Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԻՊ-ի կենտրոնի ներկայացուցիչ. «Վիճակագրական տվյալները միշտ չէ, որ արտացոլում են բռնության իրական պատկերը»

Մայիս 15,2019 16:02

Ընտանիքի միջազգային օրը «Մեդիա կենտրոնում» քննարկվում էր ընտանիքում բռնության իրազեկման բացը, կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը:

Կանանց աջակցման կենտրոնի ծրագրերի ղեկավար Հասմիկ Գեւորգյանը նշեց, որ 2010-ին, երբ սկսել էին աշխատել, ունեին 50 զանգ, մինչդեռ հիմա թեժ գծին ավելի քան 2000 զանգ են ունենում տարեկան կտրվածքով: «Սա ցույց է տալիս, որ մարդիկ իրազեկվում են եւ սկսում դիմել համապատասխան կառույցների»: Նրա խոսքերով, օրենքի որոշ կետերն են միայն գործում.  «Ամբողջությամբ լուծում` անվտանգության եւ կանխարգելման որեւէ օրենքով նախատեսված կառույց չի անում»:

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը նշեց, որ կարեւոր է գիտակցել, թե ինչպիսի առանցք ունի օրենքը. «Երբ քննարկումները գնում էին, պետությունն ընդգրկեց ընտանիքում համերաշխության մթնոլորտի ապահովման խնդիրը եւ ոչ թե ընտանիքում բռնության ենթարկված անձի պաշտպանության եւ վերասոցիալականացման խնդիրը: Այդտեղից ելնելով, բոլոր տիպի վերապատրաստումները, որ իրականացվում են, ներառում են համերաշխության ապահովումը եւ հաշտություն կնքելը ընտանիքում, սակայն մենք՝ որպես իրավապաշտպաններ եւ տարիներ շարունակ խնդրի հետ առերեսվող անձինք, կարող ենք վստահեցնել, որ ընտանեկան բռնության պարագայում, երբ հարաբերությունները խիստ անհավասար են, մենք գործ ունենք բռնարարի եւ զոհի հետ, այսինքն մարդու, որն անմիջականորեն վախի ու կախվածության մեջ է գտնվում այն անձից, որն ավելի ուժեղ է եւ կարող է իրեն բռնության ենթարկել: Հետեւաբար հաշտություն կնքել, նշանակում է հերթական անգամ մարդուն ակամայից մղել բռնության տիրույթ եւ նրա կյանքի համար պատասխանատվություն չստանձնել»,-ասում է Զառա Հովհաննիսյանը:

Նրա փաստմամբ, նույն օրենսդրության սահմաններում զուգընկերները չեն դիտարկվում որպես ընտանիք, եւ ոստիկանությունը շատ հաճախ չի համարում ընտանեկան բռնություն, երբ մտերիմ հարաբեություններ են զույգերի մեջ, եւ տղամարդը բռնություն է գործադրել: Զառա Հովհաննիսյանի խոսքերով՝ խոցելի իրավիճակ ունենք, հասկացությունների որոշակիության խնդիրներ, իսկ ավանդական ընտանիքը  իրավական որոշակիությունից դուրս է:

ՄԻՊ աշխատակազմի հետազոտական և կրթական կենտրոնի նեկայացուցիչ Շուշան Խուրշուդյանի ձեւակերպմամբ՝ վիճակագրական տվյալները միշտ չէ, որ արտացոլում են բռնության իրական պատկերը, որոշ շրջանակներում անձինք խուսափում են բարձրաձայնել եւ հաղորդումներ ներկայացնել: Վիճակագրության վրա ազդում է նաեւ բռնության լատենտային բնույթը:

Նա ասաց, որ Մարդու իրավունքների պաշտպանը եւս ստանում է ընտանիքում բռնության վերաբերյալ բողոքներ, եւ քննության ընթացքում վեր են հանվում մի շարք համակարգային խնդիրներ, որոնց մի մասը օրենսդրական բացերն են:

ԿԳ նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանի ասելով, համապատասխան օրենքն ընդամենը իրազեկման բաղադրիչի մասին է խոսում: «Չնայած, եթե մանկավարժներն իրազեկված չլինեն իրավունքի թեմայով, դժվար կլինի երեխաների հետ աշխատելը»,-կարծում է նա: Մասնագետի խոսքով, իրավունքն ու պարտականությունը չեն կարող անջատ լինել, դրանց սահմանը պետք է իրար հետ տրվի երեխաներին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` Մեդիա կենտրոնի կայքից

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031