Մարտի 1-ի գործով նախնական դատական նիստում, որի ընթացքում քննարկվում է ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը, շարունակվում է: Նիստին այսօր էլ ներկա է Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը:
Մենք նրանից հետաքրքրվեցինք, թե ինչ տպավորություն ունի դատավարության ընթացքից, գո՞հ է, նա ասաց, որ վերջում կերեւա, դժվար է ասել: Խոսելով դատարանի առջեւ հավաքված Քոչարյանի ընդդիմախոսների մասին՝ նա ասաց. «Չեմ հասկանում՝ ինչի՞ են եկել, հարցեր են առաջանում, բայց իրենց իրավունքն է»:
Հարցին՝ քննադատություններ կան, որ Քոչարյանի աջակիցներին փող են բաժանել, դրա համար են եկել՝ նա պատասխանեց. «Գողը առաջինն է գոռում, չէ՞, բռնեք գողին»:
Նա ասաց, որ նախորդ օրը խոսել է, թե ինչու է համացանցում ատելություն երեւում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: Մեր դիտարկմանը, որ ձեր խոսքից հետո հակափաստարկներ հնչեցին՝ նա արձագանքեց. «Ես ինչ էլ ասեմ՝ հակափաստարկներ հնչում են»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ այն, որ դուք միլիարդատեր չեք, միլիոնատեր եք, դրա հետ կապված ասում են, որ գուցե ընտանիքի անդամներից ամեն մեկն ունի 999 մլն դոլար, ձեզ ասում են, որ դուք Ռոլս-Ռոյսի պատուհանից եք երկրին նայել, դրա համար նման տպավորություններ ունեք, ինչպե՞ս կարձագանքեք՝ նա պատասխանեց. «Ասում են… ես ի՞նչ անեմ, թող ասեն»:
Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, երեկ ցանկություն էր հայտնել հանդիպել Քոչարյանի որդու՝ Լեւոնի հետ: Նա ի պատասխան ասաց, որ պատրաստ է. «Պատրաստ եմ, բայց եկեք շոու չսարքենք, էդ մարդկանց վշտի վրա տասը տարի ինչ-որ մարդիկ քաղաքական դիվիդենտներ են շահում ու հիմա էլ շարունակում են ունենալ: Ես շատ ցավում եմ զոհերի համար»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ