Այսօր Մարտի 1-ի գործով նիստի ժամանակ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ «Վահագենք զենքերը ամբողջությամբ փորձաքննել են, առնչություն չկա 10 սպանության հետ, 3-ը եղել է Չերյոմուխայից, կարելի է ենթադրություն անել, բայց առնվազն 7 սպանությունն արվել է այլ անձանց կողմից, ոչ ոստիկանների եւ ոչ էլ բանակի»:
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը դրա հետ կապված ասաց. «Քննիչն իրավունք չուներ այդ ձեւակերպմամբ մեղադրանք ստորագրեր, դատարանը, մենք չենք կարող հասկանալ, թե ովքեր են այդ որոշ անձինք, նրանք կապ ունե՞ն Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի հետ: Պարոն Քոչարյանն ասեց՝ եթե 10 հոգուց 3-ը չերյոմուխայից են զոհվել, մնացած 7-ի սպանությունները քննչական մարմինները անորոշ անձանց են վերագրում, որ քողարկեն սպանության իրական հանգամանքները: Գործում չկա ոչ մի բան, թե ովքեր են այդ որոշ անձինք: Պարոն Քոչարյանը հարցադրում արեց՝ ինչ է, մինչեւ հիմա այդ որոշ անձանցից մեկն ու մեկին մեղադրանք առաջադրված չէ՞, կամ գործ քննվո՞ւմ է այդ որոշ անձանցից մեկն ու մեկի կամ մի քանիսի նկատմամբ»:
Հարցին՝ եթե 3 սպանությունները «Չերյումուխայից» են, քանի որ դեպքերն իր նախագահության ժամանակ են տեղի ունեցել եւ անցած տասը տարվա ընթացքում նախաքննություն է ընթացել, արդյոք Ռոբերտ Քոչարյանը փորձել է այս ընթացքում նախաքննական մարմիններից պարզել, թե ինչ է տեղի ունեցել՝ հատկապես՝ Չերյոմուխայից զոհված մարդկանց սպանությունները բացահայտելու ուղղությամբ՝ Ալումյանը պատասխանեց. «Հենց մենակ էն փաստը, որ պարզվել են, որ այդ մարմնական վնասվածքները Չերյոմուխայով են պատճառվել, էդ ամեն ինչը քննության արդյունք է, այսինքն, փորձաքննություն են կատարվել: Այդ ուղղությամբ քննություն էլի քիչ թե շատ գնացել է»:
Դիտարկմանը, որ այդ մասով որոշ ոստիկաններ ուղղակի դատապարտվեցին՝ անզգուշությամբ զենքը կիրառելու համար՝ Ալումյանը պատասխանեց. «Այո, բա հո դիտավորությա՞մբ չեն սպանել, էդ էլ հո չենք կարող ասել, որ դիտավորությամբ բռնեցին Չերյոմուխան էն ձեւի կրակեցին, որ բեկորները սենց թռան…»:
Կարդացեք նաև
Լրագրողներից մեկի զարմանքին, դրա ապացույցը որտե՞ղ է, որ դիտավորյալ չի արվել՝ Ալումյանն արձագանքեց. «Դուք եկեք շարունակեք համարել, որ դիտավորյալ են «Չերյոմուխայով» սպանել, մենք համարենք, որ անզգուշությամբ է դա եղել, վճիռներ կան եւ այլն»:
Ալումյանի բացատրելով՝ «հիմա ոստիկան է, բավարար արհեստավարժություն չի ունեցել կամ Չերյոմուխայի համապատասխան այդ մասը բավարար որակի չի եղել, ասենք, գետնին կպնելուց չի պայթել ցրվել, այլ…»:
Բանակը Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ներգրավելու հետ կապված պարոն Ալումյանի դիտարկումները՝ հաջորդիվ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ