Այսօր՝մայիսի 15-ին, ժամը 9։00-ից Երևանի պետական դպրոցներում սկսեց գործել առաջին դասարանցիների ընդունելության առցանց հերթագրման hayt.emis.am կայքը։
Վերջին մի քանի օրերին բազմաթիվ դպրոցներ ահազանգեր են ստանում՝ կապված ծրագրային դժվարությունների և մի շարք մտահոգիչ հարցերի հետ։ Aravot.am-ի հետ զրույցում մի ծնող անհանգստություն հայտնեց. «Մտահոգված եմ՝ արդյոք երեխաս կընդունվի՞ դպրոց: Մարդկանց ավելորդ լարվածության մեջ են դնում․արդեն մի քանի օր է՝ համակարգում պահանջվող թղթերն եմ կարգավորում՝ այստեղ-այնտեղ վազելով։ Մեծ կլինի հիասթափությունս, երբ երեխաս չընդունվի մեր նախընտրած հաստատություն»։
Ծնողները նաև մտահոգված են՝ արդյոք երեխան կընդունվի՞ բնակության վայրին հարակից կամ հարազատ դպրոցը, տվյալների անհամապատասխանության դեպքում հնարավո՞ր է երեխան դուրս մնա և այլն։ Ֆեյսբուքյան շատ օգտատերեր իրենց մեկնաբանություններում նշում են նաև Հայաստանի քաղաքացիություն և անձնագիր չունենալու հանգամանքը։
Ծնողների մեծամասնությունն այն կարծիքին է, որ ընդունելության առցանց հայտագրում իրականացնելու և ծնողների գործը կրկնապատկելու փոխարեն գերադասելի է բարելավել կրթության որակը ուսումնական հաստատություններում։
Կարդացեք նաև
Մարզային դպրոցի ուսուցիչներից մեկն էլ, ամենևին չկարևորելով առաջին դասարանցիների առցանց հայտագրման գործընթացը, առաջարկում է համապատասխան գերատեսչություններին ուշադրություն դարձնել ավելի մտահոգիչ խնդրի վրա՝ անբարեկարգ և ուսումնաօժանդակ պարագաներով աղքատ դպրոցներին ապահովել համապատասխան գույքով, որը կբարելավի ուսումնական գործընթացը։
ԿԳՆ կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արտակ Պողոսյանն այդ առթիվ բազմիցս նշել է, որ որևէ մեկին թույլ չի տրվելու թղթային տարբերակով հայտագրել երեխային, իսկ առավելություն կտրվի միայն տվյալ դպրոցում արդեն իսկ սովորող երեխա ունենալու դեպքում․«Այն ծնողը, որը համակարգում կնշի, թե տվյալ դպրոցում սովորող երեխա ունի, համակարգը կստուգի մուտքագրված տվյալները և հաստատում գտնելուց հետո կհայտագրի մյուս երեխային»:
Շատ են նաև այն ծնողները, ովքեր դժգոհում են տեխնիկայի և կապի անհասանելիության և դրանից օգտվելու հմտություններ չունենալու հանգամանքից, թեև Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի՝ ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը հայտարարել էր, որ առաջացած դժվարությունների դեպքում դպրոցը կստանձնի վերջիններիս օգնելու պարտավորությունը։ Այստեղից հետևում է, որ հասարակության շրջանում, առաջին հերթին, կա տեղեկատվության պակաս։
Տեղեկացնենք, որ հայտագրման գործընթացն ավելի պարզեցնելու նպատակով Կրթության և գիտության նախարարությունը հրապարակել է առցանց հայտագրման ուղեցույց։ Տեսահոլովակի տեսքով մանրամասնորեն բացատրվում է հայտագրման քայլերի հաջորդականությունը և հնարավորություն տալիս ավելի մատչելի պատկերացնել ողջ գործընթացը։
Ստորև ներկայացնում ենք ԿԳՆ հետևյալ հայտարարությունը․
«Ի գիտություն ծնողների
Նկատի ունենալով, որ որոշ քաղաքացիներ առցանց հայտագրման ընթացքում կարող են ունենալ տեխնիկական խնդիրներ` Կրթության և գիտության նախարարությունը Երևանի բոլոր վարչական շրջաններում առանձնացրել է մեկական ավագ դպրոց, որտեղ մայիսի 15-ից սկսած յուրաքանչյուր աշխատանքային օր քաղաքացիները կարող են ստանալ խորհրդատվություն և աջակցություն»:
Անուշիկ ՅՈԼՉԻՆՅԱՆ