Հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը Ռիոյի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանի արած հայտարարություններին պատասխանելու նպատակով երեկ Օլիմպավանում ԶԼՄ-ների հետ հանդիպման ընթացքում մեկ առ մեկ հակադարձեց ըմբիշի արած հայտարարություններին՝ դրանք որակելով սուտ եւ իրար հակասող:
Լեւոն Ջուլֆալակյանը նշեց նաեւ, որ Միհրան Հարությունյանը տաղանդավոր ըմբիշ լինելով՝ դեռ պետք է իր առավելությունները ապացուցի մրցագորգում, մյուս ըմբիշների հետ հավասար մասնակցի Հայաստանի առաջնություններին, ուսումնամարզական հավաքներին, մարզիչների որոշմամբ հանդես գա այս կամ այն միջազգային մրցաշարում: Եվ միայն դրանից հետո ազգային հավաքականում արժանի տեղ ունենալու հույս ունենա: Մարզիչը նաեւ շատ կարեւորեց մարզիկի մարդկային որակները:
Լեւոն Ջուլֆալակյանը, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը եւ մյուս բանախոսները լրատվամիջոցներին վստահեցրին, որ հավաքականի դռները հիմա էլ բաց են բոլոր այն ըմբիշների առջեւ, որոնք նվիրված են ըմբշամարտին, հարգում եւ ընդունում են ֆեդերացիայի կանոնակարգը եւ հավաքականի կանոնները, պայքարում են Հայաստանի հեղինակության համար, մեդալներ նվաճում: Միհրան Հարությունյանի հարցում էլ խնդիր չկա: Միայն թե Հարությունյանը իրեն բարձր չպիտի դասի մյուսներից, պետք է ընդունի ազգային հավաքականի կանոնները եւ դրանք կատարի, ինչպես մյուսները:
Aravot.am-ի հետաքրքրվեց, թե ժամանակին, երբ Միհրան Հարությունյանը հավաքականում էր, ինչպե՞ս էր շփվում թիմակիցների հետ եւ եթե հիմա նա իրեն առաջարկվող պայմաններով համաձայնի գալ հավաքական, ըմբիշները նրան ինչպե՞ս կընդունեն: Հավաքականի անդամների անունից օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն ասաց, որ այն ժամանակ իրենք Միհրան Հարությունյանի հետ խնդիրներ չեն ունեցել, պարզապես Ռիոյի օլիմպիական խաղերից հետո Միհրանը հավաքականի կազմում չի մասնակցել հավաքներին եւ անհասկանալի պատճառներով է ժամանակ առ ժամանակ վիրավորական արտահայտություններ անում նաեւ ըմբիշների հասցեին: Իսկ Լեւոն Ջուլֆալակյանն ասաց, որ իր համար որպես գլխավոր մարզչի, առաջնայինը հավաքականը բարձրակարգ ըմբիշներով համալրելն է: «Սակայն մարդկային հատկանիշները եւս կարեւոր են: Միհրան Հարությունյանը, եթե կցանկանա օրինական կարգով վերադառնալ հավաքական, իմ կարծիքով պետք է հավաքականի մյուս անդամներին բացատրություն տա, թե ինչու է այդքան արհամարհական արտահայտվել նրանց հասցեին: Ես դժվար եմ պատկերացնում, թե նա ինչպես է նայելու իր թիմակիցների աչքերին եւ ինչպես է արդարանալու», – ասաց գլխավոր մարզիչը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ