Ներկայացնում ենք «Մարտի 1-ի» գործով գեներալ-լեյտենանտ, 2008 թվականին ՀՀ ոստիկանապետի ծառայության գծով պետի տեղակալ Սաշա Աֆյանի նախաքննական ցուցմունքը: Մաս 1
Հարց- Խնդրում եմ հնարավորինս մանրամասն ներկայացնել 2008 թվականի փետրվարի 19-ին նախագահական ընտրություններից հետո Երեւան քաղաքում տեղի ունեցած հետընտրական իրադարձությունները եւ դրանցում իրավապահ մարմինների, մասնավորապես՝ ոստիկանության գործողությունները եւ դրանում ձեր դերակատարությունը:
Պատասխան– 2008 թվականի փետրվարի 19-ին նախագահական ընտրություններից հետո Երեւան քաղաքում տեղի էին ունենում հանրահավաքներ, իսկ ոստիկանությունն էլ կատարում էր հասարակական կարգի ապահովումը: Հանրահավաքները տեղի էին ունենում Մատենադարանի եւ Ազատության հրապարակում: Փետրվարի 29ին՝ երեկոյան, Ոստիկանության պետ Հայկ Հարությունյանն իր մոտ խորհրդակցություն էր հրավիրել, որին մասնակցում էին իր բոլոր տեղակալները, համակարգի կենտրոնական մարմինների եւ Երեւան քաղաքի վարչության պետերը:
Խորհրդակցության ընթացքում ոստիկանապետը հայտնել է, որ ԱԱԾ-ից եւ ոստիկանության մի քանի վարչություններից զեկուցագրեր են ստացվել, որ Ազատության հրապարակում հավաքված մարդկանց մոտ զենք-զինամթերք կա, կոնկրետ ինձ վրա դրվել է հասարակական կարգի ապահովումը, իսկ կոնկրետ տեղազննության կատարումը դրվել է օպերատիվ բլոկի վրա, իսկ թե ով է տեղում ղեկավարել միջոցառումը, չեմ հիշում, սակայն կարող եմ ասել, որ բոլոր ղեկավարներն էլ այնտեղ են գտնվել, այսինքն՝ ոստիկանության ՔՀԳ ԿՀԴՊԳ վարչության պետերը: Տեղազննության կատարմանը ներգրավված են եղել 6-րդ վարչության ՔՀԳ վարչության, Երեւան քաղաքի վարչության անձնակազմերը եւ ՊՊԾ գնդի աշխատակիցները՝ ընդհանուր մոտ 450 հոգի ոստիկանության ուժեր: Ժամը 07:00-ին միգուցե մի քանի րոպե անց սկսվել է տեղազննության միջոցառումը:
Կարդացեք նաև
Միջոցառումը սկսելուց առաջ բարձրաձայն հայտարարվել է, որ պետք է տեղազննություն կատարվի, բայց չեմ հիշում, թե կոնկրետ որ խումբն է արել հայտարարությունը: Մինչ այդ ոստիկանությունը կարողանում էր անարգել մտնել Ազատության հրապարակ եւ տեղում տեսնել, թե ինչ է կատարվում հրապարակում, բայց այդ օրը հրապարակում հավաքված ժողովուրդը ագրեսիվ էր տրամադրված եւ իմ կարծիքով, նրանք տեղյակ էին, որ ոստիկանությունը գալու է հրապարակ տեղազննություն կատարելու: Ասեմ նաեւ, որ ոստիկանությունը նպատակ է ունեցել կատարելու միմիայն տեղազննություն եւ որեւէ նպատակ չի ունեցել հետապնդել, դուրս հանել ժողովրդին, սակայն տեղազննություն կատարելու համար անհրաժեշտ էր, որ ժողովուրդն ազատեր տարածքը:
Տեղազննություն սկսելու ժամանակ բախում եղավ ժողովրդի ու ոստիկանության միջեւ, իսկ պատճառն այն էր, որ ժողովուրդը դուրս չէր գալիս տարածքից, անգամ Կարապի լճի մոտ տեղադրված նստարանները պոկել, բերել էին բարիկադներ կառուցել: Ոստիկանությունը, ուժ գործադրելով հանել է ժողովրդին հրապարակից, որ կարողանան տեղազննություն կատարել, դրանից հետո շրջափակել ենք օպերայի տարածքը, որ ժողովուրդը տարածք չմտնի, որի ընթացքում էլ կատարվել է տեղազննություն, որքան տեղյակ եմ, տեղազննության արդյունքներով հայտնաբերվել է զենք-զինամթերք, մետաղյա ձողեր ու մահակներ: Դրանից հետո ոստիկանապետից հրաման եմ ստացել ստուգել՝ արդյոք Մյասնիկյանի արձանի մոտ կուտակումներ կան, թե՝ ոչ:
Անմիջապես իջել եմ Մյասնիկյանի արձանի մոտ, դա կլիներ ժամը 11:00-ի սահմաններում, տեղում նկատել եմ, որ ժողովուրդը հավաքվել է Ֆրանսիայի դեսպանատան մոտ եւ փակել դեպի ցիրկ տանող ճանապարհը, դրանից հետո գնալով ժողովուրդը շատանում էր, սկսվեցին մեր բանակցությունները նրանց լիդերների հետ: Խնդիրը դրված էր, որ առաջարկենք նրանց տեղափոխվել Շենգավիթի հրապարակ կամ Հրազդան ստադիոնի հրապարակ, Սասունցի Դավիթի հրապարակ կամ Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ, սակայն այդ բոլոր առաջարկությունները մերժվեցին, բանակցությունները մեր միջեւ տեւել են մի քանի ժամ, իմ հորդորներից եւ խնդրանքներից հետո Դավիթ Շահնազարյանը եկավ ինձ հետ համաձայնության, որ ժողովրդին տանեն Մատենադարան անգամ ոստիկանական մեքենայի բարձրախոսով դիմել է ժողովրդին դեպի Մատենադարան գնալու համար, եւ պայմանավորվել էինք, որ հանելու էինք բոլոր ոստիկանական ուժերը: Այդ նույն ժամանակ իրավիճակն էր լարված, լինում էին նաեւ ոստիկանների ու ժողովրդի միջեւ հրմշտոցներ: Պայմանավորվածության համաձայն՝ բոլոր ոստիկանական ուժերը հանել եմ, այդ թվում ջրցան մեքենաները, զրահատեխնիկան, բացի քաղաքապետարանի մոտի անձնակազմից, որոնք քաղաքապետարանի շենքի անվտանգությունն էին ապահովում: Դրանից հետո պետք է շարժվեինք Մատենադարան, այդ ժամանակ ինձ է մոտեցել Լեւոն Զուրաբյանը, ասաց՝ ինքն է ՀԱԿ համակարգողը, ինքն է իրավասու ասել՝ ժողովուրդը գնա, թե մնա, ես սկսեցի այդ հարցով բանակցել իր հետ….
Հարց– եթե օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ազատության հրապարակում կարող են լինել մեծ քանակությամբ մահակներ, մետաղյա ձողեր, պայթուցիկ նյութեր, հրազեն, նռնակներ, նման պայմաններում ինչու է ոստիկանությունը միջոցառումն իրականացնելիս եղել անզեն, առանց անհատական պաշտպանական միջոցների:
Պատասխան– Չեմ կարող ասել, մենք զենք չենք ունեցել բացարձակ:
Հարց- Ստացված տեղեկությունների համաձայն՝ ոստիկանությունում կազմակերպվել է օպերատիվ խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել եւ հաստատվել է Ազատության հրապարակում 2008 թվականի մարտի 1-ին իրականացվելիք միջոցառման պլան, այդ ընթացքում օգտագործվող օժանդակ ու հիմնական ուժերի հաշվարկ: Ինչ կասեք այդ կապակցությամբ, ինչ է պլանավորվել իրականացնել:
Պատասխան– Պլանավորվել է միայն տեղազննություն կատարել, իսկ միջոցառման ընթացքում փաստացի տեղի ունեցածը, ինքնաբուխ է կատարվել:
Հարց- Նման պայմաններում խնդրում եմ պարզաբանել, թե ինչու են միջոցառումից հետո զեկուցագրեր ներկայացրած մի շարք ոստիկաններ իրենց զեկուցագրերում նշել, որ ոստիկանական ուժերն Ազատության հրապարակ են գնացել այնտեղից ցուցարարներին հեռացնելու համար:
Պատասխան– Չեմ կարող ասել, թե ինչու են նման զեկուցագրեր ներկայացրել, նպատակը եղել է միայն տեղազննում կատարելը, սակայն, քանի որ ցուցարարները թույլ չտվեցին եւ իրենց կամքով չհեռացան, որ կարողանանք տեղազննում կատարել, ուստի ստացվում է, որ նրանց հարկադրաբար հեռացրինք այնտեղից:
Հարց- Հայտնեք, թե 2008 թվականի մարտի 1-ին ծառայության դուրս եկած ոստիկանական ուժերն ինչ սպառազինություն են ունեցել
Պատասխան- Առավոտյան ոստիկաններն ունեցել են դուբինկա, շիթ ու կասկա, ցերեկն արդեն ունեցել ենք ջրցան մեքենա, փշալար եւ ԲՏՌ զրահատեխնիկաներ: Իսկ արդեն երեկոյան տեղյակ չեմ թե ինչ սպառազինությամբ են զինված եղել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ