Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Զերծ մնալ «լարվածության կուտակումներից»

Մայիս 15,2019 10:00

Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակությունները, որքան էլ դա դժվար լինի, պետք է շփման եզրեր գտնեն եւ խաղաղությանն ուղղված երկխոսության հաստատելու ուղղությումբ քայլեր ձեռնարկեն: Սա, որքան հասկանում եմ, Հայաստանի նոր իշխանությունների կարեւոր թեզերից մեկն է, որը, չնայած քննադատության է ենթարկվում, իմ կարծիքով, միանգամայն ընդունելի է: «Անհրաժեշտ է զերծ մնալ ատելության միջավայրի, անհանդուրժողականության և լարվածության կուտակումներին ուղղված քայլերից», – գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Արցախյան ճակատում հրադադարի 25-ամյակին նվիրված իր ուղերձում:

Միանգամայն ճիշտ ցանկություն է: Բայց եթե այն ճիշտ է Հայաստանի եւ Ադրբեջանի, հայերի եւ ադրբեջանցների դեպքում, ապա երիցս ճիշտ է նաեւ հայերի եւ… հայերի պարագայում: Հայաստանում, Արցախում, Սփյուռքում ապրող բոլոր հայերի դեպքում ավելի շատ է պետք զերծ մնալ «լարվածության կուտակումներին ուղղված քայլերից»: Արցախի անվատանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի մեկնաբանությունը Դուշամբեում «վերելակում» ձեռք բերված պայմանավորվածությունների մասին կոռեկտ չէր  եւ, կարծում եմ, սխալ էր նաեւ բովանդակային առումով, որովհետեւ այդ պայմանավորվածությունները, համենայնդեպս, մինչեւ այս պահը թուլացրել են լարվածությունը Ադրբեջան-Արցախ շփման գծում: Վարչապետի մամուլի քարտուղարի արձագանքը, որտեղ նա Բալասանյանին համեմատում է Աշոտյանի եւ Շարմազանովի հետ, նույնպես կոռեկտ չէ: Ընդհանրապես, ես կարծում եմ՝ միշտ չէ, որ պետք է «աբառոտկա ֆռալ», «պորտը տեղը դնել» ու «շշպռել»: Դե, իսկ Հայաստանի իշխանության չափից դուրս բուռն երկրպագուների հայhոյական հարձակումները Բալասանյանի վրա միանգամայն սպասելի էին:

Արցախի ներկա եւ նախկին նախագահների դիմումը ՀՀ դատախազին՝ Քոչարյանին ազատ  արձակելու խնրդանքով սխալ էր թե՛ իրավական, թե՛ քաղաքական տեսնակյունից: Իրավաբանորեն նման որոշում կարող է կայացնել միայն դատարանը (եւ երեկ Արցախի ղեկավարներն այդ սխալը, կարծես թե շտկեցին՝ երաշխավորագիր ներկայացնելով դատարան), քաղաքական առումով Հայաստանի հասարակական կարծիքն այսօր չափազանց լարված է Քոչարյանի դեմ, եւ դրա համար մեր քաղաքացիները հիմքեր ունեն: Այդ հուզական դաշտն այն տեղը չէ, որտես պետք է մտնեն այլ պետությունների ղեկավարները: Ի պատասխան դրա՝ Արցախին կամ նրա ղեկավարությունը հեղափոխությամբ սպառնալը նույնպես ամենաիմաստուն քայլը չէ՝ նախ այն պատճառով, որ դա տղայական կեցվածք է՝ «որ մեզ բան ասեք, մենք ձեզ գահից կքցենք», երկրորդ՝ կարծես թե բոլորս շահագրգռված ենք, որ Արցախի հանրապետությունում կայուն վիճակ լինի:

Հիմա ընթանում է ՀՀ Երկրորդ նախագահի դատավարությունը, եւ ես չէի ասի, որ իշխանության կողմնակիցները զերծ են մնում  «ատելության միջավայրի, անհանդուրժողականության և լարվածության կուտակումներին ուղղված քայլերից»:

Արամ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Կը մնայ գիտնալը թէ՝ այս կացութեան գոյացումը դիտումնաւո՞ր է:

    Եթէ այո, ապա ինչո՞ւ, ի՞նչ նպատակով… Այդ մէկը թող մնայ դաւադրական տեսութիւններու դաշտին մէջ:

    Իսկ եթէ ոչ, եթէ նոր իշխանութիւնը իսկապէս չնախատեսեց թէ այս նիւթը այս աստիճան պառակտիչ պիտի ըլլայ (այո, «բեւեռացումը»ը ճիշդ բառն է. ես ինքս կեանքումս երբեւիցէ այս կերպով եւ այս աստիճան չեմ պաշտպանած Ռոբերտ Քոչարյանը, եւ փաստօրէն իմ նման շատ ուրիշներ ալ կան, դեռ միայն արտայայտուողները նկատի առնելով), ուրեմն, իր անսահման խանդավառութեան մէջ նոր իշխանաւորներու վերնախաւը դժուարութիւն ունի գիտակցելու իրականութեան, անկարող է իրմէ դուրս ոեւէ մէկը լսելու իսկ, եւ հիմնականօրէն գործում է անզուսպ impulse-ներով: Վիճակ մը, որ կարող է տանիլ դեռ ասկէ շատ աւել քանդիչ կացութիւններու, ներազգային եւ արտաքին ճակատների վրայ:

  2. Garo says:

    Չհասկացե թե Քոչարյանին կալանքից ազատելու կոչի մեջ ինչ վատ բան կա:
    ՊՊԾ գունդը գրաված ու 3հոգու սպանած ահաբեկիչների պարագլուխներին կարելիա կալանքից ազատել իսկ նա՛կին նախագահին ոչ:
    Որ ասում են կխոչնդոտի քննությանը ծիծաղելիա: Բա ասում են նենց ապացույցներ ունենք շոկային ցնցող չգիտեմ ինչ: Բա որնա պրոբլեմը: Նու ասենք ամենավատագույն դեպքում մի քանի վկայի ճնշեց ստացվումա ողջ հույսները էտ մի քանի վկաների ցուցմունքներն են՞
    Կամ ասենք դատը կարա 2տարի շարունակվի ստացվումա մարդը տարիներով պիտի կալանքի տակ մնա՞

    Եթե դատարանը կալանքից չազատի իմ համար ևս մի ապացույց կլինի, որ հասարակ վենդետայա:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031