Լրահոս
Օրվա լրահոսը

UX դիզայնի մասնագետ Անուշիկ Տոռոզյանը կառավարությանը կոչ է անում երիտասարդների համար ավելի շատ կրթական ծրագրեր ներդնել

Մայիս 14,2019 20:20

Որպեսզի ՏՏ ոլորտի հեռանկարային մասնագետները չարտագաղթեն

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է: Այս մասին հայտարարել է ներկայիս կառավարությունը: Եվ չնայած, այն բանին, որ վերջին տարիների ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում էական զարգացում է ապրել, այդուհանդերձ, ոլորտի մասնագետները, գտնում են, որ նոր կառավարությունն այս ոլորտում էլ հեղափոխական անելիքներ ունի: Այս կարծիքին է նաեւ UX դիզայնի (User Experience Design) մասնագետ Անուշիկ Տոռոզյանը,որը ներկայումս աշխատում է դոմեյնների գրանցմամբ զբաղվող ամերիկյան առաջատար GoDaddy ընկերությունում՝ որպես UX խորհրդատու:

Aravot.am-ի հետ զրույցում Անուշիկ Տոռոզյանն ասում է, որ շնորհիվ որակյալ մասնագետների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում զարգացման մեծ հեռանկարներ ունի, սակայն պետությունն էլ իր հերթին պետք է ավելի մեծ հնարավորություններ ընձեռի՝ ոլորտը զարգացնելու:

Անուշիկ Տոռոզյանը նախկինում աշխատել է PicsArt ընկերությունում՝ որպես ղեկավար UX Architect եւ գործի մեջ մասնագիտացել է,ոչ թե որեւէ հայաստանյան բուհում կրթություն ստանալով, այլ՝ առցանց դասընթացների միջոցով, քանի որ մեր ուսումնական հաստատություններում UX դիզայնի մասնագիտացման դասընթացներ չկան: Ինչպես Անուշիկն է բացատրում՝ իր աշխատանքով օգնում է օգտատերերին հասկանալ պրոդուկտը եւ UX դիզայնի միջոցով լուծել առաջ եկած խնդիրները եւ ավելի ճիշտ մատուցել օրինակ՝ այս կամ այն ծրագիրը, վեբ-կայքը, որպեսզի մարդիկ դրանք օգտագործելիս դժվարություններ չունենան:

Անուշիկ Տոռոզյանն ավարտել է Երեւանի մանկավարժական համալսարանի Գեղանկարչության բաժինը, մասնագիտությամբ նկարիչ է: ՏՏ ոլորտում սկսել է աշխատել ուսման տարիներից. «Քանի որ սովորում էի որպես նկարիչ-դիզայներ, ու շատ հետաքրքրված էի նորարար տեխնոլոգիաներով, սկսեցի ուսումնասիրել համակարգչային դիզայնը: 17 տարեկանից աշխատում եմ որպես նկարիչ դիզայներ, բավականին երկար տարիներ խաղային ոլորտում եմ գործել:

Կարող եմ նշել Թումոյում ստեղծված ստարտափը, որի նպատակներից մեկն էր հնարավորություն ընձեռել Թումոյի աշակերտներին իրենց ուժերը փորձելու իրական պրոյեկտների ու աշխատանքի մեջ: Ստարտափի դեբյուտը «Play Room» խաղն էր, որի ամբողջ դիզայնը եւ գաղափարը իմ մտահաղացումն էր: Խաղը մի քանի շաբաթում հազարավոր օգտագործողներ ձեռք բերեց եւ Google-ի կողմից ընդգրկվեց լավագույն խաղերի ցանկում:

Աշխատել եմ նաեւ բրանդինգի ու մարքետինգի ոլորտում, մի շարք Հայաստանյան առաջատար ընկերություններին օգնելով ստեղծել իրենց կորպորատիվ ոճը»:

Ոլորտի մասնագետի խոսքով, Հայաստանում էլ UX դիզայնով զբաղվող մասնագետների մեծ պահանջարկ կա, սակայն ուսումնական ծրագրերի բացակայության պատճառով այս ոլորտը չի զարգանում, ոլորտով հետաքրքրվածներն էլ առաջ չեն գնում, ինչն էլ պատճառ է հանդիսանում, որպեսզի հայաստանյան մասնագետներն իրենց գիտելիքներով ու փորձով զիջեն արտերկրի մասնագետներին. «Օրինակ՝ հայկական ու ամերիկյան ընկերությունների միջեւ հիմնական տարբերությունները, ես կասեի մասնագետների տեղեկացված լինելն է, քանի որ ԱՄՆ-ում ավելի շատ են հնարավորությունները սովորելու ու զարգանալու: Մեր երկրում, ներկայումս շատ քիչ տարբերակներ կան երիտասարդների համար սովորելու նորագույն տեխնոլոգիաները, հատկապես՝ UX դիզայնը»:

Իր աշխատանքում հաջողությունների հասած Անուշիկ Տոռոզյանը, հորդորում է երիտասարդների համար համալսարաններում ավելի շատ հնարավորություններ ստեղծել՝ այդ ոլորտում կրթություն ստանալու:

«Ապագան նորագույն տեխնոլոգիաներինն է: Շատ կուզեի, որպեսզի Հայաստանում մեծ ուշադրություն դարձնեինք այս հանգամանքին եւ համալսարաններում կուրսեր լինեին, քանի որ երիտասարդությունը շատ հետաքրքրված է դրանով, ինձ շատ գրում՝ հարցնում են, ինչպես կարող են ստանալ այդ գիտելիքները, դիմում են ինձ որ սովորեցնեմ: Շատ կուզեի լիներ մի կրթօջախ, որտեղ երիտասարդները ստանային այդ կրթությունը եւ կարողանային աշխատանք գտնել,քանի որ դա շատ պահանջված է: Սա նաեւ անհրաժեշտ է, որպեսզի մեր տաղանդավոր եւ շատ հեռանկարային երիտասարդներն իրենց երկրում աճելու հնարավորություն ունենան, չարտագաղթեն, ինչը նաեւ կլինի ներդրում մեր երկրի զարգացման գործում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031