Անտեղի հայտարարություններով եւ Ռուսաստանից արհեստականորեն ներմուծված գռեհիկ եւ ցածրաճաշակ դրսեւորումներով ուղեկցված տոնախմբությունները՝ Երկրորդ Համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ տարված հաղթանակի, Շուշիի ազատագրման պատմական օպերացիայի, Արցախի Պաշտպանության Բանակի ստեղծման եւ Երկրապահի օրվա կապակցությամբ, թվում էր, կարող էին ստվերել մի չափազանց կարեւոր իրադարձության տարեդարձը։ Սակայն, Հայաստանի վարչապետի, Հայաստանի եւ Արցախի ԱԳՆ-ի կողմից հրապարակված ուղերձները վկայեցին հակառակը. այն պատշաճորեն արժեւորվեց եւ, դատելով բովանդակությունից՝ դրվում է հետագա քաղաքականության հիմքում։
Խոսքը գնում է 25 տարի առաջ, 1994 թվականի մայիսի 12-ից ուժի մեջ մտած եռակողմ համաձայնագրի մասին, որով, ըստ էության, անժամկետ զինադադար հաստատվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, ամրագրվեցին Հայաստանի Զինված Ուժերի, Արցախի Պաշտպանության Բանակի, հայ կամավորականի, հայ հասարակության ռազմական հաջողություններն արյունալի պատերազմում, որով կանխվեց Արցախում այն, ինչ տեղի ունեցավ Սումգայիթում, Բաքվում, նախկին Կիրովաբադում, Նախիջեւանում եւ նախկին սովետական Ադրբեջանում ամենուր, որտեղ գեթ մի հայ էր մնացել։
Ամենամեծ նվաճումն այստեղ այն էր, ինչից Ադրբեջանի տարբեր իշխանություններ խուսափում էին, եւ խուսափելու համար պատերազմի նոր փուլ սանձազերծում. դա Արցախի պաշտպանության նախարարի ստորագրությունն էր Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների ստորագրությունների մեջտեղում։
Չէ՞ որ պատերազմը, ըստ Կլաուզեւիցի, քաղաքականության շարունակությունն է, միայն թե բռնի միջոցներով։ Մեզ պարտադրվել էր պատերազմը, մենք ընդունեցինք այդ մարտահրավերը եւ պարտադրեցինք զինադադար, պարտադրեցինք Արցախի լիիրավ մասնակցություն եւ դե-ֆակտո քաղաքական կարգավիճակ, հանուն որի էլ վարվեց այդ արյունալի պատերազմը։
Կարդացեք նաև
Սակայն, այդ տարիներին ներկայիս հեռավորությունից հայացք գցելով, գալիս ենք այն եզրակացության, որ հայկական քաղաքական դասը, փայլուն կերպով քննություն բռնելով պատերազմի ժամանակ, գրեթե տապալեց հարաբերական խաղաղության քննությունը, չդիմանալով դափնիների եւ նյութական գայթակղություններին։ Կնքված զինադադարը թվում էր խաղաղություն, միանշանակ հաջողությունները՝ հաղթանակ, հարաբերական անդորրը՝ հավերժ։
Դրանից մեկ տարի անց մենք սկսեցինք կեղծել ընտրությունները, եւս մեկ տարի անց ստացանք թույլ լեգիտիմությամբ նախագահ, խնդիրներ միջազգային հանրության հետ, իսկ երբ փորձեցինք սթափվել, հետ կանգնելով մեր իսկ սխալներից՝ ստացանք ահաբեկչություն եւ պետության գլխատում, այնուհետեւ տնտեսության օտարում օտարին, ուղղահայաց-ինտեգրված կրիմինալ բռնապետության եւ գողապետության հաստատում, Արցախի դուրսբերում բանակցային գործընթացից, Արցախյան սխրանքի արդյունքների շահարկումներ եւ անխիղճ մսխում, երկու տասնամյակ տեւող ապաթիա եւ ստորաքարշ, անպատիվ դիրքավորում միջազգային հարաբերությունների թատերաբեմում։ Երբ ձգտում էինք փոխել իրերի դրությունը 2008-ին, մենք ստացանք գնդակներ եւ զանգվածային բռնաճնշումներ, ստացանք տասնամյա ճահիճ եւ հասարակական-քաղաքական կյանքի ադրբեջանացում, մինչդեռ հայտնի էր, որ չունենք այդ «հաճույքի» համար անհրաժեշտ հումքային ռենտան, եւ մենք Ռուսաստան եւ Ադրբեջան չենք եւ չենք կարող լինել, ստացանք Քառօրյա ապրիլյան պատերազմ։
Մեկ տարի է, ինչ Հայաստանը փորձում է դուրս գալ այս արատավոր շրջանի պատանդի կարգավիճակից, եւ կյանքը դեռ պիտի ցույց տա, թե ինչպես ենք մենք, Հայաստանը եւ Արցախը՝ բռնելու այս ե՛ւս մեկ քննությունը։ Եվ պետք է փաստենք, որ մենք ունենք բոլոր նախադրյալները, որպեսզի հաղթահարենք առկա մանրախնդրությունը, անհամբերությունը, անվստահությունը մե՛ր ընտրության եւ մե՛ր իսկ նկատմամբ եւ պատվով դուրս գանք այս փորձությունից։
Նենգափոխված եւ ձեւախեղված ձեւաչափը, որը սպասարկում էր բոլորի շահերը, բացի հայկական հասարակությունից, գործընթացը հասցրել է փակուղու, եւ այն պահանջելու է ոչ ստանդարտ մոտեցումներ։ Հայկական կողմերը պնդում են մի պարզ բան. չի կարող Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հանգուցալուծվել մի բանակցային գործընթացում, որտեղ որոշվելու է Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը՝ առա՛նց Լեռնային Ղարաբաղի, առա՛նց նրա ժողովրդի կողմից ընտրված իշխանության մասնակցության։
Ղարաբաղյան պատերազմը «գծային» չէր, ընթանում էր հաջորդաբար իրար փոխարինող բռնկումների եւ կարճատեւ զինադադարների փուլերով, եւ քարորդ դար առաջ կնքված զինադադարը երկնային պարգեւ չէր, այլ ձեռք բերվեց անասելի զրկանքների գնով, որոնք իրենց վրա պատվով տարան թե՛ մարտիկները ռազմաճակատում, թե՛ Հայաստանը եւ Արցախը չլքած յուրաքանչյուր քաղաքացի առանց բացառության, այդ թվում՝ «սովետ» չտեսած առաջին ազատ սերունդը, որը մեծացավ եւ կրթվեց օրական երկու ժամ լույսով, կերոսինային կամ փայտե վառարանով ապահոված «կոմֆորտի» պայմաններում։
Պատմությունը վկայում է, որ պատերազմների ելքը որոշվում է ռազմաճակատում, սակայն այն կանխորոշում են հասարակությունները, եւ բանակներն իրենց որակներով ածանցվում են հասարակություններից։ Հայ հասարակությունը պատերազմում մի-քանի անգամ ինքն իրեն ապացուցեց, որքան բարձր հատկանիշներով է օժտված, եւ դրա վկայություններն են այն հաջողությունները, որոնք արձանագրվեցին մեզ պարտադրած պատերազմում եւ արտացոլվեցին 25 տարի առաջ կնքված փաստաթղթում։ Այժմ եկել է ժամանակը մոբիլիզիցնելու հասարակական ողջ կարողություններն արժանապատիվ պայմաններով խաղաղության հասնելու համար։ Իսկ դրա համար անհրաժեշտ են ազատ, քաղաքակիրթ պետության եւ ազատ, քաղաքակիրթ հասարակության ինստիտուտների անշրջելի կայացումը, ամուր, ազատ տնտեսության ձեւավորումը եւ, անշուշտ, հայրենադարձությունը դեպի Հայաստան եւ Արցախ, որը հետ կշրջի այն աննորմալ իրավիճակը, երբ հինգից ընդամենը մեկ հայն է հայրենաբնակ։ Հաստատապես, մենք դա կարող ենք, եւ թող Աստված օգնի մեզ։
ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
14.05.2019