Մարտի 1-ի քրեական գործով ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպանները դատարանին ներկայացրել են միջնորդություն այն մասին, թե ըստ իրենց դիրքորոշման՝ ո՞ր անձինք պետք է հրավիրվեն դատարան՝ վկայի կարգավիճակում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Քոչարյանի շահերի պաշտպաններից Հայկ Ալումյանը: Հիշեցնենք, որ այսօր Մարտի մեկի գործով առաջին նախնական դատական նիստն էր, որ ընթացքում նախ պետք է ներկայացվեր Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդություն, սակայն պաշտպաններն ինքնաբացարկ հայտնեցին դատավոր Դավիթ Գրիգորյանին: Որոշումը կհրապարակվի մայիսի 14-ին:
Հայկ Ալումյանը նշեց, որ իրենց առաջադրած վկաների ցուցակում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանի անունը չկա. «Մեղադրող կողմն էլ իր հերթին է վկաների ցուցակ առաջադրել՝ 800 եւ ավելի հոգուց բաղկացած: Մեր ցուցակը մոտ 10 հոգանոց է»: Հարցին՝ «Սերժ Սարգսյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը» ձե՞ր ցուցակում են», Հայկ Ալումյանը պատասխանեց. «Իրենց: Մեր ցուցակը վերաբերում է այդ թվում ՍԴ դատավորներին: Ցուցակում կան Գագիկ Հարությունյանը, Սամվել Մայրապետյանը, Միքայել Հարությունյանը: Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքում կա դրույթ, համաձայն որի՝ ճնշում է գործադրվել Սահմանադրական դատարանի դատավորների վրա, բայց՝ առանց մասնավորեցնելու: Հասկանալի չէ, թե մեղադրանքի կողմն ինչու է առանձնացնել երկու դատավորի եւ նախաքննության փուլում հարցաքննել միայն նրանց: Ի դեպ, երկուսն էլ ժխտել են իրենց հանդեպ ճնշումը: Մենք ցանկանում ենք վկայի կարգավիճակով հրավիրել նաեւ մյուս դատավորներին, որպեսզի հասկանանք, թե այդ ինչ ճնշման մասին էր խոսքը»:
Հայկ Ալումյանը նաեւ տեղեկացրեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրենց առաջադրած վկաների ցուցակում չկա. «Եթե որոշենք, որ ինչ-ինչ տվյալներ դատարանը պետք է լսի պարոն Փաշինյանից, ապա կմիջնորդենք, որ նա եւս դատակոչվի որպես վկա»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև