Քիչ առաջ Մարտի մեկի գործով նախնական դատական նիստում ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն ընթերցեցին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի եւ Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի երաշխավորագիրն առ այն, որ Ռոբերտ Քոչարյանը, գտնելով ազատության մեջ, պատշաճ կկատարի իր դատավարական պարտականությունները։ Նախագահները երաշխավորագրում շեշտել են, որ գիտակցում են այդ պարտականությունների չկատարման դեպքում քրեական պատասխանատվության հարցի ի հայտ գալը։
Դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտարարեց, որ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար ներկայացված երաշխավորագիրը, ըստ կարգի, պետք է քննարկվի Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի մասնակցությամբ, քանի որ նրանք դատարանում պետք է վերահաստատեն երաշխավորությունը։
Միջնորդության քննարկումը ժամանակավորապես հետաձգվեց, որպեսզի Քոչարյանի պաշտպանները ճշտեն, թե երբ կարող են նախագահները ներկայանալ Երեւանի ընդհանուր իրավասության դատարան։ Իսկ մինչ այդ պաշտպանները ներկայացնում են Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդություն` առանց անձնական երաշխավորության։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև