Լրահոս
Օրվա լրահոսը

Յոհանես Հանը՝ ԵՄ-Ադրբեջան համաձայնագրի եւ «Իմ քայլի»՝ ԵԺԿ-ին անդամակցության մասին. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Մայիս 14,2019 00:35
Johannes Hahn

Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հանը մայիսի 13-ին Բրյուսելում պատասխանեց Արեւելյան գործընկերության անդամ երկրների լրագրողների հարցերին: Ուշագրավ է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ներկայացնող լրագրողները նույն թեմայի վերաբերյալ ու փոխլրացնող հարցեր տվեցին. Նկատենք, որ պրն Հանը հարցերին պատասխանում էր խմբավորված:

Եվ այսպես՝ նախ Հանրային հեռուստաընկերության լրագրողը հարցրեց, իսկ հետո հաջորդ լրագրողն ասաց. «Ես Ադրբեջանից եմ, ներկայացնում եմ «Ռիփորտ Նյուզ» գործակալությունը և հենց նույն հարցն ունեի»: Նրանց հարցը վերաբերում էր հետեւյալին՝ ԵՄ-ի-ի և Ադրբեջանի միջև պայմանագիրը վերջնականացման փուլում է և ենթադրվում էր, որ այն պատրաստ կլինի մայիսի 13-ին, սակայն ակնհայտ է, որ կողմերը որոշ դրույթների վերաբերյալ համաձայնության չեն եկել: Ադրբեջանցի լրագրողը հետաքրքրվեց, թե ինչպես դա կմեկնաբանի, ինչպես կգնահատի ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները:

Իսկ «Առավոտը» հավելեց, թե ԵՄ-ի դիրքորոշումը հստակ ներկայացված է ԵՄ-Հայաստան պայմանագրում, արդյոք այն կամրագրվի նաև Ադրբեջանի հետ պայմանագրում. «Արդյոք այն նման է, համապատասխանում է և համահունչ է հայկական կողմի հետ կնքած համաձայնագրի դիրքորոշման հետ»:

Ի պատասխան Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատարը նախ նկատեց. «Կարևոր եմ համարում շեշտել այն հանգամանքը, որ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները կողք կողքի են նստած: Սա դրական երեւույթ է, քանի որ սա վստահության մասին է խոսում»:

Եվրոպական միություն-Ադրբեջան համաձայնագրի մասին պրն Հանն ասաց. «Այո, մենք իսկապես դեռ աշխատում ենք ԵՄ-Ադրբեջան համաձայնագրի վրա և այն դեռ չենք ավարտել: Ես չեմ ուզում մեկնաբանել, բայց համոզված եղեք՝ մենք շատ լավ ծանոթ ենք բոլոր տարբերություններին: Սակայն այստեղ մենք ունենք երկկողմանի պայմանագիր Հայաստանի և ԵՄ-ի միջև և մենք կունենանք պայմանագիր նաև Ադրբեջանի և ԵՄ-ի միջև և այս երկու համաձայնագրերի նպատակն է ակտիվացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները, խթանել տնտեսությունը և հասցեագրել այն խնդիրները, որոնք մեր հետաքրքրության շրջանակներում են»:

Նա նաեւ ասաց. «Ինչ վերաբերում է Հայաստանին, մենք պետք է հարգենք, որ նա Եվրասիական տնտեսական միության անդամ է, բայց մենք լուծումը գտանք և ես կարծում եմ, որ այն կարող է ծառայել որպես լավ նախագիծ, թե ինչպես Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող երկիրը կարող է նաև համագործակցել ԵՄ-ի հետ: Սա կարող ենք դիտարկել նաև որպես հավաստիացում հարևան Ռուսաստանի համար, որ մենք չենք փորձում սպառնալ որևէ մեկին, այլ՝ աջակցել հասարակություններին, երկրներին»: Ըստ նրա՝ «Իհարկե, մենք տեղյակ ենք զգայուն կողմերի մասին, բայց քանի դեռ չենք վերջնականացրել բանակցությունները ես չեմ ուզում մեկնաբանել դիրքորոշումը, քանի դեռ չկա վերջնական պայմանավորվածություն»:

«Առավոտի» մյուս հարցն էր, թե դուք նաև Եվրոպական ժողովրդական կուսակցության փոխնախագահն եք. «Հայաստանի իշխող ուժի հնարավոր անդամակցությունը Եվրոպական ժողովրդական կուսակցությանը լրատվամիջոցների ուշադրության ներքո է: Ինչ կարծիք եւ տեսլական ունեք այս հարցի վերաբերյալ: Տեսնո՞ւմ եք արդյոք գաղափարական նմանություններ և համագործակցության հեռանկար»:

Յոհանես Հանն ի պատասխան ասաց, թե փորձել է առանձնացնել իր քաղաքական կուսակցությունը եվ ներկայիս պաշտոնը. «Եվ դրա համար ես կուսակցությունում անդամակցություններով զբաղվող կոմիտեի անդամ չեմ: Բայց Ձեր հարցն ինձ հետաքրքրեց, որ տեսնեմ թե ինչ է այնտեղ կատարվում»:

Նիկոլ Փաշինյանն Արևելյան գործընկերության անդամ երկրների ղեկավարների հետ մասնակցել է Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված պաշտոնական ընթրիքին, որը տրվել է Դոնալդ Տուսկի անունից:

Մանրամասները՝ շուտով

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Բրյուսել

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031