Գյումրեցի ռեփեր եւ բիթբոքսեր Ալբերտ Գեւորգյանը՝ Աբոն, երկու տասնյակի չափ երգեր ունի; Վերջերս նրա նոր տեսահոլովակն է նկարահանվել, որտեղ Աբոն 9-ամյա Նորայր Ալեքսանյանի (Նոնոյի) հետ է հանդես եկել: «Նա իմ աշակերտն է, ես իրեն բիթբոքս եմ սովորեցնում նաեւ ռեփի հետ կապված ամեն ինչ: Երեք ամիս է՝ աշխատում եմ իր հետ, ու լուրջ մտադրություններ կան համատեղ հետաքրքիր գործեր ու տեսահոլովակներ անելու:
Երեխան ընդամենն ինը տարեկան է, բայց շատ տաղանդավոր է, եւ եթե տաղանդ չունենար, մեր համատեղ աշխատանքը չէր լինի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ռեփերը:
Մեկնաբանելով նոր երգը՝ Աբոն ասաց, որ դրա նպատակը նախ երեխային ներկայացնելն է, իսկ ուղերձն այն է, որ չեն ուզում՝ հայկական ռեփը մարի:
Կարդացեք նաև
«Սիրում ենք ռեփը, պահում ենք ռեփը, երգում ենք…Նաեւ երեխան է իրեն ներկայացնում: Տեքստն իրեն համապատասխան է, կյանքից է վերցված, մեզ հետ առնչություն կա; Մի խոսքով գործ ունենք ինը տարեկան տաղանդավոր տղայի հետ, որը շատ լուրջ է վերաբերվում իր գործին: Շատ ջանք ենք թափել, ու կարծում եմ, որ ստացել ենք մեր ուզածը»,-հավելեց ռեփեր Աբոն:
Մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ երգի վերաբերյալ միայն դրական արձագանքներ են ստացել. «Սիրում եմ առավոտյան Գյումրիով քայլելով աշխատանքի գնալ; Ընկերներս, ծանոթներս բոլորն էլ ասացին, որ շատ լավ երգ է, շատ լավ տեսահոլովակ ու անուշ երեխա…Դեռ պետք է այս երգը ներկայացնենք Գյումրիում՝ թեկուզ իմ համերգի ձեւաչափով, որ, հավանաբար, կկայանա ամռանը»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ