Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էլմար Մամեդյարովը կշտամբում է հայ լրագրողներին ու խոսում խաղաղության նախապատրաստության մասին

Մայիս 14,2019 20:07

Արեւելյան գործընկերության բարձր մակարդակի կոնֆերանսի ընթացքում Լեհաստանի ԱԳ նախարար Յազեկ Ջակուտովիչը խոսելով ԱլԳ անդամ երկրների միջեւ համագործակցության մասին՝ հընթացս նկատեց, որ թեեւ Ա տառով սկսվող երկրների ներկայացուցիչներն իրար մոտ պետք է նստած լինեին, բայց Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները նստած են տարբեր թեւերում:

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն այս կոնֆերանսի ընթացքում պատասխանեց հայ լրագրողների մի քանի հարցերի: Այսպես՝ «Ազատության» թղթակիցը հիշեցրեց Հայաստանի իշխանության փաստարկը, թե առանց բանակցային գործընթացին Արցախի միանալու՝ անհնար է կարգավորումը: Ադրբեջանի ԱԳ նախարարն անհամաձայնություն հայտնելով՝ նշեց, որ տարիների բանակցությունների ընթացքում համանախագահները տարածաշրջան այցելելիս գնացել են նաեւ Արցախ ու տեղեկացրել ընթացքի մասին. «Այդ պատճառով, ինչ որ առումով սա ներառված է… Խնդրի լուծման բանալին մասնակցել-չմասնակցելը չէ, այլ այն, որ մենք պետք է լուրջ մոտեցում ցուցաբերենք ու որոշում կայացնենք ավարտել առարկայական բանակցությունները: Բոլորը հրաշալի գիտեն, թե ինչ փաստաթուղթ է սեղանին՝ ինչո՞ւ է պետք ինքն իրեն խաբել»:

«Առավոտը» հարց ուղղեց Դուշանբեում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ ձեռք բերված համաձայնությունից հետո հարաբերական հանդարտության մասին, որը, ըստ որոշ մեկնաբանությունների՝ Ադրբեջանն օգտագործում է իր սահմանային ինժեներական կառույցներն ուժեղացնելու համար: Մամեդյարովը պատասխանեց, որ սկզբունքային պայմանավորվածություն կա համապատասխան մարմինների միջեւ շփումների վերաբերյալ. «Եվ կարծում եմ՝ նրանք իրար հետ շփվում են, քանի որ, երբ ինչ որ միջադեպեր են լինում՝ նրան իրար զանգահարում են»:

Ադրբեջանի ԱԳ նախարարը նախորդ հարցին ի պատասխան էլ էր կշտամբել լրագրողին՝ մեր հարցին ի պատասխան նույնպես նույն ոգով խոսեց. «Նստած ինքներդ ձեզ խաբում եք, եւ ուզում եք խաբել հայ ժողովրդին: Ես հարց ունեմ՝ ի՞նչ ստացավ հայ ժողովուրդը Ադրբեջանի հետ պատերազմի երեսուն տարում»: Մեր պատասխան հարցին, թե իսկ ինչ ստացավ ադրբեջանական ժողովուրդը՝ թվարկեց, թե ճանապարհ են բացել, գազամուղ ու նավթամուղ կառուցել. «Դա քի՞չ է»:

Բրյուսելյան միջոցառումների ընթացքում էլ Էլմար Մամեդյարովը նկատում էր, թե Հայաստանում իշխանության է եկել բաց ու թափանցիկ գործելաոճ ունեցող ուժ՝ դրական սպասումներ արտահայտելով: «Առավոտի» մյուս հարցին՝ կառուցողական երկխոսության հո՞ւյս ունեն, Ադրբեջանի ԱԳ նախարարը պատասխանեց. «Երբ մենք խոսում ենք ժողովրդին խաղաղության նախապատրաստելու մասին՝ դա առաջին հերթին խաղաղության նախապատրաստություն է Հայաստանում… Դուք չորս երկրներից առնվազն երկուսի հետ փակ սահմաններ ունեք, իսկ երրորդը հեսա-հեսա կփակվի: Ե՞վ: Մտածեք, ինքներդ ձեզ հարց տվեք»:

Ադրբեջանի ԱԳ նախարարը նաեւ խոսեց Հայաստանի իր պաշտոնակցի հետ հանդիպման մասին:

Մանրամասն՝ տեսանյութում

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Բրյուսել

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031