Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեսչյան.«Եթե ես տեսնեմ շան տերը ցելոֆանով կեղտը վերցնում է, դնում պայուսակի մեջ, որ հետո գցի զիբիլը, ես խնդիր չունեմ»

Մայիս 15,2019 14:30

Այսօր Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Երեւանի 2800- ամյակին նվիրված այգուն, որն արդեն մի քանի օր է՝ շահագործման է հանձնվել:

Հարցին՝ այգում շատ արգելքներ կան, օրինակ՝ չի կարելի խոտերի մեջ նստել, շան հետ զբոսնել եւ այլն, Մեսչյանը պատասխանեց. «Այս այգին 100% բարեգործություն էր, ոչ մի սրճարան-բան չկա: Հիմա միտումն այսպես է. ասում են՝ այգին վերակառուցեմ, բայց մի հատ օբյեկտ դնեմ, որ կարողանամ էդ այգին պահպանեմ: Այս այգում չկա որեւէ բիզնես, սա մաքուր բարեգործական ծրագիր է: Բարեգործական ծրագրերն ունեն որոշակի օրենքներ: Օրինակ՝ Գաֆեսճյանինը՝  Կասկադում,  այնտեղ տղաներ են ման գալիս, ու եթե խոտի վրա ես ման գալիս, ասում են՝ չի կարելի: Չնայած, ամբողջ աշխարհում լավ էլ խոտի վրա ման են գալիս, խոտն էլ լավ  աճում է: Դե հիմա այդպես է, նա, ով կառուցել է, օգտագործում է՝ խաղի իր կանոններն է ներկայացնում»:

Ինչ վերաբերում է այգի շներով մուտքի արգելքին, եւ  ոչ միայն այս այգում, այլեւ մյուս այգիներում, Մեսչյանն ասաց, որ դա իրոք խնդիր է.«Էդ այգում չեն թողնում, կներեք, դա իմ ֆունկցիան չէ: Բայց իմ անձնական կարծիքով՝ եթե ես տեսնեմ շան տերը ցելոֆան ունի ձեռքը ու շան աշխատելուց հետո ցելոֆանով կեղտը վերցնում է դնում պայուսակի մեջ, որ հետո գցի զիբիլը, ինչպես ԱՄՆ-ում է, ես խնդիր չունեմ: Բայց ես նման բաներ Երեւանում քիչ եմ նկատել»:

Ինչ վերաբերում է այս նորաբաց այգու մասին հակասական, նաեւ բացասական կարծիքներին ու շինաշխատանքների մեկնարկին բարձրացված աղմուկին, երբ դադարեցվեցին աշխատանքները, Մեսչյանն այսպիսի կարծիք հայտնեց.«Քանի որ մեզ մի պուճուր կյանք է պարգեւած, ասենք 70-80 տարի, մենք մեր կյանքի ընթացքում ապրում ենք որոշակի միջավայրում, եւ դա մեզ համար դառնում է հարազատ որոշակի միջավայրային զգացողություններ՝ ինչ-որ մի փողոց, կամ փողոցի անկյուն, նույնիսկ ծառ, նույնիսկ էդ միջանցքների հոտը: Եվ մեկ էլ հանկարծ էդ միջավայրի միջից էն ծառը, որ իր զգացողական հիշողության մեջ էր, էդ ծառը կտրվում է: Բնականաբար, իր մոտ խնդիր է առաջանում: Ճիշտն ասած՝ առաջինը, որ կտրվեց այգու մեջ՝ էն ուռենին էր, որը դուրս էր գալու դեպի Շահումյան հրապարակ: Ես էլ, ոչ թե նեղվեցի, այլ իսկապես կատաղեցի, որովհետւ սիրում էի էդ ծառը, հենց էդ էն ուռենին է, որի տակ ջուր վաճառող տղայի արձանն էր: Հենց ուռենին կտրվեց ՝արձանը կախվեց ու տեղափոխվեց Անգլիական այգի: Մի բան անելուց՝ մի բան պետք է քանդվի, կտրվի,  էդպես է, կյանքում ոչ մի բան զուտ որպես շարունակություն կուտակում չի գնում: Ի վերջո այգին կազմավորվեց, տեսեք՝ երեկոյան ասեղ գցելու տեղ չկա: Հանրապետության հրապարակում ամբողջ ժողովուրդը, որ կուտակվում էր այնտեղ, դրա կեսը իջել է ներքեւ»:

Մեսչյանի խոսքերով՝  «Հասարակութան մեջ հազար ճաշակ կա, մեկին՝ դուր է գալիս, մեկին՝ ոչ, մեկին էդ խալին կամ արձանները դուր են գալիս, մյուսին՝ ոչ: Փաստը՝ մնում է փաստ, տղերքն եկան, կառուցեցին, ավարտեցին: Ես, որպես երեւանցի, շնորհակալ եմ, լավ գործ են արել, իսկ էդ ծառը ես կպահպանեի»:

Մեսչյանն ասաց նաեւ, որ քաղաքաշինության առումով նոր այգին լավ լուծում է, քանի որ նման ճարտարապետակա լուծումները բնակիչների զբոսնելու կամ շրջելու իմաստով բաշխվածությունը հավասարապես բաժանում են:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031