Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի առաջ այս պահին բողոքի ցույց են անում մարտի մեկի գործով ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ու նրա ընդդիմադիրները, որոնք փոխադարձ վիրավորանքներ եւ մեղադրանքներ են հնչեցնում ինչպես միմյանց, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Նիկոլ Փաշինյանի հասցեին։
«Մենք էլ ենք դուխով, բայց ձեր դեմ ոչինչ չունենք, մենք էլ ենք ուզում նիստի մտնել, իսկ երեկ միայն իրենք էին դահլիճում»,- նկատի ունենալով այն հանգամանքը, որ երեկ մարտի մեկի գործով առաջին նախնական նիստում միայն Քոչարյանի աջակիցները կարողացան նիստերի դահլիճ մտնել, ասաց ցուցարար Ջիվան Աբրահամյանը։
Քոչարյանի կողմնակիցներից Արմեն Մինասյանն էլ իր հերթին ոստիկանական պատնեշի մյուս կողմում գտնվող ցուցարարներին սադրիչներ անվանեց. «Դուխովը թուրք-թաթարական բառ է, որը նշանակում է կապույտ գայլի ոգի»: Հիշեցնենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանն այսօր հրապարակելու է Քոչարյանի կալանքի փոփոխման հարցով միջնորդության որոշումը։ Հիշեցնենք նաև, որ ըստ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի` Քոչարյանի կողմնակիցները խլել են իր պաստառն ու շշով հարվածել դեմքին։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև