Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Պետություն եւ եկեղեցի

Մայիս 14,2019 23:33

Նոր Հայաստանում ես կրկին նկատում եմ մեր այսպես կոչված «առաջադեմների» այն հին պատմական գենի արտացոլումը, որն առաջարկում է քանդել հինը և խոստանում է կառուցել նորը, քանզի այդ ամենն ըստ նրանց խանգարում է աշխարհիկ երկրի զարգացմանը:

Իմ սուբյեկտիվ կարծիքով հայ ազգի մեծագույն պատմական սխալները, որոնք մեզ նախկինում հասցրել են պետության, տարածքների, ազգային արժեքների կորստի և ի վերջո հնարավորություն են տվել Օսմանյան Թուրքիային իրականացնել ցեղասպանություն, հենց այդ գաղափարների իրագործման արդյունք են:

Մենք, տարվելով մեկ գաղափարով, միշտ առաջինը լինելու մոլուցքով ենք տառապում: Օրինակ` ընդունելով քրիստոնեություն, հետք անգամ չենք թողել մեր հեթանոսական տաճարներից` ձգտելով դառնալ առաջադեմ:

Ի վերջո դարձանք քրիստոնյա: Այժմ աշխարհի առաջին քրիստոնյա երկիրը փորձ է կատարում հիմքից քանդել այն արժեքները, որոնք միջազգային ասպարեզում ձևավորել են  մեր այցեքարտը, համարելով, որ մենք հետամնաց ենք: Ես դեռ մի կողմ եմ դնում հավատքի և հոգու հետ կապված հոգևորական գաղափարները և նախևառաջ կխոսեմ նյութական արժեքների մասին: Մի՞թե մենք ընդմիշտ դատապարտված ենք  վիրաբուժական միջամտության և պատրաստ չենք քննարկել հաբային բուժումները, պետք է արդյո՞ք ջարդել, թափել, քանդել և փշրել, միգուցե մտածենք, հասկանանք նոր գործենք:

2800 տարին բոլորած Երևանում, էլ չեմ խոսում Նոյյան տապանի հանգրվան հանդիսացող Հայաստանի մասին, գրեթե չի մնացել շինություն, որ կարող է պատմել նրա հերոսական և մեծագույն պատմության  մասին: Աշխարհի օրորոց Հայաստանում մենք չենք պահպանել առաջնային պատմական հետքերը` իհարկե կարելի է մեղքը բարդել ժամանակի և մեր անզգամ թշնամիների վրա, եթե մարդկությունը չունենար եգիպտական, հռոմեական, հունական և այլ երկրներում պահպանված հուշակոթողները, որտեղ նույնպես տեղի են ունեցել պատերազմներ և ժամանակը հավասար մոտեցումներ է  ցուցաբերել նրանց նկատմամբ:

Ես հանրային մարդ չեմ և այդ քննարկումներից աշխատել եմ խուսափել, սակայն ինձ այսօր վերջնականապես բարկացրեցին և ստիպեցին դուրս գալ իմ կաղապարից, երբ «Շանթ» հեռուստաընկերությամբ լսեցի իմ կողմից շատ հարգելի Արամ Աբրահամյանի զրուցակից, Հելսինկյան կոմիտեի նախագահ, հարգելի Ավետիք Իշխանյանի հետ հարցազրույցը:

Հանուն ճշմարտության ասեմ, որ ես ինձ առաջադեմ հայացքների մարդ եմ համարում և միշտ հարգել եմ բոլոր տեսակետները և որևէ տհաճություն չեմ ապրել տարբեր սոցիալական խմբերի, զանազան կրոնական դավանանքներ և մոտեցումներ կրող մարդկանց նկատմամբ: Հեռու եմ մնացել համասեռամոլներից, սակայն երբեք չեմ միացել նրանց հասցեին հնչեցրած պարսավանքներին: Համարել և համարում եմ, որ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի ապրել իր պատկերացումների շրջանակներում, ունենալ անձնական կարծիք, ապրել ազատ և իր գաղափարների շրջանակում, եթե դա չի ոտնահարում այլոց ազատությունը, սակայն հիմա այս տողերը գրելիս մի փոքր հիասթափված եմ ինքս ինձանից, քանի որ վերոնշյալ  հարցազրույցի ընթացքում հնչած խոսքերը ինձ վրա սառը ցնցուղի ազդեցություն թողեցին և ես ինքս ինձ համար հասկացա մի դառը ճշմարտություն, որ այո` ես ունեմ սահմաններ, որոնք ոչ միայն չեմ անցնի, ավելին` պատրաստ եմ պայքարել, որպեսզի թույլ չտամ,  որ այդ սահմանները խախտվեն այլոց կողմից: Հավատացեք այս հանգամանքը ինձ ցավ է պատճառում, սակայն, եթե սա միայն իմ խնդիրն է, դեռ ոչինչ, բայց ես հիմնավոր կասկածներ ունեմ, որ տարբերվող փոքրամասնությունը փորձում է իշխել մեծամասնությանը:

Հայաստանը ազատ և դեմոկրատական երկիր դառնալու ճանապարհին է, և դա ինձ համար երջանկություն է: Այդ հանգամանքը ինձ հույս և հավատ է ներշնչում, սակայն ես կրկին զգում եմ այն պատմական վտանգը, երբ առիթից օգտվելով, ազատությունը ամենաթողություն գնահատելով, որևէ կառուցողական գաղափարախոսություն չունեցող մարդիկ փորձում են խարխլել և քանդել իմ երկրի պատմական հիմքերը` կրկին թողնելով մեզ ավերակներ:

Ասելով, որ նրանք գաղափարախոսություն չունեն` լավատեսորեն եմ մոտենում այս հարցին, քանի որ ավելի հեշտ է խոսել մոլորվածների հետ, որոնց շարքին եմ դասում և՛ ինձ, և՛ իմ ընդդիմախոսներին, համարելով, որ ճշմարտությունը հարաբերական հասկացություն է, քան պայքարել ներքին թշնամու դեմ: Մեզ հայերիս 20 տարուց ավելի ժամանակ պահանջվեց ներքին թշնամու հետ այդ պայքարը Թավշյա հեղափոխությամբ ավարտելու համար: Այսպիսով, եթե մեր ներկայիս ներքին թշնամիները ունեն ծրագրեր և նպատակային են գնում այս քայլին, ապա այս անգամ ներքին թշնամին գլուխ է բարձրացրել ավելի հզոր զենք վերցնելով և իր գաղափարներով տանում է դեպի հոգևոր ցեղասպանություն, իսկ արդյունքում կարող ենք կորցնել մեր միասնությունը և այլևս չունենալ հնարավորություն փլատակները վերականգնել, ինչպես դա արել են մեր պապերը, պետականություն կորցնելուց մինչև 1915 թվականի ցեղասպանությունը և Սպիտակի երկրաշարժը: Իմ կարծիքով նշված իրադարձությունների արդյունքներից մենք դեռևս չենք «ապաքինվել», սակայն ոտքի ենք կանգնել և պայքարում ու արարում ենք:

Դրանից հետո, կոմունիստական գաղափարախոսությանը հակառակ միաձուլումից խուսափելով և մեր ինքնատիպությունը նաև շնորհիվ առաքելական եկեղեցու պահելով, առաջին անգամ դարեր անց կարողացել ենք պատմական իրականությունը օգտագործելով ԽՍՀՄ փլուզումից հետո ստեղծել անկախ պետություն, ազատագրել Արցախը: Մեր նախնիների բարդ, սակայն պատվաբեր և հերոսական ճանապարհը մեծ ժառանգություն է: Այս ամենի հիմքում մեր հոգևոր արժեքներն են. ինչ հավատքի էլ դավանեն մարդիկ, եկեղեցու դերը պատմական յուրաքանչյուր ժամանակահատվածում հերքել հնարավոր չէ, քանի որ առաքելական հայն է այս պատմության հիմքում, սեփական եկեղեցականների թերություններով և հերոսական անցյալով հանդերձ:

Ամենից  ահավորն այն է, որ Հայ առաքելական եկեղեցուն դեմ գաղափարները սերմանվում են գրագետ և հանրային ճանաչում ունեցող մարդկանց կողմից, որոնք օգտվելով տնտեսական խնդիրներ ունեցող և չքավորության մեջ ապրող մարդկանց կողմից փրկության ճանապարհ որոնելու հանգամանքից, կասկած սերմանելով նրանց սրտերում, թյուր փրկության ճանապարհներ են նրանց ցույց տալիս, սլաքներն ուղղելով դեպի Հայ առաքելական եկեղեցի և զարկելով սեփական կրծքավանդակներին բղավում են իրենց առաջադեմ լինելու մասին:

Ես այստեղ ցանկանում եմ նշել, որ մեղմ ասած շատ բացասական եմ վերաբերվում կաթողիկոս Գարեգին Բ-ին և նրա «բանդային», բայց միթե այդ մարդիկ են Հայ առաքելական եկեղեցին: Այս տեսակետը կիսողները կամ ազնիվ չեն, կամ էլ գտնվում են մոլորության մեջ: Եթե Գարեգին Բ-ն և նրա բանդան Հայ առաքելական եկեղեցին են, դա նշանակում է, որ Քոչարյանը, Սերժը և նրանց բանդան էլ Հայաստան են, իսկ դա, կարծում եմ բոլորս գոնե վերջին հարցում համակարծիք ենք, այդպես չէ:

Ես հավատում և սիրում եմ իմ Աստծուն: Ցանկանում, սակայն չեմ պահանջում, որ դուք հետևեք նրա գաղափարախոսությանը: Սիրում եմ կանանց, սակայն չեմ պարտադրում, որ դուք նույնատիպ ցանկություններ ունենաք միայն հակառակ սեռի նկատմամբ. դա ձեր գործն է: Չեմ քննադատում ձեր հավատքները  և ցանկությունները, սակայն խնդրում եմ իմ հանդուրժողականությունը պատահաբար թուլություն չգնահատեք: Մի՛ ստիպեք ինձ, որ ես հասկանամ կամ դառնամ ձեր հետևորդը, բավարարվեք նրանով, որ մենք ընդունում ենք իրողությունը և հանդուրժում: Նույնիսկ առաջադեմ Եվրոպական երկրներում, հանդուրժելով այլախոսությունը, քարոզում են իրենց արժեքները:

Ասեմ ավելին` ես դեմ եմ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում կառուցվեն նոր եկեղեցիներ, քանի դեռ չեն վերանորոգվել բոլոր անմխիթար վիճակվում գտնվող եկեղեցիները, սակայն  կողմնակից չեմ, որ նման արգելքներ դրվեն: Համոզված եմ յուրաքանչյուր ոք իր գործողության կամ անգործության պատճառներն ունի:

Մենք մեր նորաստեղծ երկրում բազմաթիվ անհապաղ լուծման ենթակա խնդիրներ ունենք և այդ շարքում հավատացեք Հայ առաքելական եկեղեցու խնդիրները չեն, որ անհապաղ լուծումներ են պահանջում, սակայն համոզված եմ, որ Հայ առաքելական եկեղեցին մեր սրբությունների ցուցակում է: Տերտերին չսիրելու պատճառաբանությամբ եկեղեցին հիմքից չեն քանդում:

Ավետիք Իշխանյանն իր ելույթում ասաց, որ անընդունելի է համարում  պաշտոնյայի կողմից կնքահայր լինելը, իսկ  Աստծո կողմից հողից մարդուն ստեղծելու գաղափարախոսությունը հետադիմական է, այսինքն` գիտությանը հակասող: Եթե սխալ եմ հասկացել նրա հստակ հնչեցրած տեսակետը, հայցում եմ վերջինիս ներողամտությունը, սակայն անձամբ ես «քավոր» լինելու գաղափարը վեհագույն պատիվ համարելով և չքննադատելով էվոլյուցիայի արդյունքում կապիկից ի հայտ գալու մոլուցքը, խնդրում եմ թույլ տալ ինձ Աստծո արարման հետևանք ու զավակ համարվել և հիշեցնել ՁԵԶ, որ սա Հայաստանի Հանրապետությունն է` աշխարհիկ, բայց քրիստոնեական առաքելական եկեղեցու հետնորդների երկիրը:

 

Ժիրայր Հակոբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031