Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Որտեղի՞ց իմանանք, թե որտեղ ինչ թափուր հաստիք կա. «Հրապարակ»

Մայիս 15,2019 11:36

Քաղծառայության ինստիտուտը Հայաստանում հիմնովին փոփոխվում է։ Դեռ նախկին իշխանությունների օրոք ընդունվեց նոր օրենք, որով սահմանված է, որ յուրաքանչյուր պետական մարմին ինքն է ընտրելու իր կադրերը։ Քաղծառայողներ համարվեցին նաեւ պաշտոնյաները, որոնք նախկինում չէին համարվում այդպիսին՝ ԱԴ-ի, ԲԴԽ-ի, Ազգային ժողովի աշխատակազմեր։

Քաղաքացիական ծառայության խորհուրդը, որը չինովնիկական ապարատի կադրային համալրման գլխավոր պատասխանատուն էր, վերացվեց, եւ դրա փոխարեն ստեղծվեց քաղծառայության գրասենյակ, որն ավելի շատ մեթոդական հարցերով ու իրավական նախագծերի մշակմամբ է զբաղվում։ Նախատեսված է, որ նոր իրավակարգավորումների փաթեթն ամբողջությամբ կգործի հոկտեմբերից։ Իսկ այս պահին քաղաքացիները, որոնք ցանկանում են քաղծառայողներ դառնալ, չգիտեն որտեղից ինֆորմացիա ստանալ, թե ինչ կարգեր են գործում, քանի որ տեղեկացման կենտրոնացված համակարգը, որը վարում էր քաղծառայության խորհուրդը, վերացել է այս մարմնի լուծարման հետ։ Ինչպե՞ս քաղաքացիները կարող են մասնակցել քաղծառայության մրցույթների։ «Հրապարակի» հարցերին պատասխանեց քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Գարուշ Դավթյանը։

– Պարոն Դավթյան, մարդիկ, ովքեր ուզում Են քաղծառայող դառնալ, որտեղի՞ց կարող են իմանալ, թե պետական որ մարմիններում ինչ թափուր հաստիք կա։

– Յուրաքանչյուր պետական մարմնի կայքում իրենց թափուր հաստիքների մասին հայտարարությունները դրվում են եւ առանց դրանք տեղադրելու չեն զբաղեցվում։ Սա անցումային փուլի կարգավորում է, մինչեւ որ միասնական էլեկտրոնային հարթակը կմշակվի, որտեղ բոլոր թափուր հաստիքները տեսանելի կլինեն՝ եւ ոչ միայն հայտարարման պահից, այլ այն պահից, երբ թափուր կմնան։ Վաղն այդ տեղեկատվությունն ավելի թափանցիկ կլինի, քան այսօր։

– Բայց Նախկինում կար ընդհանուր հարթակ, Քաղծառայության խորհրդի կայքում տեղեկատվություն էր տեղադրվում բոլոր մարմինների ազատ տեղերի մասին։ Պատրաստի համակարգ էր, որը վերացվեց։

– Ոչ, այն ժամանակ, երբ որ մրցույթը հայտարարում էին, քաղծառայության թերթում հրապարակվում էր, հետո այդ հայտարարությունը դնում էին խորհրդի կայքում։

– Այո, բայց մարդիկ գիտեին այն մի տեղը, որտեղից կարելի էր ինֆորմացիա ստանալ։

– Այնքան էլ այդպես չէ։ Նախարարություններ կային, որ իրենց պաշտոնները հրապարակում էին իրենց թերթում՝ օրինակ, արտակարգ իրավիճակների նախարարությունը, իսկ ընդհանուր կայքում այդ հայտարարությունները չկային։ Մենք այդ խնդիրը լուծելու համար այս մեխանիզմին ենք գնացել։

– Երբ է գործելու այդ նոր միասնական համակարգը։

–  Քանի որ գնացել ենք ապակենտրոնացված համակարգի, հիմա անցումային փուլում ենք։ Առաջիկա երկու ամսում մրցույթները դեռ կիրականացվեն ներկայիս տեսքով, բայց մինչեւ տարեվերջ հույս ունենք, որ նոր համակարգը կներդրվի։ Այստեղ, ավելի շուտ, ծրագրային խնդիրներ կան։ Ընդհանուր օրենսդրությունն ու կարգավորումները պատրաստ են։ Բայց մարմինները պետք է անցնեն գնահատման, դասակարգման նոր մեխանիզմի, ու այդ ժամանակ արդեն կկարողանանք մրցույթները հայտարարել։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031