Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերջ տվեք շոուներին․ Հայաստանում 5 մարդ չէ, որ ապօրինի հարստացել է, 25-30 ընտանիք կա»․ քաղաքագետը՝ գլխավոր դատախազին

Մայիս 15,2019 20:00

Օրերս Ազգային ժողովում դատախազության 2018 թվականի գործունեության քննարկման ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարել էր, որ այս պահին 5 անձի հանդեպ քրեական հետապնդում է իրականացվում ապօրինի հարստացման փաստով։

Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանն, արձագանքելով գլխավոր դատախազի այս հայտարարությանն, ասաց․ « Նախ ամենաառաջինը պատմություն պիտի իմանալ՝ տարբեր պետությունների, որպեսզի պատկերացնես, թե այդ հարստացումը ինչպես է տեղի ունենում։ Բոլոր երկրներում, այդ թվում Եվրոպայի ներկայիս զարգացած երկրներում բոլոր հարուստները իրենց նախնական կապիտալը՝ 99 տոկոսը ոչ օրինական մեթոդներով են ձեռք բերել։ Հիշեք Քըրք Քըրքորյանին, հարցնում էին՝ դուք ինչպե՞ս եք աշխատել, ասում էր՝ մինչև մեկ միլիոն դոլարը չեմ ասի, բայց մեկ միլիոն դոլարից հետո ինչ-որ աշխատել եմ, ցենտ առ ցենտ պատասխանատու եմ։

Հիմա հետխորհրդային Հայաստանում նույն Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման շրջանում տեղի ունեցավ օլիգարխիայի ձևավորումը․ նույն Սուքիասյանների ընտանիքը, նույն Նուշիկյանների ընտանիքը, որոնց հետ Լևոն Տեր-Պետրոսյանը շատ մտերիմ հարաբերություններ ուներ, նույն Լևոն Տեր-Պետրոսյանը եղբայրը՝ Թելման Տեր-Պետրոսյանը ինչ ձևի էր հարստանում։ Այդ համակարգը ձևավորվեց և շատ սերտաճեց քաղաքականության հետ․ հիմա մենք ունենք այն, ինչ-որ ունենք։

Հիմա ինձ հետաքրքիր է մի այլ բան․ պարոն Դավթյանը նախ չնշեց այդ 5 հոգու անունները, որոնցից մեկը ինձ համար ենթադրաբար Միհրան Պողոսյանն է։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ գործող իշխանությունները սկսում են հետապնդել այն օլիգարխներին, որոնք չպաչեցին իշխանությունների աջը։ Իսկ նրանք, որոնք մեծ հաճույքով փոխեցին իրենց գույնը և սկսեցին շատ սերտ համագործակցել գործող իշխանությունների հետ, կարծես իշխանությունների «ուշադրությունից» դուրս մնացին։ Անուններ չեմ տա, հասարակությունը շատ լավ գիտի ովքեր են։

Նախ` Հայաստանում Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակաշրջանից մինչև Սերժ Սարգսյանի կառավարման վերջին օրը 5 մարդ չէ, որ հարստացել են։ Մոտավորապես մի 25-30 ընտանիք կա, որոնք 30 տարիների ընթացքում ահռելի կապիտալ են ձեռք բերել։ Հիմա այդ 30 ընտանիքից ինչո՞ւ 5-ը, ստացվում է ընտրովի արդարադատությո՞ւն, հա՞, ովքեր մեր աջը պաչել են և մեզ հետ կիսվում են, ուրեմն նրանք օլիգարխ չեն, ով ընդդիմանում է, չի փոխում իր գույնը, չի ուրանում նախորդ իշխանություններին, պահպանում է կապերը, ուրեմն նա ապօրինի հարստացա՞ծ է»,- ասում է Գագիկ Համբարյանը։

Ըստ քաղաքագետի, ապօրինի հարստացման դեմ պայքարը շատ զգույշ պետք է տանել, որովհետև շոուներով պայքարը կվախեցնի այն եզակի անձանց, որոնք պատրաստ են Հայաստանի Հանրապետությունում ներդրումներ կատարել։

«Կապիտալը չի սիրում կապիտալի վերաբաշխում, սա վտանգավոր է։ Ես մի անգամ այս մասին գրել էի իմ ֆեյսբուքյան էջում, ԱՄՆ-ից ժամանած իմ ընկերներից մեկն արձագանքել էր, թե շատ ամերիկահայեր Հայաստանում ներդրումներ չեն անում, որովհետև վախեցած են պարոն Փաշինյանի պատերին ծեփելուց և ասֆալտին փռելուց։ Կապիտալը չի սիրում աղմուկ, կապիտալը չի սիրում շոուներ։ Ես կողմ եմ պայքարին, բայց պայքարը պետք է լինի շատ զգույշ, անաղմուկ և պետական բյուջեն լցնելով, մարդկանց սոցիալական վիճակը բարելավելով, որպեսզի հասարակության մեծ մասն էլ ասի՝ այո, անցել է հեղափոխությունից մեկ տարի և մեր սոցիալական վիճակում ոչ շատ մեծ, բայց գոնե թեթևակի փոփոխություններ են եղել։ Իշխանությունները իրենց շատ ձախողումներ փորձում են ներկայացնել, որ մեկ տարվա մեջ ոչինչ չեն կարող անել։ Ի՞նչ երկիր են ժառանգել, որ մի տարվա մեջ ոչինչ չեն կարող անել։

Հայաստանի Հանրապետությունում ընդամենը Մոսկվայի մեկ շրջանի բնակչություն է ապրում, բա որ ասենք Ֆրանսիայի կամ ԱՄՆ-ի կամ հարևան Իրանի չափ բնակչություն ունենայի՞նք, ի՞նչ էին անելու։ Ուղղակի գործում են նախորդ իշխանությունների ոճով, հասարակության հետ խոսում են վիճակագրական վարչության տվյալներով, Խորհրդային Միությունից սկսած մինչև հիմա մեր հասարակությունը վիճակագրական ծառայությանը չի հավատացել, և հիմա էլ չի հավատում, որ ասենք Հայաստանում ձևավորվել է 50 հազար աշխատատեղ կամ նոր են ի հայտ եկել։ Հրանտ Բագրատյանն էլ ասաց՝ 50 հազար ստեղծել են, 72 հազարն էլ փակել են։ Դուք գյումրեցի եք, ի՞նչ մի նոր աշխատատեղ գիտեք մեկ տարվա մեջ ստեղծվա՞ծ, այդ 50 հազար նորաստեղծ կամ օրինականացված աշխատատեղերից քանի՞սն է Գյումրիում ստեղծվել, ու այսպիսի բազմաթիվ հարցեր։

Այնպես որ դատախազությունը լավ կլինի շոուներին վերջ տա, և ընդհանրապես ես գտնում եմ, որ մեր իշխանությունները սխալ են հասկանում որոշ կառույցների, այսպես ասած, «թափանցիկ» գործունեությունը, ո՛չ դատախազությունը շատ դեպքերում, առավել ևս ԱԱԾ-ն այսքան շատ չպիտի լինեն հասարակության լեզվի տակ, հասարակությունն ավելի շատ պետք է քննարկի մեր արտաքին քաղաքականությունը, մեր սոցիալական վիճակը, տնտեսության զարգացումը, կրթության վիճակը, իսկ մենք ի՞նչ ենք տեսնում՝ առաջին տեղում իր պոպուլյարությամբ ԱԱԾ-ն է , երկրորդ տեղում ոստիկանությունն է, երրորդ տեղում էլ դատախազությունն է։ Կառույցներ, որոնց շոու գործունեությունը նորմալ չէ, այո՛, նրանք հաշվետու պետք է լինեն հասարակությանը, բայց հաշվետվությունը շոու չէ»,-ասում է Գագիկ Համբարյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը Գագիկ Համբարյանի ՖԲ էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031