Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն իր վարքագիծը չի փոխել. Թեւան Պողոսյան

Մայիս 14,2019 20:00

Բրյուսելում երեկ կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հերթական, ոչ ֆորմալ հանդիպումը: Հանդիպումից շատ մանրամասներ հայտնի չեն:

«Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելի թղթակցի հետ զրույցում ՀՀ վարչապետը հանդիպման մասին ասել է. «Հնարավոր չէ լուծել որևէ հակամարտություն` կենտրոնանալով միայն ներգրավված կողմերից մեկի շահերի վրա, որովհետև կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ամենակարեւոր խոչընդոտը Ադրբեջանի դիրքորոշումն է` չերկխոսել Ղարաբաղի հետ: Ճշմարտությունն այն է, որ այս հակամարտությունը երեք կողմ ունի` Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ և Հայաստան: Մենք կարծում ենք, որ շատ կարեւոր է ունենալ բանակցային պատշաճ շրջանակ, որ հնարավոր լինի լուծել այս հակամարտությունը»: Իսկ ավելի ուշ, վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն է լրատվամիջոցներին պարզաբանել, որ ՀՀ եւ Ադրբեջանի ղեկավարները նաեւ մտահոգություն են փոխանակել շփման գծում լարվածության աճի վերաբերյալ:

Մարդկային զարգացման կենտրոնի ղեկավար Թեւան Պողոսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ այդ հանդիպումից ավելին սպասել պետք էլ չէր:

Հիշեցրեց, մայիսի 8-ին կայացած ասուլիսում էլ ՀՀ վարչապետն անդրադարձել էր այդ խնդրին`ասելով, որ օպերատիվ կապի միջոցով փորձում են կանխել լարվածությունը: Թեւան Պողոսյանը վստահ է, որ շփման գծում խախտումների համար Ադրբեջանը, սովորույթի համաձայն, հայկական կողմին է փորձելու մեղադրել: Նա կարծում է, որ խախտումները ակտիվացել են դարձյալ ադրբեջանական «սովորույթի համաձայն»`երկրների ղեկավարների ենթադրվող հանդիպմանն ընդառաջ: Հիշեցնենք, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հերթական դիտարկումն էր անցկացրել շփման գծում`արձանագրելով, որ խախտումներ չկան:

Ադրբեջանի ԱԳ նախարարի հարցազրույցներից, գագաթաժողովում Ադրբեջանի վարքագծից, ինչի արդյունքում գագաթաժողովի բանաձեւը չի ընդունվել, մեր զրուցակցի համար ակնհայտ է, որ պաշտոնական Բաքուն իր վարքագիծը չի փոխել: Թեւան Պողոսյանը մնում է այն կարծիքին, որ Բաքվում քաղաքական որոշում կա`Արցախի հարցը ռազմական ճանապարհով լուծելու եւ իր համար հարմար պահին կգնա այդ ճանապարհով: Մեզ, ըստ նրա, մնում է օգտվելով դադարից`նախապատրաստվել այնպես, որ Ադրբեջանի հաշվարկները օդ ցնդեն: Իսկ բանակցելը, ցանկացած դեպքում, պետք է: Նա ուրախ կլինի, որ հայկական պետությունների ցանկացած ղեկավար կամ հայկական ցանկացած պատվիրակություն մշտապես առաջնորդվի`«Երբեւէ պետք չէ վախենալ բանակցություններից եւ Աստված մի արասցէ, որ երբեւէ փախչենք բանակցություններից» սկզբունքով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031