«Գործը նման շրջանակի մեջ քննելն ուղղակի քաղաքական հետապնդում է Ռոբերտ Քոչարյանի հանդեպ: Մարտի մեկը կհամարվեր բացահայտված, եթե բացահայտվեին տասը զոհերին սպանողները»,-լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց ՀՅԴ նախկին անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը:
Նա եկել էր դատարանի առաջ՝ զորակցություն հայտնելու Մարտի մեկի գործով ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին, որի կալանքից ազատման հարցն էր քննարկվում այսօր: Ինչ վերաբերում է Մարտի 1-ի իրադարձությունների մանրամասներին, Աղվան Վարդանյանը նշեց, որ Ազատության հրապարակում առավոտյան որեւէ զոհ չի եղել:
«Ոստիկանները ցուցարարներին մոտեցել են անզեն՝ առանց մահակների եւ սաղավարտների՝ տեղազննում անելու: Նրանք նախապատրաստված դիմադրության են հանդիպել, որի ընթացքում 34 ոստիկան է վիրավորվել, իսկ ողջ օրվա ընթացքում՝ 187: Այնպես որ, երբ ասում են՝ խաղաղ ցույցեր…էլ չեմ խոսում Տեր-Պետրոսյանի եւ այսօրվա իշխանության դերակատարության մասին…գրգռված ամբոխը…»,-այսպիսի բնորոշումներ տվեց Աղվան Վարդանյանը:
Նա շեշտեց՝ մինչ օրս Մարտի 1-ի զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցում Մյասնիկյանի արձանի մոտ. «Մինչդեռ այդտեղ չեն գրանցվել զոհեր: Զոհերը եղել են Լեոյի եւ Պարոնյան փողոցների անկյունում: Այսինքն, գրգռված եւ ուղղորդված ամբոխը ջարդելով-տրորելով, ոստիկանության շղթաներն անցնելով՝ մինչեւ այդտեղ հասել է: Սա խաղա՞ղ ցույց է»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ