Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես հավատում եմ, որ ԵՄ-ն հիմա ավելի շատ է ձեր երկրներում». Դոնալդ Տուսկը՝ ԱլԳ անդամ երկրներին

Մայիս 14,2019 10:23

Մայիսի 13-ի երեկոյան Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի անունից տոնական ընթրիք մատուցվեց ԱլԳ վեց երկրների կառավարությունների ղեկավարներին: Ողջույնի խոսքում նախագահ Տուսկը մասնավորապես նշեց, թե տասը տարի առաջ Արեւելյան գործընկերությունը հիմնվեց գիտակցմամբ, որ այդ երկրները յուրօրինակ կապակցվածություն ունեն Եվրոպական միությանը, որին պետք է տրվի քաղաքական արտահայտություն: ԱլԳ նախաձեռնությունը Լեհաստանի ԱԳ նախարար Ռադեկ Սիկորսկիին ու Շվեդիայում նրա պաշտոնակից Կարլ Բիլդտինն էր, որոնք ներկա էին այդ ընթրիքին:

«Արեւելյան գործընկերությունն ունեցել է իր հաջողությունները, մարտահրավերները, նաեւ մեծ դրամայի պահեր, ինչպիսին էր 2013-ի նոյեմբերը, երբ նախագահ Յանուկովիչը Վիլնյուսում մերժեց Ուկրաինայի ասոցացման համաձայնագիրը, որի առնչությամբ նա ավելի ուշ դառնությամբ ափսոսաց»,- ասաց Դոնալդ Տուսկը: Ուշագրավ է, որ նա չհիշատակեց Հայաստանի նախաստորագրած Ասոցացման համաձայնագրի ձախողման փաստը:

Տաս տարի անց որպես նվաճում մասնավորապես արձանագրեց, որ ԱլԳ անդամ վեց երկրներից երեքն ունեն Ասոցացման համաձայնագրեր եւ ազատ վիզայի ընթացակարգ ԵՄ-ի հետ: Միլիարդավոր եվրոներ են ծախսվել գործարարությանն աջակցության, իրավական խորհրդատվության, կրթական, բնապահպանական եւ այլ ծրագրերի վրա: «Ավելին պետք է արվի, սակայն կասկած չկա, որ մեր գործընկեր երկրներն ավելի են մոտեցել ԵՄ-ին, քան մեր այլ հարեւանները: Սա նշանակում է, որ տասը տարին իզուր չէր, ու Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան ավելի շատ են հիմա ԵՄ-ում, եւ ես հավատում եմ՝ ԵՄ-ն ավելի շատ է ձեր բոլոր երկրներում, քան երբեւէ: Մենք միայն հարեւաններ չենք, մենք անդամներն ենք նույն եվրոպական ընտանիքի»,- ասաց Եվրոպական խորհրդի նախագահը եւ տասնամյա տարեդարձին հանձնառություն ստանձնեց ավելի խորացնել կապերը եւ համագործակցությունը:

Ընթրիքին մասնակցում էին Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը: Գոնե լրագրողների ներկայությամբ, ասենք՝ երբ խմբային լուսանկար էր արվում, նրանք շփումներ չունեցան: Սակայն ավելի ուշ «Ազատության» Բրյուսելի թղթակցին Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Իլհամ Ալիեւի հետ կարճ զրույց են ունեցել ընթացիկ իրավիճակի մասին։ «Հնարավոր չէ լուծել որևէ հակամարտություն` կենտրոնանալով միայն ներգրավված կողմերից մեկի շահերի վրա, որովհետև կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ամենակարեւոր խոչընդոտը Ադրբեջանի դիրքորոշումն է` չերկխոսել Ղարաբաղի հետ: Ճշմարտությունն այն է, որ այս հակամարտությունը երեք կողմ ունի` Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ և Հայաստան: Մենք կարծում ենք, որ շատ կարեւոր է ունենալ բանակցային պատշաճ շրջանակ, որ հնարավոր լինի լուծել այս հակամարտությունը», – նշել է նա։

Հարցին էլ՝ նորից հանդիպելու ծրագրեր կա՞ն, Հայաստանի վարչապետը պատասխանել է. «Դեռ պլաններ չկան, բայց վստահ եմ` որ բանակցությունները շարունակվելու են: Շատ կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղը վերադառնա բանակցային սեղանի շուրջ, դա շատ կարևոր է: Առանց Լեռնային Ղարաբաղի հնարավոր չէ ունենալ հարցի իրական կարգավորում»։

Ընթրիքից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը մեկնեց Չինաստան ու չի մասնակցելու մայիսի 14-ին կայանալիք գագաթնաժողովին:

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Բրյուսել

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031