Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատերն ինձանից բողոքում, նեղանում են՝ Մեսչյանը չի ստորագրում… այո, չեմ ստորագրում»

Մայիս 15,2019 15:41

«Ամենառաջին եւ ամենահզոր սանիթեքը Երեւանում, դա մեր բնակիչներն են»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը: Նա աղբի եւ աղբահանության խնդիրն օրինակ բերեց՝ անդրադառնալով ավտոկանայտեղերին եւ քաղաքաշինությանը: «Աշխարհի ամենահրաշալի սանիթեքը, պուպուշ, մարմարակերտ մի հատ սանիթեք որ գա Երեւան, չգիտեմ, զինված հարյուրավոր աղբատար մեքենաներով,  ի վերջո, ամենակարեւոր սանիթեքը դա մեր բնակիչը պետք էլինի: Մենք էլ անելիք ունենք, ես այնպես էի ուրախացել վերջին էս… (անունը չի հիշում, Ն.Բ.) ի՞նչ էր՝ շաբաթօրյա՞կ, կարեւոր չէ, շաբաթօրյակ, թե՝ կիրակնօրյակ, բայց էնպես էր, որ բնակիչը մտածում է նրա մասին, որ իր քաղաքը լինի մաքուր, ինձ թվում է բացի սանիթեքից, մի քիչ էլ մենք ունենանք որոշակի պատասխանատվություն: Մի սանիթեք էլ մենք լինենք, էլի, վատ չի լինի»:

Հետո Մեսչյանն այլ օրինակներ բերեց. «Ես շատ հաճախ տեսնում եմ՝ հայերը ոնց են հոտնկայս խմում երեխաների կենացը, բնականաբար, ես էլ եմ ոտքի կանգնում, քանի որ ունեմ երեխաներ, թոռներ: Բայց գիտեք ոնց ա, երեխաների հանդեպ սերը ինչից ա սկսում՝ երբ մեր երեխաները զիբիլի կողքը , օրինակ՝ մեր Գյուլբենկյան փողոցում, ես տեսնում եմ՝ ուրեմն գարաժներով փակված, զիբիլի կուտակման մուտքի մոտ էրեխեքը ֆուտբոլ են խաղում: Մենք չենք սիրում մեր էրեխեքին: Հիմա Երեւան մտել է 40 հազար մեքենա, դուք պատկերացնո՞ւմ եք էդ 40 հազար մեքենայի կեսը որոշեին, եւ եթե մենք թույլ տայինք, ավտոտնակներ կառուցել: Այսինքն՝ մենակ էս մեքենաների ներհոսքով Երեւանում  20 հազար ավտոտնակ կշատանար: Այսինքն՝ մեր էրեխեքը ոչ թե ֆուտբոլ կխաղային մնացած էն 2 քառակուսու մեջ, արդեն երեւի գառաժների կռիշների վրա ֆուտբոլ տշեին: Այսինքն՝ սենց է՝ մեր պատասխանատվությունը, մեր սերը երեխաների, երկրի, պետության նկատմամբ: Ախր մի քիչ էլ մեր անձնական պատասխանատվությունից է կախված: Էն մոտեցումը՝ «բոլորին օրենքներով, բայց ինձ՝ ոչ», էլ չի գործում:  Տենց չի կարելի, մենք այդպես երկիր չենք կառուցի, դրա համար, որ շատերն ինձանից բողոքում, նեղանում են՝ Մեսչյանը չի ստորագրում, այո, չեմ ստորագրում: Գլխավոր ճարատարապետը նա է, ով իրավասություն ունի ասելու՝ ոչ: Իմ ֆունկցիան է՝ ասել՝ ոչ, եւ ասել՝ այո՝ ինչը ճիշտ է»:

Քաղաքաշինական խնդիրներից խոսելիս՝ Մեսչյանն ասաց.«Ես էդքան լկտի չեմ, որ քաղաքաշինական ամենամեծ խնդիրները վերցնեմ միայն իմ իրավասության տակ, ոչ նրա համար, որ վախենում եմ, այլ մի քիչ համեստ եմ»: Մեսչյանը նշեց՝ Կոնդի նախագիծն էլ միայն ինքը չէ որոշելու. «Արդյո՞ք ես՝ որպես գլխավոր ճարտարապետ, պարտավոր եմ ինքս որոշել  Կոնդի տեսիլքը, ինքս մշակել Կոնդի ծրագիրն ու պարտադրել կառուցապատողներին: Ո՛չ: Կոնդի կամ մյուս նախագծերի համար պետք է խմբակային, ուղեղային աշխատանք»:

Գլխավոր ճարտարապետն ասաց՝ առաջին քայլն արել են, հաջորդ շաբաթվանից կգործի քաղաքաշինական խորհուրդը, եւ կարեւորագույն նախագծերն առանց խորհրդի հետ աշխատանքի եւ քննարկման՝ դրական պատասխան չեն ստանա:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031