«Նիստին ներկա էին Մանվել Գրիգորյանն ու Նազիկ Ամիրյանը: Մանվել Գրիգորյանի շաքարը շատ բարձր էր՝ 27. 8, ներկա էր շտապօգնության մեքենան, բժիշկը: Ժամանակ առ ժամանակ Մանվել Գրիգորյանը թթվածին էր ստանում, նիստը երկու անգամ ընդհատվեց»,- Aravot.am-ի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստի մասին մանրամասներ հաղորդեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:
Նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյան) այսօր շարունակվեց ԵԿՄ վարչության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։
Դատավարության տեսալուսանկարահանումն արգելվեց: Արսեն Մկրտչյանը հայտնեց, որ նիստի ընթացքում հրապարակվեց դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը, ամբաստանյալները հայտնեցին իրենց դիրքորոշումը, որ մեղավոր չեն ճանաչում իրենց: Մանվել Գրիգորյանն ու Նազիկ Ամիրյանը մեղադրանքի հետ համաձայն չեն: Արսեն Մկրտչյանը նիստի ընթացքում հայտարարեց, որ նախաքննության ընթացքում որակյալ հսկողություն չի եղել նախաքննության ընթացքում դատախազի կողմից:
Այսօրվա դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 4-ին՝ ժամը 12.00-ին: Արսեն Մկրտչյանի տեղեկացմամբ՝ այս գործով նիստ տեղի կունենա յուրաքանչյուր երեքշաբթի: Պաշտպանը հուսով է, որ նորմալ գրաֆիկով դատարանում աշխատելու են:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ