Այսօր Մարտի 1-ի գործով նախնական դատական նիստից հետո, որտեղ քննարկվում է ՀՀ սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը, լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը պատասխանեց լրագրողների հարցերին:
Հարցին՝ Արշակ Կարապետյանը, որը ցուցմունք է տվել Քոչարյանի հետ, առերեսվե՞լ է նրա հետ՝ Ալումյանը պատասխանեց. «Չէ, չի առերեսվել, մի հոգով ո՞նց կարող է մարդ առերեսվի»: Հարցին՝ կազմակերպել են, չէ՞ նրանց առերեսումը՝ Ալումյանը պատասխանեց. «Երբ որ առերեսումը սկսվել է, արդեն պարոն Քոչարյանն այնտեղ չի եղել: Արշակ Կարապետյանը առերեսվել է միայնակ, չի եղել պարոն Քոչարյանը, այդ գործողությանը չի ուզել մասնակցի, այնպես չի, որ իրեն այդ հնարավորությունը չեն տվել: Մենք, որպես իրավաբաններ, համարում ենք, որ առերեսում կարող է տեղի ունենալ միայն այն անձանց միջեւ, ովքեր մինչեւ այդ ցուցմունքներ են տվել»:
Լրագրողները հարցրեցին՝ դուք երեկվանից խոսում եք 2008-ի իրադարձություների ժամանակ սադրիչների մասին, որոնք կարեւոր դերակատարություն են ունեցել հետագա գործողություների համար, ձեր՝ պաշտպանական կողմի կասկածները սադրիչների մասով ո՞ւր են տանում, որովհետեւ տարիներ շարունակ ՀԱԿ ներկայացուցիչները պնդել են, որ այդ սադրիչները իրենց հետ կապ չունեն, այսօր էլ Վարդգես Գասպարին նույնը պնդեց՝ Ալումյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ամբողջ կազմը թվարկել…շատերը դատապարտվել, դուրս են եկել արդեն ու ուզում են մոռանալ էդ ամեն ինչը, բայց առանց անուններ ասելու՝ մի քանի բան ասեմ՝ մի՞թե սադրիչ չի այն մարդը, ով լուրեր էր գցել շրջանառության մեջ, իբր թե առավոտյան ոստիկանները 5 տարեկան երեխա են սպանել: Կարո՞ղ է պատահի մեկնումեկի մտքով անցնում է, որ այդ սադրիչն իշխանությունների կողմից ուղարկված սադրիչ էր: Ինչ է, իշխանությունները սադրիչ էին ուղարկել, որ ժողովրդին իր դե՞մ տրամադրեին: Իհարկե՝ ոչ: Իշխանությունը սադրիչ կուղարկի՞ ասի մարդկանց մեջ լուր տարածենք, որ մենք երեխա ենք սպանել»:
Դիտարկմանը, որ երեխա սպանելու լուր չի եղել, պարզապես կոշիկ էին գտել աղբահավաք մեքենայից՝ երեխայի կոշիկ՝ Ալումյանը հակադարձեց՝ ասելով, որ դուք լավ չգիտեք, վճիռներ կան. «Լուրեր էին տարածվել, որ երեխա են սպանել առավոտյան. Հետո մի կին աղբարկղի մեջից հանում է մի կոշիկ, ասում է՝ էս էդ սպանված երեխայի կոշիկն է: Էդ կինը միգուցե հոգեպես ոչ հավասարակշիռ վիճակում է եղել, չգիտեմ ինչն է ստիպել նրան այդ բանն անել, չկենտրոնանանք: Դրանից հետո մրցավարություն են իրականացնում՝ էդ երեխայի հիշատակին: հասկանո՞ւմ եք, սրանից ավելի սադրիչ գործողություններ, երբ ժողովուրդը այդտեղ գրգռված վիճակում է գտնվում…Էդ էնպիսի սադրանք է, էնպիսի կեղտոտ մեթոդներ են կիրառվել, որ հիմա դուք ասում եք ովքեր են սադրիչները, մի օրինակ բերեցի»:
Կարդացեք նաև
Լրագրողները հիշեցրին՝ մամուլում հրապարակում եղավ, որ ցուցարարները մի տղամարդու էին վնասազերծել՝ նռնակներով, որը նշել էր, որ իրեն Գորիկ Հակոբյանն է ուղարկել, հրամայել, որ գնա Ազատության հրապարակ: Սա էլ այլ օրինակ է՝ Ալումյանը արձագանքեց՝ դատավճիռներով հետո ի՞նչ պարզվեց. «Ես որ ասում եմ սադրիչների մասին, կարող եմ ասել, որ յուրաքանչյուրի վերաբերյալ մի հատ դատավճիռ կա: Դուք ասում եք մի բան, ես չեմ դնում կասկածի տակ, որ այդ խոսակցությունն իրոք եղել է, բայց թե այդ մարդն ո՞ւմ կողմից է եղել, ո՞վ է իրեն այդտեղ ուղարկել, իշխանությու՞նն է ուղարկել, թե հակառակը, էս կողմն է թատերական բեմականացում ներկայացրել՝ ես դա ասել չեմ կարող: Իսկ այն, ինչ ես եմ ասում՝ սադրիչների հետ կապված, հստակ դատավճիռները կան: Շատ ժամանակ գցում են շրջանառության մեջ, թե իբր իշխանության ուղարկած մարդիկ են թալան արել ինչ-որ տեղեր, բայց դուք մի հատ լսեք Արզումանյանի հեռախոսային զրույցները եւ դրանից հետո ձեզ պարզ կլինի, թե էդ թալանը ով է արել ու ով է հրճվել նրանից, որ էդ թալանն արվել է, լա՞վ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ