Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջապահության ոլորտում կեղծ պոպուլիզմը վատ վախճան է ունենալու. Գևորգ Գրիգորյան

Մայիս 14,2019 13:00

Կառավարության  ապրիլի 25-ի կայացած նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց  սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագրի ընթացքի մասին: Թորոսյանն էլ արձագանքեց, որ  ընթացքը գնահատում են «բավականին լավ», ծրագիրը  համարում են «շատ հաջողված»՝ նշելով, որ 85 հիվանդի արդեն բուժօգնություն է ցուցաբերվել: Վարչապետի հարցի՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ ժամանակին բուժօգնության դիմելու դեպքում ինսուտլն ու ինֆարկտը լիարժեք բուժվում են և դա իրականացվում է պետպատվերով, Արսեն Թորոսյանը դրական պատասխան տվեց:

Առողջապահության նախարարի պատասխանները վարչապետի ուղղած հարցերին, մեղմ ասած, խնդրահարույց են,  հիմնականում հեռու իրականությունից: Բացատրեմ, թե ինչու:

Հայաստանում տարեկան արձանագրվում է սրտամկանի  ինֆարկտի  ստենտավորման միջամտությամբ ուղեկցվող  շուրջ 5000 հիվանդանոցային դեպք:  Պետպատվերի շրջանակներում՝ անհետաձգելի ծրագրով, փոխհատուցվում  է 1500-1800 դեպք (ՍՏ- էլեվացիայով ուղեկցվող սրտամկանի սուր ինֆարկտ), և այլ ծրագրերով փոխհատուցվում է ևս 1500 դեպք՝ մասնակի  կամ  ամբողջովին:

Այսպիսով, սրտամկանի  ինֆարկտի  շուրջ 1500-1700  դեպք կամ ընդհանուր դեպքերի շուրջ 30%-ը սպասարկվում է վճարովի սկզբունքով: Ուշագրավ է այն, որ առողջության առումով ամենախոցելի,  շահառուների խումբը’ հաշմանդամություն ունեցող անձիք, այս ծառայության մասով  չունեն պետպատվերով բուժօգնություն ստանալու իրավունք, չնայած այն հանգամանքին, որ հաշմանդամության պատճառագիտության մեջ շուրջ 35% սիրտանոթային համակարգի հիվանդություններն են:

Հատկանշական է նաև այն, որ սրտամկանի ինֆարկտի «լիարժեք բուժումը» չի ավարտվում ստենտավորմամբ, այն  ներառում է պացիենտի առողջության վերականգնողական  և շարունակական հսկողության կարևոր փուլ, որը հաջորդում է ստենտ տեղադրելու միջամտությանը: Մինչդեռ մեր ներկայիս առողջապահական համակարգում, այս կարևոր փուլն անտեսված է, և բնականաբար, պետպատվերի մասին խոսք լինել չի կարող:

Մի կարևոր դիտարկում ևս, սրտամկանի սուր ինֆարկտի այն դեպքերը, որոնք չեն ստենտավորվում, սոցիալական և հատուկ խմբերում չներառված քաղաքացիների համար համավճարային սկզբունքով են  փոխհատուցվում՝ 50.000-150 000  ՀՀ դրամի շրջանակներում:

Ստացվում է՝ մի դեպքում պետությունը փոխհատուցում է մի քանի մլն դրամ ստենտավորման համար, մեկ այլ դեպքում, եթե այդ նույն ՍՏ- լեվացիա ախտորոշումով  հիվանդը հասանելիության կամ այլ բժշկական ցուցումներով չի ստենտավորվել, վճարում է համավճարով: Եվ այստեղ հարց է առաջանում՝ արդյոք այս ծրագրերի հիմքում ընկա՞ծ է սոցիալական արդարության սկզբունքները, որոնց մասին այդքան հանգամանորեն բարձրաձայնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Ակնհայտ է, որ՝ ոչ:

Հետևաբար, շատ վաղ է խոսել սրտամկանի սուր ինֆարկտի բուժումը լիարժեք պետական պատվերով իրականացնելու մասին:

Վերջին հինգ տարիներին սրտամկանի սուր ինֆարկտի հիվանդացության և մահացության ցուցանիշները վկայում են, որ ստենտավորման ծառայության աշխարհագրության ընդլայնումը և ծառայության քանակական վերելքը որևէ էական բարելավում չեն արձանագրել:

Ուղեղային սուր և ենթասուր կաթվածի’ ինսուլտի,  հիվանդանոցային դեպքերի թիվը մեր հանրապետությունում  տարեկան շուրջ 2500-2700 է:

Ինսուլտների այն դեպքերը, որոնք ներառում են վերակենդանացման միջոցառումներ (դեպքերի շուրջ 80%) բուժօգնությունը ստանում են վերակենդանացման բաժանմունքներում և պետական պատվերի փոխհատուցմանը զուգահեռ,  դեպքերի բացարձակ մեծամասնությունում հիվանդի կողմից լրացուցիչ վճարներ է իրականացվում: Արդարության սկզբունքը գերակայելով՝ ասեմ, որ իրականում անբավարար է վերակենդանացման համար պետության կողմից փոխհատուցումը: Ռեանիմացիայից սովորական բաժանմունք տեղափոխվելուց  հետո, եթե հիվանդը սոցիալական խմբերում ներառված չէ, բուժվում է համավճարային սկզբունքով, այս դեպքում էլ, ինչպես սրտամկանի սուր ինֆարկտի դեպքում’ վերականգնողական և շարունակական հսկողության փուլը անտեսված է, իսկ ինսուլտ ախտորոշման ժամանակ այն ավելի երկարատև է և բազմապրոֆիլ:

Անդրադառնամ նաև այն ծրագրին, որի ընթացքում առողջապահության նախարարը գնահատեց «շատ հաջողված»:

Գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածի թրոմբոլիտիկ բուժում և մեխանիկական թրոմբէկտոմիայի ծառայություն. Նախապես նշեմ, որ այն հայտնություն չէ  և որ արդեն բավական ժամանակ է այս ծառայությունը Հայաստանում գործում է:

Անցնենք  այն որպես պետական պատվերի ծրագիր դիտարկելուն: Ծրագիրը վերաբերվում է իշեմիկ ինսուլտներին, որոնք ավելի թեթև կլինիկական ընթացք ունեն և հիմնականում ավելի բարձր տարիքային խմբի մոտ են ախտորոշվում: Այն էֆեկտիվ է եթե ժամանակային առումով հնարավորինս վաղ  փուլում է իրականացվում է միջամտությունը, Սակայն այս ծրագրում հաշվի առնված չէ այն դեպքերը, որոնք կընթանան ոչ պրոտոկոլային և կունենան երկար վերակենդանացման կամ վերականգնողական  փուլ: Նկատի ունեմ, որ անգամ այս ծրագրի սահմաններում խոսել  լիարժեք պետական պատվերի մասին առնվազն վաղ է:

Լսելով հնչեցրած 80-85 դեպքի մասին՝ փորձեցի ծրագրում ներգրավված երկու կլինիկաներից ճշտել և դեպքերի թիվը հիսունը չէր անցնում: Ուստի, անգամ թվերի դեպքում նախարարի խոսքում անճշտություն կար:

Եթե նույնիսկ   առաջնորդվենք  նրա հնչեցրած դեպքերի թվով, ապա, ծրագիրը գործում է փետրվարի մեկից, հետևաբար տարեկան այս ծրագրով բուժօգնություն կստանան շուրջ 250-300 հիվանդ: Եվ այս ցուցանիշը թույլ է տալիս եզրակացնել, որ ինսուլտի բուժումը անվճա՞ր  է:

Միթե պրոֆեսիոնալ է, որ ընդամենը ութսուն դեպքով արվում է   վերլուծություն   և  ծրագիրը որակվում «շատ հաջող»: Առնվազն մեկ տարի ծառայություն մատուցելուց հետո կարելի է որոշակի որակումներ տալ, իսկ մինչև հինգ մլն. պոպուլյացիա ունեցող երկրների համար’ որևէ առողջապահական ծրագիր գնահատելու նպատակով՝ վերցվում է առնվազն երեք տարվա տեղեկատվություն:

Հետգրություն

Հորդորում եմ ազնիվ լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ, կեղծ պոպուլիզմը վատ վախճան է ունենալու՝ հատկապես, երբ խոսքը վերաբերում է Առողջապահության համակարգին:

Գևորգ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Բժիշկ ուրոլոգ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031