Երեխային վստահե՞լ դայակին, թե՞ ոչ կամ ի՞նչ անել, եթե մայրիկը ստիպված է աշխատել, սակայն օգնող չունի երեխայի խնամքի հարցում: Ներկայումս շատ մայրիկներ են բախվում այս հարցին: Համացանցում և ամենուր հայտարարություններ են դայակների, օգնականների մասին, սակայն արդյոք ճի՞շտ է երեխային վաղ տարիքում վստահել դայակին, կամ թեկուզ հարազատին, տատիկին և երկար ժամանակով բացակայել:
Aravot.am-ը «Մասնագիտությունը՝ մայրիկ» շարքի շրջանակներում փորձեց պարզել ո՞ր տարիքից երեխային կարելի է վստահել դայակին և ի՞նչ վտանգներ ունի վաղ տարիքից երեխային դայակին վստահելը:
Aravot.am-ի հետ զրույցում Նարինե Հայրապետյանը, որը երկար տարիներ խնամում է տարբեր երեխաների, ասաց. «Ես ինքս կողմ չեմ, որ երեխան վաղ տարիքից գտնվի դայակի խնամքի ներքո, սակայն շատ մայրիկներ այժմ ստիպված են դիմել օգնականների: Ամենակարևորը, որ ես իմ պրակտիկայի ընթացքում կիրառում եմ, այն է, որ երեխան միշտ իմանա՝ թույլատրելի կամ անթույլատրելի հարցերը որոշում է մայրիկը: Թեկուզ մայրիկը տանը չէ, բայց մենք ողջ օրվա ընթացքում անընդհատ կապի մեջ ենք նրա հետ»:
Նա պատմեց, որ մի օր սրճարաններից մեկի զուգարանում տեսել է երեխաների, որոնք բերանով դիպչել էին լվացարանին, սակայն նրանց հետ եղած կինը ուշադրություն չէր դարձնում. «Չկարողացա անտարբեր մնալ և ասացի՝ չե՞ք տեսնում՝ Ձեր երեխաներն ինչ են անում: Այդ կինը զայրացած ինձ նայեց ու ասաց՝ եթե իրենց մայրիկն ուշադրություն չի դարձնում, երբ երեխաները կատվին են համբուրում, ես ինչո՞ւ պետք է ուշադրություն դարձնեմ, թե ինչ են իրենց բերանը դնում: Ես ընդամենը այս երեխաների դայակն եմ»:
Կարդացեք նաև
Բավականին հուզական են վերաբերվում երեխային դայակին վստահել-չվստահելու հարցին մայրիկները: Մեզ հետ զրույցում 28-ամյա Մերի Հովհաննիսյանը նշեց, որ ստիպված է աշխատել և դիմել դայակի օգնությանը. «Երեխայիս մեր սիրելի դայակն է մեծացրել: 6 ամսականից երեխայիս թողել եմ նրա հսկողության ներքո: Սկզբում շատ բարդ էր՝ օրվա ողջ ընթացքում չէի կարողանում կենտրոնանալ ուղեղս միայն մի ուղղությամբ էր աշխատում՝ հիմա ի՞նչ է անում երեխան տանը՝ դայակի հետ: Սակայն տարիների ընթացքում երեխաս ու մենք շատ սիրեցինք այն կնոջը, որը խնամում է երեխայիս: Նա մեզ համար դայակ չէ, այլ դարձել է մեր տան անդամ: Կարևոր է, որ դայակ-մայրիկ հարաբերությունները լինեն հստակ, կարգավորված, յուրաքանչյուրն իմանա իր դերակատարությունը: Դայակ ընտրելիս շուրջ 8-9 կնոջ հետ ես ու երեխաս մեկ-երկու օր անցկացրինք, որպեսզի հասկանամ, թե, իվերջո, ում վստահեմ երեխայիս»:
Aravot.am-ը Փսիլայֆ հոգեբանական աջակցման կենտրոնի ղեկավար, հոգեբան Լիլիթ Խաչատրյանից հետաքրքրվեց՝ ո՞ր տարիքից երեխային կարելի է վստահել դայակին, նա պատասխանեց. «3 տարեկանը ճգնաժամային է, քանի որ երեխայի սիմբիոտիկ կապը մորից կտրվում է, ուստի ավելի շատ խորհուրդ է տրվում հենց այդ տարիքից դիմել դայակին: Երեխայի զարգացման փուլն ավելի անվնաս է դառնում, եթե երեք տարեկանից հետո է դա կազմակերպվում: Իսկ մինչև երեք տարեկանը դայակի միջոցով երեխայի խնամքը կազմակերպելը կարող է վնասել երեխայի անձի ձևավորմանը»:
Հոգեբանը նշեց, որ այդ դեպքում նաև այլ խնդիրներ են առաջանում. «Չէ՞ որ երեխան աշխարհի նկատմամբ իր վստահությունը ձեռք է բերում մայրիկի միջոցով: Եթե կապը կորցնում է մայրիկի հետ, երեխան կորցնում է վստահելի օբյեկտներին կամ նրանք խառնվում են իրար՝ մեկ մայրիկ, մեկ դայակ, ապա երեխայի մոտ առաջանում է բազային անվստահություն աշխարհի նկատմամբ, ինչն իր հերթին մի շարք տարաբնույթ խնդիրներ կարող է առաջացնել, ինչն ավելի շատ երևալու է մեծ տարիքում»:
Հարցին՝ բացի նշված վտանգներից, ուրիշ ի՞նչ վտանգներ ունի երեխային դայակին վստահելը փոքր տարիքում, Լիլիթ Խաչատրյանը պատասխանեց. «Վտանգները բխում են նաև նրանից, որ Դուք չենք ճանաչում այդ դայակին: Դայակի հուզականությունը, նրա վերաբերմունքը մեծ դերակատարություն ունեն: Որքան էլ մայրիկներն ասում են, թե հարցուփորձ արեցինք, ճանաչում ենք, միևնույն է, դայակի աշխարհայացքը, հուզական վիճակը բացահայտելու համար անգամ պրոֆեսիոնալները կարող են դժվարանալ, էլ ուր մնաց մայրիկը: Օրինակ, եթե դայակը եղավ տագնապային, անպայման դա փոխանցվելու է երեխային, թաքնված նեգատիվիզմ ունեցավ, հուզական ինտելեկտը ցածր եղավ, անպայման երեխայի վրա է անդրադառնալու»:
Մեր հարցին՝ ինչի՞ վրա փորձեն ծնողներն ուշադրություն դարձնել դայակ ընտրելիս, Լիլիթ Խաչատրյանը պատասխանեց. «Պետք է դայակի հետ նախապայմանավորվածություն ձեռք բերել երկկողմանի պարտականությունների և մասին, որ նա իմանա՝ իր ֆունկցիան որտեղ է սկսվում, որտեղ ավարտվում»:
Հետաքրքրվեցինք՝ իսկ ո՞ր տարիքի դայակ ընտրել. հիմա կարծես թե մայրիկներն ավելի շատ ձգտում են միջին տարիքի կանանց վստահել իրենց երեխաներին, հոգեբանը պատասխանեց. «Երևի ձգտում են, որ մայրություն և տատիկություն անցած փուլում լինի կինը, ավելի կայացած ու հմտացած: Բայց, հավատացեք՝ դա այնքան էական դեր խաղալ չի կարող: Կարող է լինել այդ տարիքի դայակ՝ հինգ-վեց երեխաներ մեծացրած, բայց դա դեռ մայրության չափանիշ չէ: Առհասարակ մայրության չափանիշ է սիրելու, ջերմություն տալու չափանիշը, ինչը կարող է ունենալ նաև 25-30 տարեկան աղջիկը»:
Իսկ թե ի՞նչ հոգեբանական խնդիրներ ունեն այն երեխաները, որոնք մեծացել են ընդհանրապես մայրիկի բացակայությամբ, տատիկի, հարազատի կամ դայակի հետ, հոգեբանն օրինակ բերեց իր պրակտիկայից. «Նրանց ինքնագնահատականը ցածր է լինում, տագնապայնությունը՝ բարձր, նևրոտիկ խնդիրներ են առաջանում, դժվար են կողմնորոշվում, վստահության շեմն է խախտված. չգիտեն՝ ում, ոնց վստահեն: Մայրությունը հզոր ինստիտուտ է: Երբ երեխան ծնվում է, վստահում է մայրիկին, երեխան աշխարհը ճանաչում է մայրիկի միջոցով»:
Հոգեբանն աշխատող մայրիկներին խորհուրդ տվեց՝ որքան էլ հոգնած լինեն երեկոյան, երբ տուն են վերադառնում, ժամանակ տրամադրեն երեխային, որպեսզի լրացնեն շփման պակասը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ