Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհրաբ Մնացականյան. «Եվրամիության համար բավական կարևոր հարց է, որքանով են իրենք սկզբունքային և հետևողական իրենց դիրքորոշումների մեջ»

Մայիս 14,2019 23:40

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պատասխաններն «Առավոտի» հարցերին՝ Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված Բարձր մակարդակի համաժողովից հետո

-Առաջին հարցը. ըստ էության պարզ դարձավ, որ Ադրբեջանի յուրօրինակ վետոյի շնորհիվ ձախողվել է ընդունել երեք հռչակագիր և անհրաժեշտ փաստաթղթեր, քանի որ նրանք ցանկանում էին, ինչպես այսօր բացահայտեց պարոն Մամեդյարովը, որ տարածքային ամբողջականության սկզբունքը ևս ներառված լինի փաստաթղթում: Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի այս քայլը:

-Գիտեք ինչպես, մենք բոլորս հավաքվել ենք, որպեսզի նշեինք Արևելյան գործընկերության տասնամյակը, և իրականում ինձ թվում է, որ ստացվեց բավական հաջող միջոցառում, այս տասը տարվա գործողությունների, ինչպես նաև համագործակցության բավական հաջող ամփոփում. հնարավորություն եղավ ուրվագծել այն, ինչ կլինի հաջորդ փուլի համար: Այստեղ տեղի ունեցան Արևելյան գործընկերության ամենաբարձր մակարդակով ներկայացված վեց գործընկերների պատվիրակությունների բավական հետաքրքիր և կարևոր քննարկումներ, քննարկվեցին, գնահատվեցին բոլոր մարտահրավերները, մոտեցումները: Այդ առումով ինձ թվում է, որ բավական հաջող գործընթաց էր, հաջող միջոցառում:

Մենք ունենք մեր օրակարգը` Եվրամիության հետ աշխատելով երկկողմ մակարդակով, և ունենք բավական լուրջ, բավական հարուստ օրակարգ: Արևելյան գործընկերությունը եղել և մնում է շատ կարևոր հարթակ, որտեղ մենք համալրում ենք այն, ինչ անում ենք երկկողմ մակարդակով: Եվ այդ առումով մենք սկզբունքորեն գոհ ենք արդյունքներից:

Ինչ վերաբերում է ամփոփմանը, ամփոփումը եղել է տիկին Մոգերինիի կողմից, որը արտահայտում է անդամ պետությունների մոտեցումները, իսկ այն, ինչ վերաբերում է Հայաստանին, արտահայտում է մեր մոտեցումները:

-Իսկ ծանո՞թ եք, արդյոք իրենց համաձայնագրում Եվրամիությունը և Ադրբեջանը բառընտրության առումով իրենց հայտարարությունները, Ղարաբաղի հետ կապված ձևակերպումները ինչքանո՞վ են համահունչ և բաղդատելի այն ձևակերպումներին, որ կան մեր համաձայնագրում։

– Նորից կրկնեմ, որ մենք ունենք մեր պայմանագիրը, որը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է, որտեղ արտահայտված են բավական մեծ ծավալով տարբեր հարցեր, ներառյալ տարածաշրջանային անվտանգության հարցը, ներառյալ նաև Լեռնային Ղարաբաղին առնչվող պարբերություն։ Եվրամիությունը և Ադրբեջանը միմյանց հետ բանակցում են, ինչ-որ բանակցում են։ Բնականաբար մենք կողմ չենք բանակցությունների, և այստեղ, ինձ թվում է, Եվրամիության համար բավական կարևոր հարց է, որքանով են իրենք սկզբունքային և հետևողական իրենց դիրքորոշումների մեջ։ Այդ առումով, նորից կրկնեմ, մենք ունենք մեր պայմանագրային դաշտը, որտեղ Լեռնային Ղարաբաղի հարցն ունի իր արտահայտությունը։ Հույսով եմ և վստահ, որ Եվրամիությունը ունի հետևողականությունը պահպանելու սկզբունքներ։

-Պարոն նախարար, Հայաստանում հնչում են քննադատություններ, թե ինչու վարչապետը մասնակցեց միայն պաշտոնական ընթրիքին և ոչ այսօրվա բարձր մակարդակի կոնֆերանսին։ Ձեր կարծիքով հիմք ունե՞ն այդ քննադատությունները։

-Գիտեք, որ վարչապետն ուներ իր ծրագիրը: Չեմ կարծում, որ արժի սրա վրա կառուցել մի տեսություն, թե ինչու այսպես պատահեց, որովհետև եղել են տարբեր ղեկավարներ տարբեր մակարդակներով։ Ես մնացել եմ, շարունակել եմ, մասնակցել եմ: Ձեզ հետ միասին մասնակցում էինք բոլոր միջոցառումներին, որոնք տեղի էին ունենում այսօր։ Ի դեպ, նորից կրկնեմ, շատ գործնական և շատ լավ այց էր վարչապետի կողմից, որովհետև երեկվա քննարկումները, շփումները շատ գործնական էին, շատ լավն էին. և՛ երկկողմ, և՛ բազմակողմ մակարդակներով տեղի ունեցան բազմաթիվ շփումներ, գնահատականների, մտքերի բազմաթիվ փոխանակումներ: Այսօր դա շարունակվեց: Գործնական առումով մենք շատ գոհ ենք: Ինչ վերաբերում է, թե ինչու այսպես կամ այնպես, ի վերջո, նորից կրկնեմ` սա շատ կարևոր միջոցառում էր այն առումով, որ սա տասնամյակի նշում էր` շատ լավ կազմակերպված:

Մենք մասնակցեցինք, բայց նաև վարչապետն ուներ մեկ այլ այց, որը նույնպես կարևոր էր և նույնպես պետք էր իրականացնել: Եվ Բրյուսելից մինչև Պեկին հասնելը ժամանակ է տևում, դրա համար կարողացանք հարմարեցնել և բոլորս միասին պայմանավորվել հյուրընկալող կողմի հետ։ Այս ամենը նորմալ է։ Այսինքն` կարիք չկա կառուցելու ենթադրություն, թե ինչու է այսպես, թե այնպես:

-Դոնալդ Տուսկը երեկ՝ ընթրիքի ժամանակ իր ելույթում, որպես դրամատիկ պահ հիշատակեց Վիլնյուսի գագաթնաժողովը, որտեղ Ուկրաինան հրաժարվեց Ասոցացման համաձայնագրից: Ինձ հետաքրքրում է Դուք, որ բանակցողն եք եղել Հայաստանի Ասոցացման համաձայնագրի, հիմա՝ իշխանափոխությունից հետո, արդյոք անհրաժեշտություն տեսնու՞մ եք վերադառնալու այդ փաստաթղթին, որն այն ժամանակ օրակարգից դուրս դրվեց:

– Ի դեպ, ներկա էիք այսօրվա տեղի ունեցած այդ քննարկումներին. դրանք շատ հետաքրքիր էին այդ առումով: Դիվերսիֆիկացված համագործակցության այդ մոտեցումը՝ միասնություն բազմազանության մեջ, որովհետև նորից կրկնեմ, որ մեր քաղաքականությունը կառուցում ենք՝ մեր շահերից ելնելով: Թե այժմ ինչ գնահատականներ տանք հետագա փուլի համար, մենք առաջնորդվում ենք առաջին հերթին մեր շահերով: Մենք այժմ հնարավորություն ենք ստացել իրապես ունենալ մեկ կարևոր պայմանագիր ԵՄ հետ, որտեղ համագործակցությունը ընդլայնելու ծավալը բավական մեծ է: Հատկապես, պայմանագրում ունենալ ոլորտային այդ ամբողջ, հսկայական ծավալը և կառուցել աշխատանքները, որ հիմա տեղի են ունենում ճանապարհային քարտեզի վերջնականացման միջոցով՝ դրա մեջ ներգրավել ով ամբողջ մեր պետական համակարգը, քաղհասարակությանը, գործարար շրջանակներին: Այդ ամենը ծառայեցնում ենք մեր զարգացման օրակարգին, մեր կարողությունների ամրապնդմանը. այդ գործիքը մեր ձեռքերում է, և մենք մտադրված ենք լավագույնս դա օգտագործել: Մյուս կողմից մենք ունենք հնարավորություն այսօր աշխատել 200 միլիոնանոց շուկայում և նույնպես օգտվել վերջինիս ընձեռած առավելություններից։ Եթե մինչև հիմա դա հաջողվել է համադրել, ուրեմն պետք է փորձենք շարունակել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031