Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավապաշտպանները սպանված Մարիամ Ասատրյանի դեպքի մասին. «Ե՜վ դատարաններում ե՜ւ քննչական մարմիններում պաշտպանում են միայն տղամարդկանց շահերը»

Մայիս 13,2019 20:07

Իրավապահների անգործության հետեւանքով կնասպանության դեպքերը չեն կանխարգելվում: Այսօր այս մասին մտահոգություն հայտնեցին իրավապաշտպանները՝ վկայակոչելով Մարիամ  Ասատրյանի սպանության դեպքը, որը տեղի ունեցավ օրեր առաջ՝ մայիսի 8-ին:

Մեդիա կենտրոնում  Կանանց աջակցման կենտրոնի մասնագետները հայտնեցին, որ Մարիամ Ասատրյանի խնդիրների մասին տեղական ինքնակառավարման եւ իրավապահ մարմինները տեղյակ են եղել դեռեւս 2017 թվականից, սակայն որեւէ կանխարգելիչ եւ պատժիչ գործողությունների չեն դիմել:

Հիշեցնենք,որ Մարիամ Ասատրյանը ծեծի  ենթարկված վիճակում տեղափոխվել է Մասիսի հիվանդանոց, որտեղ արդեն մահացած է եղել:
Մարիամին սպանելու մեջ կասկածվել է Արմավիրի մարզի բնակիչ

26-ամյա երիտասարդը, որը ինքնախոստովանական ցուցմունք է տվել այն մասին, որ 2019 թ. մայիսի 8-ի երեկոյան Արարատի մարզի Այնթապ  գյուղին հարակից դաշտամիջյան տարածքում ռետինե խողովակով, փայտյա մահակով եւ այլ առարկաներով ծեծի է ենթարկել 30-ամյա իր վաղեմի ծանոթին, ով ստացած մարմնական վնասվածքների հետեւանքով մահացել է, ինչից հետո իր ավտոմեքենայով նրա դին տեղափոխել է Մասիս ԲԿ:

Կանանց աջակցման կենտրոնի ծրագրերի ղեկավար Հասմիկ Գեւորգյանի խոսքով, Մարիամը երկու տարի առաջ դիմել է  իրենց՝ կենտրոնի թեժ գծի միջոցով. «Եղել է դաժան ծեծված,մի ձեռքը կոտրված, մարմնի վրա դանակի, պտուտակահանի հետքեր են եղել, ինչի արդյունքում քրեական գործ է հարուցվել»: Հասմիկ Գեւորգյանն ասաց, որ Մարիամը երկու ամիս մնացել է կանանց աջակցման կենտրոնի կացարանում,որից հետո իր կամքով որոշել է դուրս գալ եւ կյանքը շարունակել ազատության մեջ: Սակայն 2018 թվականին կրկին դիմել է կենտրոն, այս անգամ երկու կոտրված ձեռքով. «Ոստիկանությունը եւ քննչական մարմինը կրկին տեղեկացված է եղել այդ միջադեպից»:

Aravot.am-ի հարցին՝ նախկին իշխանությունների օրոք իրավապաշտպան կազմակերպությունները դժգոհություն էին հայտնում,որ դատավորները վճիռները կայացնում էին հօգուտ բռնարարների, իրավապահները ընտանեկան բռնության դեպքերի վրա աչք էին փակում՝ գործին ընթացք տալու փոխարեն խորհուրդ էին տալիս հաշտվել՝ գնալ տուն,ներկայումս ինչպիսի՞ն է իրավիճակը, փոփոխություն նկատե՞լ են դատական համակարգում, Հասմիկ Գեւորգյանն ի պատասխան ասաց, որ ընտանեկան բռնության դեպքերում իրավապահները նույն մոտեցումն են ցուցաբերում. «Օրենքում կա հաշտության մեխանիզմ,որը վերապահված է աջակցման կենտրոններին իրականացնելու համար, բայց, համատարած, ոստիկանության բաժանմունքները,չենք հասկանում, ինչի համար են օգտվում այս կետից, որն, ընդհանարապես, իրենց հետ կապ չունի: Եվ մեր բոլոր կանանց առաջարկում են հաշտություն,որի հետեւանքը, ինչպես Մարիամ Ասատրյանի դեպքում է,լինելու է սպանություն: Ես, որպես այս կենտրոնում աշխատող մասնագետ որեւէ փոփոխություն չեմ տեսնում այդ մասով»

Ըստ Կանանց աջակցման կենտրոնի փաստաբան Նոնա  Գալստյանի, ոլորտում դրական փոփոխությունն այն է, որ քաղաքացիական հասարակության հետեւողական պայքարի արդյունքում,ի վերջո, ընդունվեց Ընտանեկան բռնության մասին օրենքը եւ օրենքով նախատեսվեցին նաեւ բռնության երեւույթները կանխարգելելու նաեւ պատժիչ սահմանափակումներ կիրառելու բռնություն գործադրած անձանց նկատմամբ. «Բայց օրենքի ընդունումից հետո իրավակիրառ պրակտիկան գնաց այն տրամաբանությամբ, որ, հնարավորինս ամեն կերպ պետք է խուսափել, օրենքով նախատեսված առավել խիստ, վճռական միջոցառումների ձեռնարկումից»:

Ըստ Նոնա Գալստյանի, փոխարենն ընտրեն անհետաձգելի միջոցառումների որոշումը կիրառելու ճանապարհը ընտրում են նախազգուշացումը: Ըստ տիկին Գալստյանի վիճակագրությունն էլ փաստում է, որ անգամ բարձր ռիսկայնության պայմաններում շուրջ երկուսու կես անգամ նախազգուշացում կիրառելու որոշումները գերազանցում են անհետաձգելի միջամտության որոշումներին:

Ըստ կենտրոնի մասնագետների, 26-ամյա երիտասարդը եղել է Մարիամի զուգընկերը եւ օրենքն այս առումով էլ թերի է:
Կանանց աջակցման կենտրոնի փաստաբան Նոնա  Գալստյանի խոսքով. «Մենք առաջարկում ենք ընտանեկան բռնության դեպքերի մեջ օրենքով ներառել զուգընկերների միջեւ տեղի ունեցած բռնության դեպքերը: Սա հնարավորություն  կտա այս դաշտում եւս իրավական պաշտպանվածության իրավական մեխանիզմներ տալ»:
Կանանց աջակցման կենտրոնի փաստաբան Ամալյա Ավագյանի խոսքով, անկախ այն բանից երկրում իրավիճակ է փոխվել, դատական համակարգն ընդհանրապես չի փոխվել՝ ինչպես որ եղել է՝ այնպես էլ մնում է. «Ե՜վ դատարաններում ե՜ւ քննչական մարմիններում պաշտպանում են միայն տղամարդկանց շահերը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031