«Դատավարությունն ընդհանրապես սարսափելի երևույթ չեմ համարում: Սարսափելի եմ համարում, երբ որևէ մարդ՝ դեռևս չդատված, կալանքի տակ է: Դա կարող է վերաբերվել նույնիսկ ամենածանր հանցագործություն կատարած մարդուն»,- «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Ըստ նրա, եթե անձը կալանքի տակ է և արդեն պատժի գործընթացի մեջ է առանց դատարանի որոշման, դա սկզբունքորեն անթույլատրելի է նույնիսկ ամենածանր հանցագործության դեպքում. «Բացառություններն այն դեպքերն են, երբ այդ հանցագործության մեջ մեղադրվողը կարելի է վնասել քննությանը: Այնպես որ, Ռոբերտ Քոչարյանը կամ մյուսները, որոնք նախնական կալանքի տակ են, լավ կլիներ, որ քննությունն ընթանար առանց նախնական կալանքի մինչև այն պահը, երբ ակնհայտ կլիներ, որ նրանք խանգարում են նախաքննությանը կամ դատաքննությանը»:
Դառնալով Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքին՝ Պարույր Հայրիկյանն ասաց. «Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Այնպիսի մեղադրանք է ընտրված, որը լուրջ հիմնավորումներ է պահանջում, որովհետև սահմանադրական կարգը խախտելու մեջ ամենավերջինը կարող է մեղադրվել այդ պահին Սահմանադրության գլխավոր պատասխանատուն: Սակայն, չգիտես ինչու, «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքի մասին ոչ մի խոսք չի ասվում: Այն, որ կասկածելիորեն չվճարված գազի պարտքի համար Հայաստանի ունեցվածքի թանկարժեք, ոսկե երակը՝ Սևան-Հրազդան կասկադը, տրվեց Ռուսաստանին, դրա մասին ոչինչ չի ասվում: Այն, որ ՀՀ նախագահը հանկարծ դարձավ «Սիստեմայի» պատասխանատուներից մեկը, դրա մասին էլ չեն խոսում»:
Դառնալով ՀՀ իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանը՝ ԱԻՄ նախագահն ասաց. «Սահմանադրական կարգի մասին խոսող հեղափոխականները մեկ-մեկ եվրոպացիների հետ խոսելիս ժողովրդավարության մասին էլ են խոսում, բայց նկատո՞ւմ եք, որ Ռուսաստանի, Ղազախստանի, Լուկաշենկոյի հետ խոսելիս երբեք Փաշինյանը չի ասում, որ մենք ժողովրդավար ենք, կարող ենք նաև տարբեր կարծիքներ ունենալ: Սերժ Սարգսյանի կատարած գործերից էր սահմանադրական փոփոխությունները և արտաքին քաղաքական կողմնորոշումը: Նիկոլ Փաշինյան, դու հայտարարում ես, թե ժողովուրդը ոնց որոշի, այդպես էլ կլինի: Ինչպե՞ս պատահեց, որ ԵԱՏՄ հարցում չուզեցիր ժողովրդի կարծիքը հարցնել: Ինչպե՞ս պատահեց, որ վերջին ապիկարի նման առանց քաղաքացիներին հարցնելու ասացիր, որ մենք արտաքին կողմնորոշումը պահպանում ենք: Չէ՞ որ գոնե ձևականորեն կարելի էր ինչ-որ քայլեր ձեռնարկել, ասել, թե պիտի ճշտենք, դա նաև Հայաստանի նկատմամբ հարգանքը կմեծացներ»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ