետեւ դա քաղաքականությանը խառնվելու միջամտություն չի, հավասարապես բանակի կողմից էլ, եթե այդ ժամանակ գործողություն է արվել, չի կարող համարվել միջամտություն քաղաքական գործընթացներին»:
Կարդացեք նաև
Երբ ասացին, որ ի տարբերություն բանակի, ոստիկանությունը հասարակական կարգը պահպանելու գործառույթ ունի՝ Ալումյանը պատասխանեց,որ բանակն էլ ռազմավարական օբյեկտները պահպանելու գործում էր ներքաշվել ու հիշեցրեց, թե որտեղ են տեղակայված եղել՝ կամուրջների կողքերը, կառավարության շենքի շուրջ, ԿԲ -ի շենքի շուրջ, Պարոնյան-Լեո խաչմերուկում, որ առաջխաղացումը կանխեին դեպի ԱԺ եւ նախագահի նստավայր:
Մանրամասները՝ տեսանյութում
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ