Հարցազրույց ծնունդով ԱՄՆ-ից՝ հայազգի սցենարիստ Մայքլ Շաթթոյի հետ
– Օրերս Art cafe արվեստանոցում ձեր սցենարով եւ ռեժիսուրայով իրականացրած «Հյուրեր» սեւ հումորով շաղախված ներկայացումը մեծ հետաքրքրություն էր առաջացրել: Նախ՝ աշխարհում ներկայացումների ձեւաչափը գնում է դեպի ինտերակտիվ բեմադրությունների, ինչի ականատեսը եղանք եւ երկրորդ, տեւական ժամանակահատված է, ինչ արվեստագետների շրջանում խոսակցություն է պտտվում ձեր անվան շուրջ. Դուք՝ 25-ամյա երիտասարդ ստեղծագործողդ Նյու Յորքից ժամանել եւ հիմնվել եք հայրենիքում:
– Դա այդպես է: Մինչ հայաստանյան հեղափոխությունն էր՝ որոշում կայացրի, եկա եւ հաստատվեցի հայրենիքում: Ստեղծագործելու համար, համոզված եմ, անհրաժեշտ է փոփոխություն՝ մուսա: Իսկ սցենարիստի համար՝ առավել եւս:
Հայաստանում մասնակիցը դարձա հեղափոխության: Ներսս, լավ իմաստով, տակնուվրա եղավ: Ամերիկայում թե՛ ընտանիքում, թե՛ մտերիմներիս շրջանում խորհրդային կարգերի փլուզումից հետո ամենօրյա թեմա էր դարձել Հայաստանը…
– Կուզեինք լսել հենց այդ շրջանի ձեր կարծիքը հայաստանյան մշակութային անցուդարձի մասին:
– Կպատասխանեմ առանց մանրամասնելու: Իրականացվեց հեղափոխություն: Հիմա ժամանակն է իրականացնել մշակութային հեղափոխություն հենց թատրոնի եւ կինոյի ոլորտում:
– Մեզ մոտ նման ներկայացումներ արվում են: Դուք առաջինը չեք: Այնուամենայնիվ, Երեւանում ձեր ինտերակտիվ այս աշխատանքը կարելի՞ է դիտարկել իբրեւ մշակութային հեղափոխության սկիզբ:
– Ինչու չէ: Աշխարհում մեծ հաշվով ներկայացումների ձեւաչափը փոխվել է՝ այն գնում է դեպի ինտերակտիվ բեմադրություններ: Հանդիսատեսը իրեն ազատ է զգում, դառնում ներկայացման մասնակից. ընթացքում սուրճ է խմում, գինի վայելում, մտքեր փոխանակում… Շփվելով հանդիսատեսի հետ, հասկացա, որ նա ընդունեց այս ձեւաչափը: Մարդուն այսօր շեղում է նորագույն տեխնիկան եւ նրան ոչ թե հարկավոր է, այլ անհրաժեշտ է կատարսիս:
– Տեղեկացրեք, խնդրեմ, ԱՄՆ-ում ձեր ուսման եւ գործունեության մասին:
– Նյու Յորքում ուսանել եմ Circle in the Square` թատերական դպրոցի երկու արվեստանոցներում՝ դրամատիկ եւ մյուզիքլի դերասան: Ուսումնառությանս ընթացքում ինձ ձգում էր սցենարիստի աշխատանքը: Դա էր պատճառը, որ ընտրեցի ճանաչված ստուդիաներից մեկը՝ Michael Howard, որտեղ ուսանում են միաժամանակ երեք բաժիններում՝ դերասանական, ռեժիսուրա եւ սցենարական: Այդ տարիներին գրել եմ սցենարներ կարճամետրաժ ֆիլմերի եւ մեկ գործողությամբ ներկայացումների համար: Ափսոս, որ նոր-նոր եմ սկսել հայերեն գրել-կարդալ սովորել…
Առանց մանրամասնելու ասեմ, որ Նյու Յորքը օվկիանոս է, ստեղծագործողներն էլ ձկնիկներ: Երեւանը լիճ է, որտեղ ստեղծագործողը ձկնիկից կարող է վերաճել ձկան: Սիրում եմ ծննդավայրս, բայց այնտեղ կարդացող չկա, լսող չկա, երիտասարդին շանս չեն տալիս… Ոչ մեկը տաղանդ ման չի գալիս: Ինչ եկել եմ Հայաստան, չեմ չափազանցնում, անծանոթներն են հետաքրքրվում ինձանով: Ձեռք են մեկնում, առաջարկում իրենց օգնությունը: Բեմադրությանս իրականացումը ձեզ վկա:
Ի դեպ, ուզում եմ նշել, որ լավ եմ ուսումնասիրել խորհրդային շրջանի ֆիլմերը, այդ թվում՝ հայկական: Դրանցում անկրկնելի ու հիանալի սեւ հումոր կա: Օրինակ՝ «Թթենի», «Մենք ենք մեր սարերը», «Հարսնացու հյուսիսից», «Ոսկե ցլիկը»… Ինչն այսօր բացակայում է: Սիրում եմ «խաղալ» իրականության եւ ոչ իրականության մեջտեղում:
– Այնքան եք սիրահարված սեւ հումորին, որ որոշեցիք հայրենիքում առաջին անգամ ներկայանալ հենց այդ ժանրով…
– Այո՛: Պիեսում հյուրերը եկել են արդեն, բայց նրանց դիմավորող տանտերը չկա: Նրանք որոշում են չսկսել ընթրիքը, մինչեւ հյուրասիրող կողմի ժամանումը: Եվ այդ ընթացքում տեղի են ունենում տարբեր զրույցներ:
Ի դեպ, միմյանց չճանաչող հյուրերի մտքերի փոխանակումը սիրահարության՝ անկեղծ խոստովանության, բամբասանքի, հրմշտոցի տեղիք են տալիս…
– Բայց այդպես էլ սցենարով տանտերերը չեն հայտնվում…
– Այո՛: Ես դա թողել եմ հանդիսատեսի երեւակայությանը: Մի հանդիսական ներկայացման ավարտից հետո հարցրեց՝ հնարավո՞ր է, որ տանտերը մեր վարչապետն ու նրա տիկինն էին… Նշեմ, որ իմ դրամատուրգիան զերծ է քաղաքականությունից:
– Հաջորդ սցենարական աշխատանքում ի՞նչ խնդիր եք բարձրացնելու:
– Աշխարհում չափն ու սահմանը անցած ամուսնալուծության թեման:
Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
Լուսանկարները՝ ԱՐԱ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ,
14.05.2019