Մարտի 1-ի գործով նախնական դատական նիստը շարունակվում է: Քննարկվում է ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը:
Պաշտպան Հայկ Ալումյանը ներկայացրեց ցուցմունքներից հատվածներ: Խոսելով փետրվարի 23-ի խորհրդակցության մասին՝ նա ասաց. «Բոլոր ցուցմունքներով հերքվում է Արշակ Կարապետյանի ասածը: Սերժ Սարգսյանն ուղիղ հերքել է Արշակ Կարապետյանի ասածը՝ հայտնելով՝ խորհրդակցությունը հրավիրել է Ռոբերտ Քոչարյանը, մասնակցել է ԶՈՒ սպայական կազմը, ընդհանուր նպատակն է եղել ԶՈՒ ղեկավար կազմին նախազգուշացնել, որ ցուցարարների ղեկավարները այդ պրոցեսների մեջ են ներառում ԶՈՒ սպաներին: Այսինքն, դրա նպատակն է եղել նախազգուշացնել, որ ԶՈՒ սպաները չներգրավվեն պրոցեսների մեջ: Ասում է, որ նրանց է միացել փոխնախարարներից մեկը եւ բանակցություներ են վարում մյուս փոխնախարարի հետ, որ միանա իրենց, ուստի պետք է թույլ չտալ եւ կանխել այդ ամենը: Այսինքն՝ մյուս կողմը՝ ցուցարարները եւ նրանց պարագլուխները, խաղաղ ցուցարարների մասին չեմ ասում, այդ ամենը կազմակերպողները ամեն ինչ անում էին, որ բանակը ներքաշեին իրենց մեջ: Դժվար է պատկերացնել այն աղետալի հետեւանքները, որ կառաջանային, եթե դա իրենց հաջողվեր: Դա առիթ հանդիսացավ, որ ՀՀ նախագահը իրավացիորեն հանձնարարական տվեց, որ կամ դիմում են գրում ու դուրս են գալիս ԶՈՒ համակարգից, կա՛մ ԵԿՄ-ից են դուրս գալիս եւ շարունակում իրենց ծառայողական պարտականությունները: Սա մեկին մեկ հաստատում է այն ամենը, ինչ մենք դեռ հուլիս ամսից ամեն դատական նիստից հետո ասել ենք»:
Շարունակելով՝ Ալումյանն ասաց. «Քննիչը վկային հարց է տալիս՝ պնդում է, ոչ թե հարց՝ էն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ վաղը ժամը 00-ից հետո արտակարգ դրություն է հայտարարում, դո՞ւք եք ասել, որ Երեւանի կայազորի պետի տեղակալներ են պետք: Սա շատ չհարգված հնարք է»: Դատավորն ասաց, որ հնարքների հարցը չի քննարկվում՝ Ալումյանն արձագանքեց՝ «դուք ինձ չպիտի ասեք, ես ինչ ասեմ: Թողեք ես իմ խոսքն ավարտեմ, ինչի՞ եք ուզում ձգեք, սպասեք, էլի»:
Շարունակելով ցուցմունքներից հատվածներ մեջբերելը՝ Ալումյանն ասաց. «Վկան ասել է՝ Ռոբերտ Քոչարյանը նման բան չի ասել, քննիչի սպասելիքները չեն իրականացել: Վկան հստակ հերքել է, որ նման բան է ասած եղել: Մեկ այլ ցուցմունքի մեջ երկու նախադասություն կա, որ պիտի հիշատակեմ, ասվում է՝ բացարձակապես որեւէ հարց կապված Երեւանի կայազորի հետ չի քննարկվել: Սերժ Սարգսյանն ասել է՝ ուղղակի ես, լինելով 9 տարվա ՊՆ նախարար, ասել եմ, որ ցանկացած հրամանատար պետք է ունենա տեղակալներ, որ կարողանա իր առջեւ դրած խնդիրները լուծել»:
Կարդացեք նաև
Հրապարակելով Ալիկ Միրզաբեկյանի ցուցմունքից՝ Ալումյանն ասաց. «Ասում է՝ օրը չեմ հիշում, փետրվարի 20-ից հետո էր, խորհրդակցությունն անց էին կացնում Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Ռոբերտ Քոչարյանը հարցրեց, թե որտե՞ղ է Մանվել Գրիգորյանը, Միքայել Հարությունյանն ասաց, որ տեղյակ չի: Նրան կշտամբեց՝ իրավիճակին չտիրապետելու համար, այնուհետեւ հիշում եմ, որ խորհրդակցության ժամանակ նախագահը մտահոգություն հայտնեց, որ ԵԿՄ-ն ցանկանում է անցնել ընդդիմության կողմը… Նորից գործի մեջ առկա է ցուցմունք, որը հստակ հաստատում է այն, ինչ մենք ասում էինք: Հետո ասում է՝ դրանից հետո զորքեր են բերվել Երեւան»:
Խորհրդակցությանը մասնակիցների ցուցմունքները մեջբերելով՝ Ալումյանը, մասնավորապես, Մովսես Հակոբյանի ցուցմունքի մասին խոսելով՝ ասաց. «Էլի ասում է, որ խորհրդակցություն է եղել: Նախագահ Քոչարյանը զայրացել է Միքայել Հարությունյանի վրա եւ ասել՝ այդ ի՞նչ նախարար ես, որ տեղակալներիդ գտնվելու վայրի մասին տեղեկություն չունես: Քոչարյանը Լեւոն Երանոսյանին հանձնարարեց, որ գնա Մանվել Գրիգորյանին ասի, որ իրերը հավաքի ու… գնա տուն»: Ըստ Հակոբյանի՝ Քոչարյանը ցանկանում էր ողջ ԶՈՒ-ն իրենից լսի, թե ինչպես է պատժվելու այն զինվորականը, ով կփորձի ներքաշվել քաղաքական պրոցեսներին, այդ խորհրդակցության իմաստը սա էր:
Ներկայացնելով այս ամենը՝ Ալումյանն սաաց, որ այն դատարանները, որոնք քննում էին Քոչարյանի կալանքի հարցը, չգիտեին այս ցուցմունքների գոյության մասին. «Այս մի գործի անջատված մասով քննչական խմբի նախկին ղեկավարը մեղադրվում է պարկուճներ փոխելու մեջ, էդ էլ դեռ պարզ չի, քննությունը կպարզի: Մեղադրվում է նրա մեջ, որ ուզել է գործի նյութերի մեջ փոփոխություն անի: Էդ նույն բանը ավելի վատ անում է այս քննչական մարմինը՝ թաքցնում է գործի նյութերը, որոնք իր տիրապետության տակ կան ու որոնք նշանակություն ունեին պարոն Քոչարյանի կալանքի համար: Ինքն այսօր ավելի վատ արարք է անում, քան այն, ինչի մեջ մեղադրում է քննչական խմբի նախորդ ղեկավարին»:
Դատական նիստը շարունակվում է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ