Լրահոս
Օրվա լրահոսը

«Քոչարյանի դատավարությունը երկրորդական պլանում է մնացել, առաջնային է դարձել շոուն»․ քաղաքագետ

Մայիս 14,2019 18:20

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն Aravot.am հետ զրույցում անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության ընթացքում տեղի ունեցող աղմկահարույց տեսարաններին, որոնց մասնակիցները նրա կրքոտ պաշտպաններն ու անխնա քննադատներ են, կարծիք հայտնեց, որ դրանք ամենևին էլ անսպասելի չէին։ Ըստ մեր զրուցակցի, պատահական չէ, որ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունն արդեն երկրորդական պլանում է, իսկ շոուն դարձել է առաջնային․ լրատվական հոսքը հեղեղված է  այդ շոուներով։

«Մեկը մյուսին վիրավորում, մեղադրում են գումարով Քոչարյանին պաշտպանելու, նրանք էլ իշխանություններին են մեղադրում գումարի և պաշտոնների դիմաց ակցիաներին մասնակցելու մեջ։ Հենց նոր կարդացի, որ նույնիսկ դպրոցականներն են մասնակցում այդ ամենին։ Այս ամենը իշխանությունների համար պիտի սպասելի լիներ։

Սկսեմ նրանից, որ իշխանությունների բոլոր փորձերը Քոչարյանի դատական պրոցեսը ներկայացնելու որպես սովորական դատավարություն, կյանքի չի կոչվելու։ Որքան էլ իշխանությունների ներկայացուցիչները փորձեն Քոչարյանին ներկայացնել որպես հասարակ քաղաքացու, դրա նրանց մոտ չի ստացվելու, որովհետև ուզեն, թե չուզեն իրենք պետք է ընդունեն մեկ փաստ․ Ռոբերտ Քոչարյանը հասարակական-քաղաքական գործիչ է եղել՝ սկսած արցախյան գոյամարտից վերջացրած նրա նախագահ լինելով։

Հիմա ինձ հետաքրքիր է մեկ փաստ, նրանք ասում են, որ Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը չեն ընտրվել․ դրանից ի՞նչ է փոխվում, ոչինչ էլ չի փոխվելու։ Ես սա դիտարկում եմ կողքից որպես դիտորդի, որը ոչ զմայլված է գործող իշխանությունների քայլերով, ոչ էլ զմայլված է Ռոբերտ Քոչարյանով։ Հասկանում եք, մի փոքր ավելի ռեալ պիտի դիտել տեղի ունեցող իրադարձությունները և չփորձել Ռոբերտ Քոչարյանի դատական պրոցեսը ներկայացնել որպես հասարակ քրեական գործ, որը պետք է հանգիստ ընթացք ունենար։ Իհարկե՝ ո՛չ, էլի եմ կրկնում․ ուզեն, թե չուզեն պետք է ընդունեն մեկ փաստ․ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական և պետական գործիչ է եղել, այն բոլոր պնդումները, թե Քոչարյանը կուսակցական չի եղել, այո՛, չի եղել, բայց բազմաթիվ կուսակցություններ, այդ թվում ՀՅԴ-ն, «Բարգավաճ Հայաստան»-ը, Հանրապետականը նրան աջակցել են։ Բացարձակ պարտադիր չէր, որ նա կուսակցական լինեի, ինքը եղել է նաև պետական գործիչ, այսինքն` բազմաթիվ պաշտոններ է զբաղեցրել։

Ինքնըստինքյան Ռոբերտ Քոչարյանի դատական պրոցեսը քաղաքականացվելու էր, և այս երկու բևեռների, երկու թիմերի ի հայտ գալը ես շատ նորմալ եմ ընդունում։ Իհարկե, իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, որ Ռոբերտ Քոչարյանին ներկայացնեն որպես հանցագործ, իսկ Ռոբերտ Քոչարյանն էլ ամեն ինչ պետք է անի, որ իրեն մաքրազերծի այն ամենից, ինչի մեջ, որ նրան մեղադրում են»,- ասում է Գագիկ Համբարյանը։

Ըստ քաղաքագետ, Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի այն հայտարարությանը, որ իր հորն առաջադրված մեղադրանքն անձնական վրեժխնդրություն է, տրամաբանական է․ նրանից այլ կարծիք լսելը կլիներ անտրամաբանական։

«Վերջիվերջո իր հոր մասին է խոսքը, և նա, ինքնըստինքյան, այս գործընթացը պետք է մեկնաբաներ որպես որդի, և շատ զարմանալի է, որ հասարակության որոշ զանգվածներ նրան մեղադրում են կողմնապահության, հանցագործին պաշտպանելու մեջ։ Նախ` Ռոբերտ Քոչարյանի հանցագործությունն դեռ ապացուցված չէ, դա մեկ, և ես հաստատ համոզված եմ, որ այս գործընթացը հարթ չի էլ ընթանա, սա բավական երկար գործընթաց է։ Ես ինչքան նկատում եմ օրենքների տրամաբանություններ կան, ասենք կա օրենք, որի համաձայն  նախագահներն անձեռնմխելի են իրենց կառավարման տարիներին գործած քայլերի համար։ Հիմա հետաքրքիր է, ի՞նչը փոխվեց այս ընթացքում, կամ եթե այս ձևով է մեկնաբանվում այս ամենը, եկեք քրեական գործեր հարուցենք և Լևոն Տեր-Պետրոսյանի, և Սերժ Սարգսյանի դեմ ևս, որովհետև բազմաթիվ քաղաքական խմբեր նրանց էլ մեղադրում են տարբեր հանցագործությունների մեջ։ Ինչո՞ւ չի հարուցվում այդ քրեական գործերը, նույն Ռոբերտ Քոչարյանն էլ բացահայտ մեղադրում է  Լևոն Տեր-Պետրոսյանին մարդկանց հրահրելու, սադրանքներ կազմակերպելու մեջ։ Նույն Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ կողմնակիցներ Սերժ Սարգսյանին բազմաթիվ հանցագործությունների մեջ են մեղադրում, ընդհուպ մինչև Ազգային ժողովի փոխնախագահն, որը բացահայտ նշում է, թե Սերժ Սարգսյանը լեգիտիմ նախագահ չի եղել։ Բերեք քրեական գործեր հարուցեք, ասելով հո չէ։

Նորից եմ կրկնում, ինձ համար բացարձակ միևնույնն են և՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը, որովհետև ես այս ամենը մեկնաբանում եմ որպես անկախ վերլուծաբան։ Բայց եթե մենք արդարության ենք ուզում հասնել, արդարության հասնում են ոչ թե մեկին թիրախավորելով, այլ արդարությունը պետք է լինի բոլորի նկատմամբ, որովհետև 2018 թվականի թավշյա հեղափոխությունն արդարության բացակայության պատճառով էր․ հասարակությունն ուղղակիորեն զզվել էր  ՀՀԿ-ի «բեզպրեդելությունից» և անպատժելիության մթնոլորտից։ Մի կողմ եմ դնում սոցիալ-տնտեսական բազում խնդիրները, որոնք կան մեր երկրում, և հեղափոխությունից հետո ոչ միայն չեն լուծվել, այլ ավելի են սրացել, բայց հասարակության համար ամենակարևորն արդարությունն է։

Եվ այն, ինչ տեղի է ունենում Ռոբերտ Քոչարյանի շուրջ, ինձ համար սպասելի էր, իշխանություններն էլ սրան պիտի սպասեն։Ի՞նչ, իրենք մտածում էին, որ Ռոբերտ Քոչարյանը մատաղացու գառ էր, դրեցին վրայով պիտի անցնեի՞ն, չկա այդպիսի բան», -ասում է Գագիկ Համբարյանը։

Նա նշում է, որ ՀՀ երկրորդ նախագահն ունի նաև արտերկրյա աջակիցներ, որոնցից ամենագլխավորը մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնությունն է։

«Պարոն Փաշինյանը որքան էլ հայտարարի, որ իր հարաբերությունները Պուտինի հետ շատ լավ են, մեկ փաստ կարող եմ նշել, նրա 6-7 հանդիպումներից ոչ մեկը Հայաստանում չի եղել։ Թավշյա հեղափոխությունից անցել է մեկ տարի, Ռուսաստանի վերնախավից ոչ մեկը մինչև հիմա հատուկ Հայաստան չի ժամանել։ Մեդվեդևեը եկել է Հայաստան ԵԱՏՄ շրջանակներում, դա Ռուսաստանի Դաշնության վարչապետի պաշտոնական այցը չի եղել։ Պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել, ռուսական մամուլում հրապարակվող տեղեկությունները պատահական չեն, իսկ  մենք շատ լավ գիտենք, որ Ռուսաստանի Դաշնությունը ժողովրդավարական երկիր չէ, դրանք ցույց են տալիս, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև կան բազմաթիվ խնդիրներ, որոնցից ամենակարևորը հենց Ռոբերտ Քոչարյանն է»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031