Մարտի 1-ի գործով նախնական դատական նիստը շարունակվում է: Քննարկվում է ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը:
Ռոբերտ Քոչարյանին ազատելու համար անձնական երաշխավորություն են ներկայացրել Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը:
Պաշտպան Հովհաննես Խուդոյանը խնդրեց մինչեւ ուրբաթ ժամանակ տան, որպեսզի Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը գան դատարան. «Հաշվի առնելով, որ երաշխավորություն ներկայացրած աձը Արցախի գործող նախագահն է, բնականաբար, խիտ օրակարգ ունի, խնդրում եմ, որ դատարանի կողմից հնարավորություն տրվի, որ երաշխավորները դատարան ներկայանան ուրբաթ օրը օրվա երկրորդ կեսին»: Դատավորն ասաց, որ անձը պետք է դատարանում անպայման ներկա լինի՝ իրենց իրավունքներն ու պարտականությունները մատուցվի, որից հետո իր ստորագրությամբ վերահաստատի նախատեսվող քրեական պատասխանատվության նախազգուշացման մասին. նա ասաց, որ կիրակի օրը կալանքի ժամկետը լրանում է: Շաբաթ եւ կիրակի օրերին դատական նիստի կազմակերպումը քիչ հավանական է.«Կարող է հնարավորություն չլինի այդ օրը պարոն Քոչարյանի դատական նիստին ապահովելու: Դատական ակտը կայացնելու համար էլ ամենաքիչը մեկ օր ժամանակ է պետք, 5 րոպեում հնարավոր չի: Եթե հնարավոր է, տեղյակ պահեք, որ գոնե վաղը ներկայանան, եթե հնարավորություն ունեն, որովհետեւ ամսի 17-ը կրիտիկական օրն է, դրան հաջորդում են ոչ աշխատանքային օրեր»:
Դատարանը ընդմիջում հայտարարեց, որ ճշտեն՝ նրանք կարո՞ղ են այդ օրը գալ, թե՞ ոչ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Սա մեր, այսինքն ՀՀ-ի, դիրքերը չի՞ թուլացնում բանակցություններում քանի որ մենք ասում ենք Արցախը առանձին սուբյեկտ է բայց ինչ ինչ պատճառներով Արցախի ներկա և նախկին նախագահները կարող են ներկայանալ ՀՀ-ի դատարան ու մասնակցել ՀՀ-ի ներսում տեղի ունեցող գործընթացներին: Իրենք որպես ՀՀ քաղաքացի՞ են ներկայանալու դատարան: Եթե այո ապա ոնց բացատրել միջազգային հանրությանը որ Արցախը առանձին սուբյեկտ է: