Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազը միջնորդեց Քոչարյանի գործով նիստն անցկացնել դռնփակ

Մայիս 15,2019 14:47

Շարունակվում է մարտի 1-ի գործով  նախնական դատական նիստը, որի ընթացքում  քննարկվում է ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը:

Հիշեցնենք, որ ըստ պաշտպանական կողմի դիրքորոշման՝ մեղադրողների պնդումներն անհիմն են, եւ երկրորդ նախագահը չի կարող քննությունից խուսափել կամ խոչընդոտող գործողություններ իրականացնել:
Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հատվածներ կարդաց մեղադրանքից եւ ասաց՝ գրած է, իբր պարոն Քոչարյանը հրահանգել է զորքերը բերել մարտական պատրաստվածության, ու չգիտեն՝ ինչ ասել է զորքը բերել մարտական պատրաստվածության:

Մեղադրանքում գրել են, թե ցանկացած գնով ուզել է իշխանությունը Սերժ Սարգսյանին փոխանցել: «Պարոն Քոչարյանը չէր կարող ունենալ այդպիսի մտադրություն առհասարակ, քանի որ արդեն իսկ այդ փուլում Սերժ Սարգսյանն ընտրվել էր ՀՀ նախագահ: Ընտրությունների նախնական արդյունքները դեռեւս փետրվարի 20-ին հաստատվել են ԿԸՀ-ի կողմից: Քոչարյանը մտադրություն ուներ պաշտպանել սահմանադրական կարգը: Չէր կարող խնդիր լինել՝ ամեն գնով իշխանությունը փոխանցել Սերժ Սարգսյանին»,- ասաց Ալումյանը:

Նա դատարանում ասաց, որ մեղադրանքը գրած է ընդամենը վկա Արշակ Կարապետյանի ցուցմունքի վրա, որը, ըստ պաշտպանների, հիմք չունի. «Տեսեք ինչ է ասում Արշակ Կարապետյանը, որի վրա ամբողջությամբ հիմնված է այն ենթադրությունը, թե Քոչարյանը հրահանգ է տվել մարտական պատրաստվածության բերել զորքերը եւ իբր մյուս օրվանից արտակարգ դրություն է հայտարարել: Հիմա տեսեք էս մարդն ինչ է ասում…»: Ալումյանը խոսքը չավարտած՝ դատախազ Պետրոս Պետրոսյանը առարկեց, բայց դատավորն առարկությունը չընդունեց:

Դատախազը, տեսնելով, որ Ալումյանը պատրաստվում է հրապարակել Արշակ Կարապետյանի ցուցմունքը, միջնորդություն ներկայացրեց նիստն անցկացնել դռնփակ: Քանի որ դռնփակ նիստի միջնորդությունը նույնպես քննվում է դռնփակ ընթացակարգով, այս պահին արդեն դատական կարգադրիչները լրագրողներին հեռացրեցին նիստերի դահլիճից: Միջնորդության վերաբերյալ դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը՝ հաջորդիվ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031