ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանն ամսի 10-ին տեղի ունեցած կառավարության նիստում առաջարկել էր 3-5 տարի ժամկետով արգելել որսը Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի կենդանիների պոպուլյացիան վերականգնվի։ Նա առաջարկել էր նաև ժամանակավորապես արգելել որսորդական փամփուշտների ներմուծումը հանրապետություն։ ԱԱԾ ղեկավարը նշել էր նաև, որ նախկինում լինելով ակտիվ որսորդ՝ արդեն 6-7 տարի է չի գնում որսի։
«Գնում են և անկանոն որս են անում, հատկապես գյուղական վայրերում, անտառների կողքը բնակվող ցանկացած սեզոնի, ցանկացած ժամանակ, ու դա վերահսկելը շատ դժվար է»,- ասել էր Արթուր Վանեցյանը։
Նիկոլ Փաշինյանը, թեև գաղափարը ճիշտ ու լավն էր համարել, սակայն նշել էր, որ շատ լուրջ պետք է ուսումնասիրել, բազմակողմանի նայել խնդրին։ «Կան կենդանատեսակներ, որոնց պոպուլյացիայի հետ կապված խնդիրներ չունենք, եկեք մասնագիտական ուսումնասիրություն անենք»,-ասել էր վարչապետը։
Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ որսորդների միության անդամ Գևորգ Աբրահամյանն ասաց․
Կարդացեք նաև
«Վարչապետ Փաշինյանն ավելի ճիշտ է ասել, քան Վանեցյանը՝ որպես որսորդ։ Եթե պարոն Վանեցյանի խոսքը վերաբերում է չորքոտանիներին՝ վայրի խոզին, քարայծներին, նապաստակներին, ուրեմն արդարացված է։ Բայց կան կենդանիներ, օրինակ՝ մեզ մոտ՝ Շիրակի մարզում բադի ու սագի տեսակներ կան, որոնք ասենք չափից դուրս շատ են, որոնց որսն էլ, ի դեպ, շատ դժվար է։
Իսկ որոշ կենդանատեսակների վերացումը կապված չէ նրա հետ, թե հանրապետությունում մեծ թվով որսորդներ կան, որոնք ասենք խփել, վերացրել են կենդանիներին։ Ո՛չ, դրա հետ կապ չունի, կապ ունի բնակլիմայական փոփոխությունների, շոգ եղանակների հետ, սակավաջրության, նաև կեր չլինելու հետ։
Մենակ որսորդների մեղքով չէ, տարածքներ կան, որտեղ որսորդները չեն էլ հասնում, բայց ասենք այդտեղ գայլերի շատ լինելը իր բացասական ազդեցություն է թողել որոշ կենդանիների պոպուլյացիայի վրա, որովհետև գայլերն անխնա խժռում են մյուս կենդանիներին։ Առիթ եղել է, տեսել եմ, վայրի խոզին հոշոտել էին գայլերը, արուները միգուցե ավելի ճարպիկ լինեն, փախչեն, իսկ էգերը, որոնք հղի վիճակում են, չեն կարողացել փախչել։ Վայրի խոզից մնացել էր իր գլխի հատվածը, ոսկորները, որից էլ հասկացանք, որ վայրի խոզ է, մուշտակից էլ պարզ դարձավ, որ էգ է։
Եվ հետո մի բան․ որպես որսորդ ասեմ՝ միշտ թույլին ես խփում, թույլը կարող է և ծերացած է, հիվանդություն ունի, ակտիվ ու աշխույժ կենդանուն շատ դժվարությամբ ես խփում։
Իսկ փամփուշտի վաճառքը հանրապետության մասշտաբով արգելելով՝ կարծում եմ մի երկու հոգու բիզնեսի են կպնում։
Մի բան էլ հավելեմ․ պարոն Վանեցյանի խոսքն ավելի շատ է վերաբերում է Տավուշի, Լոռու, Սյունիքի մարզերին, Վայոց Ձորին, որտեղ որսի առումով լավ տարածքներ են՝ արջից սկսած վարազով վերջացրած կա, ու յուրաքանչյուր երկրորդը որսորդ է։
Շիրակի մարզում թռչնատեսակներից կան կաքավներ, տատրակներ, ջրային ավազաներում էլ վայրի բադեր, սագեր։ Խոսքը լեռնային մարզերի մասին կլինի, որտեղ անտառաշերտը շատ է, թե չէ Շիրակի մարզում ինչպես որ ժողովուրդն է ամեն ինչով աղքատ, այնպես էլ որսատեսակներով է աղքատ»,- ասաց մեր զրուցակիցը։
Ըստ Գևորգ Աբրահամյանի, կարելի է վերցնել զարգացած երկրների փորձը, որտեղ որսորդական պարագաների վաճառքից, նույնիսկ որսորդներին տրամադրված լիցենզիայի գումարներից որոշակի տոկոս հատկացվում է հատուկ ծառայություններին, որոնք զբաղվում են կենդանիների բազմացմամբ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ