Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ում «փոշմանել» են. իշխանություններին դեմ չեն. «Ժողովուրդ»

Մայիս 15,2019 12:15

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հայ հեղափոխական դաշնակցության նոր ձեւավորված Գերագույն մարմնում իսկական «հեղափոխություն» է տեղի ունեցել։ Ըստ մեր տեղեկությունների՝ ԳՄ-ականները որոշել են այլեւս առճակատման չգնալ ներկայիս իշխանությունների հետ, քանի որ, ըստ իրենց, ժողովուրդը շարունակում է «երկու ձեռքով» սատարել ներկայիս իշխանություններին ու անիմաստ է տարբեր հայտարարությունների միջոցով վատաբանել իշխանությունների վարած քաղաքականությունը՝ այդկերպ հանրությանը տրամադրելով հենց ՀՅԴ-ականների դեմ։

Հիշեցնենք, որ ՀՅԴ-ականները «ակտիվացան» այն ժամանակ, երբ օրերս Հրայր Թովմասյանի գլխավորած ՀՀ ՍԴ-ն սահմանադրական ճանաչեց 2018թ. հոկտեմբերի 2-ին «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը։ Խոսքն այն օրինագծի մասին է, որը մեծ աղմուկ բարձրացրեց՝ առիթ հանդիսանալով արագացնելու նախորդ խորհրդարանն իրավունքի ուժով արձակելու եւ ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու գործընթացը։

Այս որոշումից հետո ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հանդես էր եկել հայտարարությամբ. «Այն, ինչ եղավ հոկտեմբերի 2-ին, ոչ այլ ինչ էր, քան սահմանադրական կարգի տապալման փորձ։ Քննությունն էլ ժամանակի ընթացքում տեղի կունենա, ժամանակը կգա եւ բոլոր հարցերը կդնի իր տեղը»։ Ա. Ռուստամյանի հայտարարությունից հետո տեղեկություններ տարածվեցին, որ ՀՅԴ-ում քննարկում են, թե ինչ ձեւաչափով «դեմ» դուրս գան իշխանություններին ու ապացուցեն, որ նրանք իշխանության են եկել սահմանադրական կարգը տապալելու միջոցով։

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն այս հարցերի շուրջ զրուցել Է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Տարոն Տոնոյանի հետ։

–Պարոն Տոնոյան, ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ՀՅԴ-ն նպատակ ունի առաջիկայում քայլեր ձեռնարկել իշխանությունների դեմ՝ ապացուցելով, որ նրանք իշխանության են եկել՝ սահմանադրական կարգը տապալելով։ Որքանո՞վ են իրատեսական այդ տեղեկությունները, ի՞նչ է պատրաստվում անել ՀՅԴ-ն այս փուլում։

–Գերագույն մարմնում նման հարց չի քննարկվել, մենք չենք ուզում այդ ճանապարհով գնալ, որովհետեւ այս պահին բացարձակ դրա անհրաժեշտությունը չենք տեսնում։ Մենք քննարկել ենք, որ առանց այդ էլ հասարակությունում բավականին արդեն մեծ լարվածություն կա, ու այս պարագայում բացարձակ դրա անհրաժեշտությունը չենք տեսնում։ Ասեմ ավելին՝ ընդհակառակը՝ մենք ցանկանում ենք առաջիկայում կոչով հանդես գալ, երկուստեք փոխադարձաբար զսպվածության կոչ անենք։ Այս ատելության միջավայրը, որ հիմա առկա է Հայաստանում, լավ չէ, ու մեզ համար ընդունելի չի, օրինակ, Վիտալի Բալասանյանին գող, ավազակ, սրիկա են ասում, կամ հենց Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի դեմքը Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի դեմքով են ներկայացնում եւ այլն, դրանք մենք անընդունելի ենք համարում, նման բաները շատ վատ են հասարակության համար:

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031