Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Միլիոնների համար էլ է պետք պատասխան տալ». Արփի Դավոյանը՝ Լևոն Քոչարյանին

Մայիս 14,2019 16:00

«Ռոբերտ Քոչարյանի որդին մի ուշագրավ հայտարարություն է արել, որին պետք է անդրադառնալ: Հայտարարել է, որ ինքը միլիարդատեր չէ, բայց միլիոնատեր է, որը նույնպես մտահոգության առիթ է տալիս»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարանի հայտարարությանը, թե  ինքը միլիարդատեր չէ, այլ միլիոնատեր, այսպես արձագանքեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը:

Ըստ նրա՝ այստեղ միլիարդատեր կամ միլիոնատեր լինելու հարցը չէ, այլ գումարի ծագումը: Այնուհետև հարց բարձրացրեց. «Միլիոնների համար էլ է պետք պատասխան տալ: Որտեղի՞ց ՀՀ նախկին նախագահի որդուն, որը զբաղվում է բիզնեսով, այդ միլիոնները, ընդ որում դոլարային: Չեմ կարծում, որ 10 տարվա ընթացքում ՀՀ ում չեն եղել բիզնեսով զբաղվող մարդիկ, որոնք միլիոնատեր չեն դարձել: Բազմաթիվ մարդիկ զբաղվել են բիզնեսով, որոնք ունեցել են հաջողություններ և անհաջողություններ, բայց նման թռիչքային աճով միլիոնատեր դարձողներ չունենք: Իսկ միլիոնատերեր հիմնականում դարձել են պաշտոնյաների զավակներ, հարազատներ և մերձավորներ»:

Անդրադառնալով Լևոն Քոչարյանի մյուս հայտարարությանը, թե նման անհեթեթ մեղադրանքներ առաջադրելու փոխարեն թող գնային մեղավորներին գտնեին , Արփի Դավոյանն ասաց. «Պետք է գնալ ակունքներին, հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել: Ռոբերտ Քոչարյանի որդին պետք է փորձի ընկալել, թե ինչ է տեղի ունեցել մարտի 1-ին, ինչ է նախորդել Մարտի 1-ի ողբերգությանը, ինչ գործողություններ են կատարվել, որոնք հանգեցրել են այս իրողությանը։ Պետք չէ առանձին մեղավորներ փնտրել, պատասխանատուներ, որոնք կատարել են գործողությունը: Բոլորի կատարած գործողություններին իրավական գնահատական տրվելու է: Այսօր, երբ քննվում է Ռոբերտ Քոչարյանի գործը,  պետք չէ այլ հարթակներում մեղավորներ փնտրել: Նախ և առաջ, պետք է պատասխանել սեփական անձին առաջադրված մեղադրանքներին»:

Հետաքրքրվեցինք՝ ըստ իշխող կուսակցությունը ներկայացնող պատգամավորի՝ ինչի՞ համար է ստեղծվել «Նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինքը» և ի՞նչն է համախմբում այդ մարդկանց, Արփի Դավոյանը պատասխանեց. «Նախ ես չգիտեմ՝ ովքեր են այդ մարդիկ, քանի որ այստեղ հավաքված էին ինչ-որ մարդիկ, որոնք ինչ-որ բարձրագոչ բառեր, ճառեր էին ասում Քոչարյանի վերաբերյալ, որոնք իրականության հետ աղերս չունեին: Զարմանալի անհասկանալի դաշինք էր դա, տարօրինակ մարդկանցից բաղկացած, որոնք ոչ մի գաղափարական միասնություն չէին կարող ունենալ: Այս պահին հայաստանյան իրականության մեջ նման դաշինք ստեղծելը չեմ համարում լուրջ գործ: Այնտեղ մարդիկ ուղղակի որոշել են հավաքվել ու ստեղծել պաշտպանական դաշինք, որը հակադրություն կլինի համաժողովրդական բարկությանը: Ճնշումը շատ մեծ է ՀՀ քաղաքացիների կողմից, և ի հակադրություն փորձել են այդ դաշինքով ինչ-որ մարդկանցից բաղկացած պաշտպանական խումբ ստեղծել՝ ցույց տալով, որ դուք մեղադրում եք, սակայն մենք էլ ունենք մեր աջակիցները»:

Մեր հարցին՝ այդ դաշինքը համարո՞ւմ եք իշխող ուժին հակակշիռ, պատգամավորը պատասխանեց. «Իշխող ուժին հակակշիռ կարող եմ տեսնել միայն այնպիսի դաշինք, որը կազմված կլինի գաղափարական մարդկանցից, որտեղ մարդիկ կունենան հստակ գաղափարախոսություն, նպատակներ, հստակ կառուցողական քննադատություն, որոնք կարողանան համոզել ժողովրդին իշխող քաղաքական ուժի սխալների մեջ: Սակայն դա այդպիսին չէ, դա ավելի շատ իրադրական և շինծու դաշինք է»:

Գնահատելով Ռոբերտ Քոչարյանի գրքի շնորհանդեսի կազմակերպումը և նրա տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի այն կարծիքը, թե ինքը զարմացած է, որ այսքան շատ գրականություն սիրողներ կան, Արփի Դավոյանն ասաց. «Նախ ես չեմ զարմանում, որ ՀՀ քաղաքացիները գրքեր, ընթերցանություն են սիրում: Ամեն օր էլ տեսնում ենք գրախանութներում, որ մարդիկ գրքեր են գնում և կարդում: Ուստի այդ զարմանքն ընդհանրապես տեղին չեմ համարում: Չեմ կարծում, որ գրքասեր մարդկանց թիվը կապված է Ռոբերտ Քոչարյանի գիրքը գնելու և կարդալու ցանկությամբ, և նույնիսկ համոզված եմ, որ այդ գիրքը գնում են հենց իրենք, այսպես կոչված, Ռոբերտ Քոչարյանի աջակիցները, որպեզի ապացուցեն, որ այդ գիրքը գնվում է: Գուցե կլինեն հետաքրքրասերներ, որ կկարդան: Ես չեմ ցանկանում և  հարկ չեմ համարում կարդալ այդ գիրքը. ավելի արժանի գրքեր կան, որոնք կարելի է ընթերցել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garo says:

    Ինչա նշանակում պետք չի մեղավորներ գտնել:
    1. Ոնց պետք չի: Բա որ կոնկրետ սպանողներից մեկին գտնեն,ինքը ցուցմունք տա, որ մի խումբ մոլոտովի կոկտեյլներվ, երկաթե ձողերով հարձակվում էին, ես էլ ստիպված կրակեցի:
    Ոչ մեկ հատուկ հրաման չի տվել կրակելու: Եղել են մասսայակն անկարգություններ որտեղ մենք գործել ենք ըստ իրավիճակի:

    2. Իսկ ինչի եք հենց Քոչարյանի որդու միլիոնների վրա ֆիքսվել: Իսկ ասենք Խաչատուր Սուքիասյանը, Սիլվա Համբարձումյանը ոնց են պատերազմող գրեթե սովի վիճակում գտնվող երկրում 90-ականներին միլիոնատեր դարձել՞
    Կամ ասենք ինչի Հայկ Մարությանը կարա միլիոնատեր դառնա/Պրագայում 6տուն + 1 տուն հյ. պողոտայում արդեն միլիոնից շատա/ իսկ Լևոն Քոչարյանը չի կարա:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031