Հարցազրույց ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, կովկասագետ Ստանիսլավ Տարասովի հետ
– Պարոն Տարասով, լրացավ Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի ու Հայաստանի միջև կնքված հրադադարի համածայնագրերի 25–ամյակը, որի կապակցությամբ ՀՀ ԱԳՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ՝ կարևորելով 25 տարի առաջ կնքված համաձայնագիրը՝ որպես երեք կողմերի միջև ստորագրված միակ անժամկետ փաստաթուղթ, այլև հիշեցնելով 2016թ. Վիեննայի բարձրաստիճան պայմանավորվածությունների մասին, որոնք ըստ էության ՀՀ նոր իշխանությունների հրապարակային բառապաշարից դուրս էին մղվել Դուշանբեի պայմանավորվածություններից հետո և միայն վերջերս են կրկին հայտնվել պաշտոնական հաղորդագրություններում։ Զուգահեռաբար՝ կա փոփոխություն ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին։ Տպավորություն է, որ գործընթացը՝ բանակցությունները և իրավիճակը շփման գծում, վերադառնում են 2-3 տարի առաջ ստեղծված իրավիճակին։ Ի՞նչ եք կարծում այս մասին։
– Բիշքեկյան համաձայնագրերն առանձնահատուկ, իրենց տեսակի մեջ միակ փաստաթղթերն են, որոնք կնքել են հրադադար (հրադադար, ոչ թե խաղաղություն) երեք կողմերի միջև։ Սա միակ իրավական փաստաթուղթն է, ուստի ներկայումս, երբ խոսում են հակամարտության կարգավորման իրական բանակցությունների մասին, որոնք թույլ կտան կարգավորում, շատ փորձագետներ, ինչպես նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, դիտարկում են այս փաստաթուղթը։ Կա կարծիք նաև, որ առանց ԼՂ մասնակցության բանակցություններն այդպես էլ կլինեն պարզապես բանակցություններ՝ առանց կարգավորման, այսինքն՝ իրական տեղաշարժեր չեն լինի, բայց այս փաստաթուղթն ապացույց է ԼՂ մասնակցության կարևորության մասին։ Երկրորդ հանգամանքը, եղան Դուշանբեի բանավոր պայմանավորվածությունները Փաշինյանի և Ալիևի միջև, իրավիճակը շփման գծում սկսեց փոխվել դեպի լավը, բայց վերջին շրջանում իրավիճակը սկսեց վատթարանալ, քանի որ բանակցային վերջին բոլոր հանդիպումները ցույց տվեցին, որ, չնայած հանդիպումներին, բանակցություններին և այլն, իրավիճակը տեղում դոփում է։ Հայաստանը սկսեց ավելի ակտիվ առաջ մղել Ստեփանակերտի՝ բանակցությունների մասնակցության հարցը, Ադրբեջանը սկսում է հասկանալ, որ հետագա ընթացքն այս բանակցությունների ուղղությամբ, փորձերը՝ «ավելի լավ խաղալ», քան Փաշինյանը, որևէ արդյունքի չեն հանգեցնում։ Բնականաբար, այս ամենից հետո սկսում են խախտվել Դուշանբեի պայմանավորվածությունները։ Հայկական կողմը կիրթ է գործում ներկա դրությամբ, քանի որ ապրիլյան պատերազմից հետո իսկապես եղան Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որոնցում դիտարկվում էր շփման գծում մոնիտորինգային համակարգերի ներդրումն ու միջազգային դիտորդների տեղակայումը, որը հրադադարի խախտումների դեպքում կֆիքսեր, թե որ կողմն է իրականացրել խախտումը, թե ով է մեղավոր։ Իսկ ներկայումս, առանց մշտական մոնիտորինգի, ցանկացած միջադեպ կողմերից յուրաքանչյուրը կարող է ծառայեցնել իր օգտին։
Ուստի, որպեսզի այս խնդիրը վերանա, միջազգային դիտորդներ պետք է լինեն սահմանին ու շփման գծում։ ԵԱՀԿ ՄԽ-ն չկարողացավ այս խնդիրը լուծել, և հայկական կողմը ներկայումս փորձում է Վիեննայի գործընթացն առաջ մղել, որը տրամաբանական է։ Բայց այստեղ մեկ այլ հարց կա. 1994 թվականի իրական ստորագրված փաստաթուղթ կա, Դուշանբեում բանավոր ինչ-որ համաձայնություն եղավ, բայց կարելի էր այդ առիթն օգտագործել՝ իրավաբանորեն պարտավորեցնող ինչ-որ համաձայնագիր ստորագրելու համար, որպեսզի պատերազմական իրավիճակը դադարի՝ խաղաղ գործընթացի անցում կատարելու նպատակով։ Ցավոք սրտի, Դուշանբեի պայմանավորվածությունները չհանգեցրին խաղաղ համաձայնագրի կամ իրավիճակի ձևավորման, ուստի ներկայումս, այսպես կոչված, սիմվոլիկ լարումը սպասելի էր և տրամաբանական։
Կարդացեք նաև
ԱՐԱՔՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում