Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս համազգեստով հեծանիվ վարելն այնքան էլ հարմար չէ». Էնֆիաջյանը վստահեցնում է, որ ինքը հեծանիվով չէ՝ ոտքով է գործի գնում

Մայիս 14,2019 12:25

ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն օրերս, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հեծանիվ վարելուն ու հեծանիվով գործի գնալուն, ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Հեծանիվ վարելու ամբողջ հմայքը ազատությունն է: Իսկապես այդ այդպես է։ Մի՞թե հաճելի է հեծանիվ վարել թիկնազորի ու կառավարական մեքենաների ուղեկցությամբ՝ փողոցներն արգելափակելով եւ երթեւեկությունը կաթվածահար անելով: Միայն մեկը կարող է բացատրել դրա «հմայքը»… Եվ այդ մեկը ես չեմ, այլ այն մարդն է, ով խոսում է օրենքի առաջ բոլորի հավասարությունից:
Հետաքրքիր է, եթե ես ինձ նման բան թույլ տայի (մեքենաներով արգելափակեի մայրաքաղաքի ամենաբանուկ փողոցը եւ հետեւիցս մի քանի ավտոմեքենա ուղեկցեին, եւ աշխատանքի շտապող մարդիկ ուշանային աշխատանքից իմ «վառ» երևակայության պատճառով), ինձ հետ ո՞նց կվարվեր պետությունը՝ կփռեր ասֆալտին, եթե ոչ՝ ծեփեր պատերին…»:

Նա կոչ էր արել Փաշինյանին լրջանալ:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն ասաց, որ ինքը նորմալ է վերաբերվում հեծանիվով աշխատանքի գնալուն: Հարցին՝ դուք մտադրություն չունե՞ք հեծանիվով գործի գնաք՝ նա պատասխանեց. «Ես, անկեղծ ասած, շատ մոտ եմ բնակվում աշխատանքիս վայրին՝ Ազգային ժողովին եւ հաճախ նաեւ ոտքով եմ հաճախում ԱԺ: Ես իրոք շատ դրական եմ վերաբերվում հեծանիվով երթեւեկելուն, բայց մեր մայրաքաղաքի ռելիեֆն այդքան հարմար չի, եւ հետո ճիշտ հասկացեք՝ այս համազգեստով հեծանիվ վարելն այնքան էլ հարմար չէ»,- ասաց Էնֆիաջյանն ու ցուցադրեց իր կոստյումը: Հետո նա ասաց, որ այն քաղաքները, որտեղ մեծ թիվ են կազմում հեծանիվով երթեւեկողները, այդ քաղաքներում կա հեծանվուղի. «Մեր քաղաքում ընդամենը մի փոքր հատված կա, որ նախատեսված է դրա համար»:

Թե նա ի՞նչ տպավորութուն է ստացել Փաշինյանի հեծանիվով երթեւեկելու տեսանյութից, այդպե՞ս պետք է լիներ հեծանիվով գործի գնալը՝ մայրաքաղաքի բանուկ հատվածում այդքան ուղեկցողներով, երթեւեկությունը փակելով՝ ինչից դժգոհել էր Գեւորգ Պետրոսյանը, Էնֆիաջյանն ասաց. «Իմ գործընկերը, ինչ էլ որ ասում է, շատ տեղին է ասում: Ես կարծում եմ՝ վարչապետի այդ քայլի մեջ եղել է միտում պարզապես ցուցադրելու, որ, օրինակ, հեծանիվով աշխատանքի մեկնելը կամ առհասարակ քաղաքում տեղաշարժվելը հարմարավետ է, եւ որպես օրինակ է ցույց տվել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031