Լրահոս
Օրվա լրահոսը

Արեւմտյան քաղաքագիտությունն ու Հայաստանի ձախողված անցումը

Մայիս 15,2019 13:30

«Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ, Լիհայի համալսարանի դասախոս Արման Գրիգորյանը

– Պարոն Գրիգորյան, անցյալ տարի հոկտեմբերին Nationalities Papers գիտական պարբերականում լույս տեսավ «Ղարաբաղյան Հակամարտությունն ու Հայաստանի Ձախողված Անցումը» վերնագիրը կրող Ձեր հոդվածը։ Կարո՞ղ եք համառոտ ներկայացնել հոդվածի բովանդակությունը։

– Հոդվածի հիմնական լսարանն արեւմտյան, հատկապես ամերիկյան, քաղաքագիտական համայնքն է, եւ հատկապես այդ համայնքի` մեր տարածաշրջանով հետաքրքրվող հատվածը։ Սույն հատվածի մոտ բավական երկար ժամանակ գերիշխող է դարձել այն տեսակետը, որ ետխորհրդային տարածքի մեծ մասում 1990-ականներին տեղի էին ունենում ոչ թե ազատական բարեփոխումներ եւ անցում ժողովրդավարական կառավարման, որոնք ժամանակի ընթացքում ինչ-ինչ պատճառներով ձախողվեցին որոշ երկրներում, այլ հին կոռումպացված վերնախավերի կերպարանափոխություններ նոր գաղափարական աղմուկի ուղեկցությամբ կամ նորերի ձեւավորում, որոնք պարզապես շահագործեցին զանգվածային շարժումների էներգիան նոր կոռումպացված բուրգեր կառուցելու համար։ Նրանց ժողովրդավարական կարգախոսները ընդամենը տուրք էին նորաձեւությանը առանց իրական բովանդակության։ Մասնագետների այս խումբը նաեւ հորդորում է չշփոթել զանգվածային շարժումները ժողովրդավարության պահանջի հետ, եթե այդ շարժումների ոգեշնչման աղբյուրն ազգայնականությունն է։ Այս դպրոցին պատկանող հեղինակները, ի թիվս այլ շարժումների, նկարագրում են Հայոց Համազգային Շարժումը որպես տիպիկ ազգայնական շարժում եւ պնդում, որ Ղարաբաղյան պատերազմը ոչ թե Արցախի հայության ինքնորոշման իրավունքի պահանջը ժխտելու հետեւանք էր, այլ արհեստականորեն հրահրված հակամարտություն, քանի որ պատերազմը հեշտացնելու էր որոշ ուժերի ու վերնախավերի տնտեսական ու քաղաքական դիրքերի ամրապնդման գործը։ Իմ հոդվածի հիմնական փաստարկն այն է, որ Հայաստանի պարագայում այս գրականությունն ամեն ինչ գլխի վրա շուռ տված է նկարագրում, որ ոչ թե ինչ-որ առասպելական, կոնսպիրատիվ վերնախավեր պատերազմ հրահրեցին, որպեսզի տնտեսական ու քաղաքական շահ ստանան դրանից, այլ պատերազմը, որն իրականում ինքնորոշման իրավունքի ժխտման հետեւանք էր, այլասերեց Հայաստանի քաղաքական կյանքը եւ ի վերջո խաթարեց երկրի ժողովրդավարականացման գործընթացը, որն ավելի քան իրական էր 1990-ականների առաջին կեսին։ Ասեմ նաեւ, որ այս խնդրի վերաբերյալ իմ հետաքրքրությունը սահմանափակված չէ Հայաստանի այդ շրջանի պատմությամբ ու Արեւմուտքում դրա աղճատված ընկալմամբ։ Ես հոռետեսորեն եմ վերաբերվում արեւմտյան քաղաքագիտության մեջ չափազանց մեծ աջակցություն վայելող, այսպես կոչված, «ժողովրդավարական խաղաղության» տեսությանը, ըստ որի` ժողովրդավարական երկրների միջեւ ռազմական բախումներ չեն լինում, որովհետեւ ժողովրդավարական կառավարման համակարգն ու ժողովրդավարության նորմերն արգելքներ են ռազմական հակամարտությունների ճանապարհին։ Ես ավելի համոզիչ եմ համարում այն հիպոթեզը, որ իրականում պատճառի ու հետեւանքի տեղերը պետք է փոխել. ոչ թե ժողովրդավարական երկրները միմյանց հետ չեն բախվում իրենց նորմերի ու քաղաքական կառույցների ստեղծած արգելքների պատճառով, այլ հակամարտություններ չունեցող կամ իրենց հակամարտությունները լուծած երկրների համար հեշտանում է ժողովրդավարական դառնալն ու մնալը։ Այսինքն` փաստը, որ ժողովրդավարական պետությունների միջեւ պատերազմներ չեն լինում, ինչի վրա հիմնված է «ժողովրդավարական խաղաղության» տեսությունը, ամենայն հավանականությամբ անիմաստ փաստ է, սխալ սկզբունքով կատարված վիճակագրական սելեկցիայի հետեւանք։ Այդ փաստից հետեւություն անելը, թե ժողովրդավարական կառավարումն է կանխում ժողովրդավարական պետությունների միջեւ ռազմական բախումները, նույնն է, թե ասես, որ սպորտով զբաղվելը կանխում է էպիլեպսիան, որովհետեւ էպիլեպտիկ սպորտսմեններ չեն լինում, մինչդեռ էպիլեպտիկ սպորտսմեններ չեն լինում, որովհետեւ էպիլեպսիայով տառապող մարդիկ սպորտսմեններ չեն դառնում։ Ես լուրջ կասկածներ ունեմ, որ «ժողովրդավարական խաղաղության» տեսության պարագայում նույնանման մի երեւույթի հետ գործ ունենք։ Խաղաղության ազդեցությունը ժողովրդավարության վրա շփոթում են խաղաղության վրա ժողովրդավարության ազդեցության հետ։ Հոդվածը գրելու կարեւոր շարժառիթներից մեկն էլ այս բանավեճին մասնակից դառնալն էր, քանի որ իմ կարծիքով Հայաստանը հրաշալի օրինակ է` թե ինչպես կարող է պատերազմը խաթարել երկրի ժողովրդավարացումը։

– Ձեր փաստարկի մեջ մի քանի շերտ ու մասնավոր պնդում կա, որոնց ուզում եմ ավելի մանրամասն անդրադառնալ։ Դուք հատկապես ի՞նչն եք համարում խնդրահարույց Ձեր նշած արեւմտյան մասնագետների այն պնդման մեջ, թե Ղարաբաղյան շարժումն ազգայնական շարժում էր։

– Ինչպես մի ժամանակ Խորհրդային Միությունում էր, Միացյալ Նահանգներում նույնպես հաճախ տարբերություն չեն դնում ազգային-ազատագրականի ու ազգայնականի միջեւ, ինքնորոշման իրավունքի ու ազգայնականության միջեւ։ Երեւի կայսրություն լինելու հետեւանք է։ Չնայած` երբեմն երբ շահերը թելադրում են տարբերություններ տեսնել, այնպես չէ, որ այդ տարբերությունները չեն տեսնում։ Ասենք` ամերիկացիները Կոսովոյի ալբանացիների ու չեչենների շարժումները ազատագրական էին համարում, կամ նույնիսկ դիմադրություն իրենց դեմ ուղղված ցեղասպանական գործողությունների դեմ, բայց այ օսեթներին ու աբխազներին համարում էին ազգայնական սեպարատիստներ։ Այս կարգի գռեհիկ երեսպաշտությունն, իհարկե, ավելի շատ զանգվածային լրատվության ու պետական քարոզչությանն է հատուկ, բայց գիտական շրջանակներում նույնպես սա հազվագյուտ երեւույթ չէ։ Սրան զուգահեռ, գոյություն ունի մի այլ տարածված տարբերակում։ Դա տարբերակումն է, այսպես կոչված, «էթնիկ» ու «քաղաքացիական» (civic) ազգայնականությունների միջեւ։ Եթե առաջինի հիմքում ընկած է էթնոսի գաղափարը, որը քաղաքական համայնքից ավտոմատ կերպով դուրս է դնում այլազգիներին ու փոքրամասնություններին, դրանով նախադրյալներ ստեղծելով նրանց նկատմամբ խտրական վերաբերմունքի կամ նրանց էթնիկական զտման թիրախ դարձնելու համար, երկրորդի հիմքում ընկած է քաղաքացիության սկզբունքը, որն ավելի բաց ու ներառական սկզբունք է։ «Էթնիկ» ազգայնականություն ասելով՝ նաեւ հասկանում են գաղափարախոսություն, որը ենթադրում է տվյալ էթնոսի պատմության առասպելականացում, որոշ այլ էթնիկական խմբերի դեմոնիզացիա, ինչպես նաեւ սեփական էթնոսին հատուկ իրավունքների ու առաքելությունների վերագրում։ Վերջապես, «էթնիկ» ազգայնականությունը դիտվում է որպես հակաազատական, հակաժողովրդավարական գաղափարախոսություն։ Ղարաբաղյան շարժումը եւ Հայոց Համազգային Շարժումը խնդրո առարկա գրականության մեջ հաճախ հենց այս գույներով են նկարագրվում։ Ես հոդվածում փորձել եմ ցույց տալ, որ դա իրականության խայտառակ խեղաթյուրում է։

– Բայց այնպես չէ, որ Հայաստանում ազգայնականության այդ տեսակի ջատագովներ չկային։

– Ազգայնականության այդ տեսակի ջատագովներ, իհարկե, կային Հայաստանում։ Նոմենկլատուրային մտավորականության մի զգալի հատվածը, օրինակ, հենց այդ տեսակի ազգայնականության կրող էր։ Զորի Բալայանն այդ հատվածի հատկապես ագրեսիվ, բայց ոչ միակ, խոսափողն էր։ Դրա ջատագովն էր Դաշնակցությունը։ Հետագայում պարզվեց, որ ազգայնականության այդ տեսակի ջատագովներ էին նաեւ Վազգեն Մանուկյանն ու նրա համախոհները իրենց համաշխարհային ազգով, ազգային հատուկ առաքելության մասին տեսլականներով, ու ժողովրդավարության հանդեպ անթաքույց թշնամանքով։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ այդ ուժերը պարտվեցին քաղաքական ու գաղափարախոսական պայքարում մի ուժի, որը դավանում էր «նորմալ» պետության գաղափարը, որի ղեկավարը «ազգային գաղափարախոսություն» կոչվածը կեղծ քաղաքական կատեգորիա էր որակել, որի վերաբերմունքը «համաշխարհային ազգի» ու այլ հատուկ առաքելություններ ենթադրող գաղափարներին մոտենում էր սատիրայի ժանրին։ Բայց եթե Հայաստանի այդ շրջանի պատմության մասին ոչինչ չիմանաս ու փորձես հասկանալ, թե ինչ էր կատարվում այնտեղ 90-ականներին նշածս գրականության միջոցով, տպավորություն կստանաս, որ այնտեղ իշխանության ղեկին Դաշնակցությունն ու ԱԺՄ-ն էին։

Շարունակելի

Մ. ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

14.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031