Լրահոս
Օրվա լրահոսը

Լեռնային Ղարաբաղի փխրուն խաղաղությունը. Զոհրաբ Մնացականյան

Մայիս 14,2019 12:44

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթում հոդված է հրապարակել «Լեռնային Ղարաբաղի փխրուն խաղաղությունը» վերտառությամբ: Հոդվածն ամբողջությամբ թարգմանաբար ներկայացնում ենք ստորև.

Մայիսի 12-ին լրացավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զինադադարի կնքման քառորդ դարը: 25 տարի առաջ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև ստորագրվեց կրակի դադարեցման մասին համաձայնագիր: Անհրաժեշտ է առանձնահատուկ նշել է Ռուսաստանի, ինչպես նաև մյուս երկրների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դերը փաստաթղթի ստորագրման և հրադադարի ռեժիմի հետագա պահպանման գործում:

Այս նշանակալից ամսաթիվը լավ առիթ է՝ գնահատական տալու հանուն հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի պայմաններին և հնարավորություններին, որոնք առաջացել են ռազմական գործողությունների ավարտից հետո, և հասկանալու՝ ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու, խաղաղության գործընթացի անդառնալիությունն ապահովելու և կայուն խաղաղություն հաստատելու համար:

Հաշտություն կնքելու հիմքերը դրվել են 1994թ. մայիսի 5-ին Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում, որտեղ ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակում տեղի ունեցան բանակցություններ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների միջև, և ստորագրվեց Բիշքեկի արձանագրությունը: Որպես մայիսյան համաձայնագրի զարգացում՝ 1994թ. հուլիսի 26-27-ին կնքվեց լրացուցիչ պայմանագիր, որում երեք կողմերը հաստատեցին կրակի դադարեցման ռեժիմի անժամկետ բնույթը՝ մինչև հակամարտության վերջնական կարգավորում:

1995թ. փետրվարի 6-ին ուժի մեջ մտավ հրադադարի ռեժիմի ամրապնդման համաձայնագիրը, որը ձեռք էր բերվել Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Համաձայնագիրը ներառում է ռազմական առումով կարևոր միջոցառումների մի ամբողջ համալիր՝ ուղղված ճգնաժամային իրավիճակների կայունացմանը և հրադադարի ռեժիմի ամրապնդմանը:

Միջազգային հանրությունը վճռականորեն պաշտպանեց կրակի դադարեցման համաձայնագիրը: ԵԱՀԿ Բուդապեշտում տեղի ունեցած գագաթնաժողովը ողջունեց 1994թ. մայիսի 12-ին հակամարտության կողմերի հաստատած համաձայնագիրը: Հարկ է նշել, որ 1992–1993թթ. միջազգային հանրությունը հրադադարի հասնելու փորձեր էր ձեռնարկում, սակայն դրան խոչընդոտում էր Ադրբեջանի կողմից հակամարտությունը ուժային ճանապարհով լուծելու հետևողական քաղաքականությունը: Այդպես, 1992թ. ամռանը Ադրբեջանի զինված ուժերը օկուպացրին Լեռնային Ղարաբաղի տարածքի 40%-ը՝ իրականացնելով էթնիկ զտումներ:

Կրակի դադարեցման անժամկետ համաձայնագրի կնքման առաջին նախադրյալներն ի հայտ եկան 1994թ. սկզբին, երբ ԼՂՀ Պաշտպանության բանակին հաջողվեց հետ մղել հակամարտությունն ուժային ճանապարհով լուծելու Ադրբեջանի վերջին փորձերը և դուրս գալ պաշտպանական սահմաններից, որտեղից հնարավոր էր ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակչության ֆիզիկական անվտանգությունը: Այդպիսով, հակամարտության գոտում հաստատվեց ռազմական հավասարակշռություն, և այդ պայմաններում ադրբեջանական կողմը համաձայնեց կրակի դադարեցման բանակցությունների:

1994թ. մայիսի 12-ի համաձայնագրի, ինչպես նաև լրացուցիչ համաձայնագրերի հիման վրա ձեռք բերված հրադադարի ռեժիմի բացառիկությունը նրանում է, որ այն պահպանվում է հենց կողմերի ջանքերով: Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում որևէ նշանակալից միջազգային ներկայություն չկա:

Հակամարտության ռազմական փուլի ավարտը Լեռնային Ղարաբաղում պայմաններ ստեղծեց խաղաղ կյանքի, ազատ և կայուն հասարակության կառուցման համար: Այսօր Լեռնային Ղարաբաղը ոչ միայն հակամարտության անվանում է, այլև ինքնուրույն քաղաքական միավոր՝ դինամիկ հասարակությամբ, որը միտված է զարգացման: Եվ այնուամենայնիվ, մարդկանց անվտանգությանը մնում է առավել խոցելի:

Հրադադարի կնքումից հետո քառորդ դարի ընթացքում ադրբեջանական կողմը բազմիցս փորձել է խախտել հաստատված հավասարակշռությունը և դարձյալ նախադրյալներ ստեղծել հակամարտության ուժային լուծման համար: Լարվածության գագաթնակետը դարձավ 2016թ. ապրիլը, երբ ադրբեջանական զորքերը, խախտելով հրադադարի ռեժիմը, անցան լայնածավալ հարձակման շփման գծի հյուսիսային և հարավային հատվածներում:

Ապրիլյան էսկալացիայի արդյունքները ևս մեկ անգամ հաստատեցին, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Անվիճելի է նաև այն, որ ուժի գործադրման ցանկացած փորձ և ցանկացած կորսված մարդկային կյանք էլ ավելի են խորացնում կողմերի միջև առկա անդունդը, խարխլում են վստահության մնացորդները՝ չափազանց բարդացնելով բանակցային գործընթացը:

Ադրբեջանի կողմից ապրիլյան լայնածավալ հարձակումը ակնհայտորեն ցույց տվեց, որ համաձայնագրի անշեղ կատարումը Արցախի ժողովրդի անվտանգության և ֆիզիկական գոյատևման գրավականն է: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հստակ և միանշանակ պնդում են, որպեսզի կողմերը անշեղորեն հավատարիմ մնան 1994–1995թթ համաձայնագրերով ստանձնած իրենց պարտավորություններին:

Հրադադարի ռեժիմի հաստատումն ու պահպանումը՝ վստահության և անվտանգության ամրապնդման միջոցառումների ճանապարհով, նպաստում են հակամարտության գոտում իրավիճակը կայունացմանը, և բարենպաստ պայմաններ են ստեղծում բանակցային գործընթացի համար: Այդ առումով կարևոր նշանակություն ունեցավ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը հրադադարի ռեժիմի ամրապնդման և կողմերի միջև ուղիղ կապ ստեղծելու մասին, որը ձեռք բերվեց անցյալ տարվա աշնանը՝ Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ: Կարևոր է նաև այն, որ այդ պայմանավորվածությունները հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին վերահաստատվեցին ընթացիկ տարում Վիեննային գագաթնաժողովում:

Միաժամանակ, ցավոք, ստիպված ենք փաստել հրադադարի ռեժիմի ամրապնդման և հնարավոր էսկալացիայի վաղ նախազգուշացման ինստիտուցիոնալ մեխանիզմների բացակայությունը, ինչը լուրջ խոչընդոտ է 1994թ և 1995թ. համաձայնագրերի լիարժեք իրականացման ճանապարհին: Այս համատեքստում կարևորություն ենք տալիս ռիսկերի նվազեցման մեխանիզմների ստեղծման շուրջ 2016թ. Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրականացմանը, մասնավորապես ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելության ընդլայնմանը, ինչպես նաև միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծմանը:

Կցանկանայի հատուկ նշել, որ համաձայնագրերի շրջանակում պարտավորությունների կատարումը բխում է բոլոր կողմերի շահերից: 1994թ. համաձայնագիրն ունի անժամկետ բնույթ, և դրա շրջանակում բոլոր կողմերը պարտավորություն են ստանձնել հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների և ուժի չկիրառման հիման վրա: Այսինքն` ուժի չկիրառումը ոչ թե զիջում է որևէ կողմի համար, այլ հստակ պարտավորություն, որին հետևելը պետք է լինի կարգավորման սկզբնակետ:

Վերջում կարելի է փաստել, որ հրադադարի համաձայնագրի ստորագրումը ցույց տվեց, որ կառուցողական բանակցային գործընթացում բոլոր կողմերի ներգրավմամբ հնարավոր է հասնել շոշափելի արդյունքների: Համաձայնագիրը հնարավոր դարձավ այդ թվում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև ուղիղ կապի շնորհիվ, ինչը ևս մեկ անգամ հաստատում է լիարժեք բանակցային ձևաչափի վերականգնման անհրաժեշտությունը՝ բոլոր կողմերի մասնակցությամբ:

Հրադադարի կնքումը նպաստեց Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի հետևանքների չեզոքացմանը: Իսկ խաղաղության գործընթացը, իր հերթին, պետք է միտված լինի հակամարտության խորքային պատճառների չեզոքացմանը, այն է՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ ինքնորոշման անքակտելի իրավունքի խախտումը: Այդ առումով Լեռնային Ղարաբաղի ֆիզիկական անվտանգության և կարգավիճակի հարցը Հայաստանի համար բացարձակ առաջնահերթություն է խաղաղ կարգավորման հարցում:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031