Լրահոս
Օրվա լրահոսը

Մի՛ արձագանքեք

Մայիս 14,2019 19:15

Միանգամայն հասկանալի է, թե որքան մեծ է լինում մարդկանց արդար վրդովմունքը, երբ ժողովրդի նուրբ լարերը շահարկելով՝ ֆեյսբուքում լպիրշ, մտացածին ու սադրիչ արտահայտություններ են անում բացարձակապես անարժան մարդիկ, նրանք, ովքեր ժամանակին մեծ նվիրումով ու լրջորեն զբաղված էին բացահայտ գողությամբ, անամոթ թալանով, կաշառակերությամբ, կամակատարությամբ: Եվ այդ ամենի համար միմյանց փառաբանում ու գովաբանում էին: Անտեսված էր, մոռացված էր, արհամարհված ու ճորտացված էր ավելի քան երեք միլիոն ժողովուրդ Հայաստանում և, չգիտեմ, գուցե նաև՝ Արցախում: Սակայն որքան էլ մեծ է վրդովմունքը, խորհուրդս՝ մի՛ արձագանքեք, ափսոս է ձեր թանկ ժամանակը: Ուղղակի կարդացե՛ք ու անցե՛ք: Ինչո՞ւ: Արձագանքելով կամ մեկնաբանություններ գրելով՝ ակամայից շատ անցանկալի և վտանգ պարունակող թեմա ենք զարգացնում: Ինչ թեմա՞:

Հետևյալը. նրանք սադրում են, արհեստականորեն ատելություն են սերմանում ու դա զարգացնում, որպեսզի մարդկանց զայրացնելով՝ հավասարակշռությունից հանեն, որ խախտեն նրանց անդորրը, մթագնեն դրական սպասումները, ատելությամբ համակեն բոլորին. մի մասին՝ ներկա իշխանությունների դեմ, մի մասին էլ՝ նախկին, դրանով էլ ժողովրդին բաժանեն երկու մասի, տարանջատեն, թշնամացնեն միմյանց դեմ, երկրում հաստատեն լարվածություն ու ատելության մթնոլորտ: Իսկ այս ամենին ընդունակ են միայն դավաճանները, որոնք իրենց նենգ գործերում ներգրավում են անիրազեկ, մթամած, խավարամիտ ու կոպեկին արժեք տվող մարդկանց:

Ի՞նչ եք կարծում, նրանք՝ այդ պղծված դավաճանները, կուզեի՞ն այդքան նախատինք ստանալ, իհա՛րկե՝ ոչ: Ապա ինչի՞ն է զոհաբերվում նրանց կեղծ պատիվը: Հետևյալ բարձրագույն նպատակին, ավելի կարևոր առաքելությանը՝ հեռուն տանող, այն է՝ բացասական նյութեր մոգոնելով ու կուտակելով՝ապակայունացնել իրավիճակը երկրում, որ երբ հարմար պահը գա, Եվրոպայում, Ռուսաստանում և այլուր աղաղակեն ամբողջ ձայնով, բողոքեն, հայտարարեն ի լուր աշխարհի, որ Հայաստանում ատելության մթնոլորտ է տիրում, որ իրենց պես «պատվավորներին» չեն գնահատում, որ երկիրն անկառավարելի է, եկե՜ք, փրկե՜ք: Ի՞նչը. իրենց ու իրենց թալանը: Ո՞նց չէ: Դրանց համար ի՞նչ հայրենիք, ի՞նչ հայրենասիրություն, ի՞նչ, առավել ևս, անկախություն, նրանց արժեզրկված, ստրկամիտ ուղեղները զուրկ են սրբություններից: Եվ ինչի՞ց  են նրանք բուսնել… ու այսքան շատ …

Նրանք՝ մարդկանց միսը կրծելով սեփական խորշերն ուռճացնող այդ պիրանյաները, շատ լավ գիտեն, որ ժողովուրդը նոր իշխանությանն է սատարում, որ վարչապետն ազնիվ մղումներ ունի, որ ֆեյսբուքյան էջերում իրենց կողմից րոպեն մեկ հրապարակված հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում, որ իրենց հայրենիքը, սերն ու սրբությունը իրենց վերից իջած հրահանգներն ու հուշումներն են՝ լիքը կամ թեթև քեյսերով, նայած՝ ում:

Դարձյալ ու դարձյալ. սիրելի՛ ժողովուրդ, հնարավորինս զսպե՛ք ձեր ազնիվ պոռթկումները և մի՛ արձագանքեք այդ դավաճանների սադրիչ մտքերին: Իսկ եթե ընդհանրապես չկարդաք, դա արդեն կլինի կատարյալ՝ իրերին ու երևույթներին գիտակցված ու տարբերակված մոտեցում, այլ ոչ թե տարերային, անխտիր: Մի պահ մտածե՛ք, թե ինչ գործիք եք դառնում: Չէ՞ որ չեք ուզում, որ նորից ամեն ինչ վատ լինի:

Արդե՛ն լավ բաներ լինում են ու կլինեն, ոչինչ միանգամից չի կառուցվում: Արձագանքելով միայն ու միայն մեծ իմաստով վատություն ենք անում մեր սիրելի մի բուռ երկրին, որտեղ իրականում մեծ հոգով ու հզոր ուժով օժտված իմաստուն ժողովուրդ է ապրում, արարում՝ որպես ամրակուռ ադամանդ՝ դարեդար հղկված ու բովված:

 

Հ. ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031