Լրահոս
Օրվա լրահոսը

«Քոչարյանի աջակիցները ամռանը պաշտոններ են խնդրել…մեկ էլ պարզվում է՝ այդ մարդը գոռում է՝ կեցցե՛ Ռոբերտ Քոչարյանը». Վահագն Հովակիմյան

Մայիս 14,2019 16:30

Երեկ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը,  հայտարարեց, որ անձնական վրեժխնդրություն կա իր հոր նկատմամբ: Քոչարյանի աջակիցները նույնպես մշտապես հայտարարում են, թե Նիկոլ Փաշինյանը Քոչարյանից Մարտի 1 -ի «մուռն է հանում»:

Այս առնչությամբ մեզ հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը ասաց. «Մարտի 1-ը ո՞ւմ հանդեպ է եղել, ո՞ւմ են գնդակահարել: Ես ցավում եմ, որ Քոչարյանը, իր մերձավորները, իր ընտանիքը, ընդ որում, ընտանիք ասելով՝ նկատի ունեմ նաեւ այդ ընտանիքից սնվող տարբեր անձերի, այդ մարդիկ ըստ էության չեն հասկացել, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում: Նրանք մինչեւ այսօր չեն գիտակցել դա: Իրենց գիտակցության մեջ այսպես է՝ եթե դու իշխանություն ես, ուրեմն ում ուզում ես՝ նստցնում ես: Իրենց առաջնորդն ասեմ, թե պարագլուխը, չգիտեմ ինչպես են նրան դիմում, կարող է «դոն»-ով դիմեն, կարող է «մեծն վսեմաշուք», իրենց մտածողությունն այդպիսին է եղել, դրա համար այդ մտածողությամբ էլ առաջնորդվում են: Հիմա օրենքի առաջ բոլորը հավասար են ու կապ չունի, թե դու նախկինում ինչ պաշտոն ես զբաղեցրել, այսօր ինչ պաշտոն ես զբաղեցնում: Դա խորթ է իրենց մտածողությանը»:

Այն, որ երեկ դատարանի առաջ Քոչարյանի աջակիցների բերած պաստառների գերակշիռ մեծամասնությունը առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նկարներով էր, ըստ Հովակիմյանի, եւս մեկ փաստ է, եւ ապացուցում է, որ իրողությունից կտրված են:

Հարցին՝ դուք համարում եք, որ նրանք, ովքեր այդպես կրծքով պաշտպանում են Քոչարյանին, նրանց բոլորին փո՞ղ են տվել, թե՞ իսկապես Քոչարյանն ունի աջակցություն ինչ-որ չափով, Վահագն Հովակիմյանը պատասխանեց. «Այդ աջակիցները, որոնք իբր թե այդ դրոշակակիրներն էին, ընդամենը ամռանը պաշտոններ են խնդրել: Այսինքն, մարդիկ են, որոնք փորձել են իշխանափոխությունից հետո՝ թե մեզ պաշտոններ տվեք: Մարդը, ինքը չունենալով այդ որակները, որպեսզի մեր քաղաքական թիմի անդամ դառնա, չի դարձել: Մարդիկ, որոնք ասում են՝ ես տարիներով պայքարել եմ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ, կարամ սենց անեմ, էս անեմ, էն անեմ, պատասխանատվություն ստանձնեմ ու չի ստանում այդ պաշտոնը, մեկ էլ պարզվում է՝ այդ մարդը գոռում է  կեցցե Ռոբերտ Քոչարյանը: Ի՞նչ մտածես էդ մարդկանց մասին, էդ տիպի մարդիկ են: Դրա համար եմ ասում նրա հետ փոխկապակցված մարդիկ են, որոնք ինչ-որ կերպ փոխկապակցված են՝ վճարվող են, նպաստի ենթակա են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031