2020 թվականի սկզբից սկսվելու է մետրոպոլիտենի նոր կայարանի շինարարական աշխատանքները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։ Նա նշեց, որ մետրոպոլիտենի նոր կայարանն ու ճոպանուղու կառուցման աշխատանքները քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են, սակայն քաղաքապետարանը չունի հնարավորություն, որպեսզի դրանք կառուցվեն համայնքային բյուջեի հաշվին, բանակցում են կառուցապատողների հետ: Ճարտարապետն ասաց, որ կան կառուցապատողներ, բայց անուններ չտվեց, այդ մասին հաջորդ ասուլիսին կխոսի:
Ճարտարապետը հույս հայտնեց, որ մինչեւ հունվար կավարտեն նախագծային աշխատանքները: Մեսչյանի խոսքերով՝ շինաշխատանքները կսկսեն կամուրջից, հետո դրա վրա կտեղավորվի կայարանը.«Շատ բարդ խնդիր է։ Պետք է տարբեր ոլորտների մասնագետների ներգրավվում, մենք աշխատում ենք այդ մասնագետների հետ, որպեսզի վերջնականապես ճշտենք մետրոպոլիտենի քաղաքականությունը եւ բոլոր նրբությունները, որ կապված են այդ ծրագրի հետ»:
Ինչ վերաբերում է ճոպանուղուն, ապա դրա կառուցմամբ, ըստ Մեսչյանի, կթեթեւացվի Նորքի եւ Կենտրոնի կապն ու տրանսպորտային ծանրաբեռնվածությունը. «Կապը լինելու է 2-րդ զանգվածից մինչեւ նախկին Պոլիտեխնիկ ինստիտուտի հանրակացարանների տարածքը՝ Աբովյանի պուրակի տարածքում: Հետագայում զարգացում կլինի՝ Հաղթանակի այգի, բայց սկզբնական խնդիրը Կենտրոնը Նորքին կապելն է»: Մեսչյանն ասաց, որ ճոպանուղու ծրագրի իրականացումն էր պետական բյուջեի հաշվին չի լինի:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Կարդացեք նաև