Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը, ինչպես հայտնել ենք, դատարանում լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Մարտի 1-ի 10 զոհերին շահարկում են ու քաղաքական դիվիդենտներ են ստանում:
Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով նախնական դատական նիստն է գնում, որի ընթացքում քննարկվում է ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը:
Լրագրողները հարցրեցին, թե ո՞վ է շահարկում ադ հարցը՝ Լեւոն Քոչարյանը, դիմելով «Հայկական ժամանակի» լրագրողին՝ ասաց՝ ձեր թերթի նախկին գլխավոր խմբագիրն առաջ հերթին, եւ հետո մնացածը…Ես մեղադրանք չեմ հնչեցնում, ինչ կա, էդ եմ ասում»:
Հարցին՝ դուք ասում եք, որ որոշները շահարկում են, նաեւ ակնարկեցիք Նիկոլ Փաշինյանին, բայց Մարտի 1-ի զոհերի հարազատներն այդպես չեն կարծում, մեղադրանքի սլաքներն ուղղում են դեպի Քոչարյանը՝ նա պատասխանեց. «Դրա համար ասում եմ՝ քաղաքական դիվիդենտներ են քաղել էդ մարդկանց վշտի վրա: Հիմա ի՞նչ, մի տարի է անցել, ինչ-որ մեղադրանք տեսնո՞ւմ եք սպանությունների հետ կապված: ՍԴ-ի մասով, երբ որ միայն երկու դատավորի մասով են ցուցմունք վերցնում, չե՞ն հասկանում, մնացածից նույնիսկ ցուցմունք չեն վերցնում, բայց մեղադրանքում գրում են: Փետրվարի 23-ի որոշման հետ կապված 13 հոգուց ցուցմունք են վերցնում, մի հոգին է իրենց ուզածն ասում, իրենք դատարան են բերում էդ մի հոգունը: Է՞լ ինչ է պետք, այնքան ակնհայտ է: Ես շատ ուրախ եմ, որ այդ բոլորը մենք բոլորս կարողանում ենք բաց դատավարությամբ լսել: Ինչի՞ պետք է ուզենա նա մարդ սպանի, դա ուղղակի նոնսենս է»:
Կարդացեք նաև
Նա հայտարարեց, որ Մարտի 1-ի բացահայտման առաջին շահագրգիռ մարդիկ իրենք են, վերջապես պետք է մարդիկ հասկանան, որ իրենք այդ ամեն ինչի հետ կապ չունեն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ