ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 15-ին ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին:
Ողջունելով գործընկերոջն Ազգային ժողովում` Արարատ Միրզոյանը նշել է, որ վերջին շրջանում հանդիպումները հաճախակի բնույթ են կրում եւ այսօր էլ 7-րդ գումարման Ազգային ժողովում առաջին անգամ հրավիրվում է երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստը: ՀՀ ԱԺ նախագահի համոզմամբ` Երեւանում հրավիրված նիստի օրակարգը հագեցած է եւ թույլ կտա բացահայտելու փոխգործակցության նոր հեռանկարներ ու ձեւաչափեր:
Արարատ Միրզոյանը հավաստիացրել է, որ ՀՀ ԱԺ խորհրդարանականներն այսուհետ եւս շարունակելու են Արցախյան հիմնախնդրի արդարացի լուծման հարցը հնարավորինս բարձրացնել միջազգային խորհրդարանական հարթակներում: Նրա գնահատմամբ՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը եւ խորհրդարանական կառավարման համակարգին անցումը նոր հեռանկարներ է բացել միջազգային կազմակերպություններում ԼՂ հիմնահարցը բաձրաձայնելու համատեքստում:
Աշոտ Ղուլյանն իր հերթին բարձր է գնահատել միջխորհրդարանական համագործակցության ներկա մակարդակը՝ համոզմունք հայտնելով, որ այսօրվա քննարկումները հնարավորություն կտան արդյունավետ կիրառելու առկա չօգտագործված ներուժը եւ անցնել առավել գործնական քայլերի:
Կարդացեք նաև
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են հայկական երկու պետությունների խորհրդարանների միջեւ համագործակցության առաջիկա օրակարգը, օրինաստեղծ գործընթացում փոխգործակցությունը, խոսել փորձի փոխանակման եւ փոխադարձ այցերի կարեւորության մասին: Նրանք ընդգծել են խորհրդարանական դիվանագիտության դերն Արցախի հիմնախնդրի արդար լուծման գործում, արժեւորել համատեղ ջանքերը՝ ուղղված համահայկական խնդիրների առաջմղմանը:
Անդրադարձ է եղել նաեւ ՀՀ Ազգային ժողովի եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի տասներեքերորդ նիստի օրակարգում ընդգրկված հարցերին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ