«Գործի ողջ էությունն անցել է այս ճանապարհով. մարդկանց հարցաքննում են, եւ երբ տեսնում են, որ իրենց ուզած պատասխանը չկա, հարցաքննությունը կարճ է տեւում։ Սա է գործի բնույթը»,-Մարտի մեկի գործով նախնական դատական նիստում այսօր հայտարարեց ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նա դիրքորոշում էր հայտնում իր պաշտպանների այն միջնորդության մասին, որով նրանք ցանկանում են վկայի կարգավիճակում դատարան հրավիրել 2008թ. դրությամբ ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորներ հանդիսացած մի շարք անձանց։
Ավելի վաղ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը շեշտել էր` ՍԴ ոչ բոլոր անդամներն են հարցաքննվել, իսկ ովքեր որ հարցաքննվել են, ժխտել են, թե Ռոբերտ Քոչարյանն իրենց վրա ճնշում է գործադրել։ Ռոբերտ Քոչարյանը, մատնացույց անելով գործով մեղադրող-դատախազներին, դատավոր Դավիթ Գրիգորյանին ասաց, որ նախաքննության ընթացքում որոշ անձանց միտումնավոր չեն հարցաքննել. «Ես գտնում եմ, որ սա մտածված եւ կողմնակալ մոտեցում է գործի քննության հանդեպ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ