«Ռեկտորի թեկնածուն` իր եւ կնոջ վերաբերյալ քրեական գործի եւ ընտրվելու մասին» հրապարակումից հետո զանգահարեց Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի թեկնածու Արմեն Հարությունյանը եւ ճշտում մտցրեց: Նրա խոսքերով՝ իր վերաբերյալ որեւէ քրեական գործ չկա:
Ինչ վերաբերվում է կնոջը, այս մասին էլ ասաց. «Այն աշխատանքը, որը կատարել է կինս, ավարտական արդյունք է ենթադրում, այսինքն՝ դրա արդյունքում որոշակի նյութեր են տպագրվել՝ դիպլոմի հավելվածներ: Պետական քննություններից հետո, երբ հայտնի է նաեւ պետական քննության գնահատականը, յուրաքանչյուր ուսանողի համար ստեղծված անվանական փաստաթղթերը տանում ենք տպարան: Ուսանողները եկել ստացել են այդ դիպլոմների միջուկները, իսկ այն որ հաղորդում է եղել, որ կինս չի աշխատել, զրպարտություն է… Հիմա գործ է հարուցված, եւ գնում է քննություն»:
Հարցրինք` որպես վկա գործով իր ներգրաված լինելու մասին: «Որպես վկա ներգրավված եմ ոչ թե այդ գործով, այլ ընդհանրապես ինստիտուտում տեղի ունեցածի հետ կապված ընդհանուր քրեական գործով, ինչպես ինստիտուտի բազմաթիվ այլ աշխատակիցներ, որովհետեւ բոլորս նույն հիմնարկում ենք աշխատում»,-պատասխանեց մեր զրուցակիցը:
Նաեւ հավելեց, որ ոչ թե ինքն է հարցում կազմակերպել ռեկտորների թեկնածուների վերաբերյալ, այլ ինստիտուտի շրջանավարտները:
Կարդացեք նաև
Ավելի ուշ զանգարեց Արմեն Հարությունյանի կինը եւ զայրացած պահանջեց բացահայտել աղբյուրը, մի բան, ինչն օրենքով պաշտպանված է եւ սպառնաց դիմել ոստիկանություն: Եվ սա այն դեպքում, երբ իր ամուսինը Aravot.am-ին տված հարցազրույցում արդեն հաստատել էր, որ հիմա գործ է հարուցված եւ կատարվում է քննություն:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ֆեյսբուքյան էջից